Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրանց պատկերեցի տրանսպորտում. բոլոր աշակերտները նայում են Հիսուսին». Երիտասարդ նկարչուհին սիրում է պատկերել նաեւ բնություն

Դեկտեմբեր 09,2012 21:57

«Մրցակցությունը օգնում է ինձ ավելի շատ, քան խանգարում: Դրա միջոցով կարողանում եմ հասնել ավելիին»,- ասում է 18-ամյա նկարչուհի Լիլիթ Ղազարյանը: Նկարչությամբ սկսել է զբաղվել դպրոցական տարիներից, երբ դեռ ընդամենը 8 տարեկան էր: Սկզբում զբաղվում էր ընթերցանությամբ, այնուհետև պատկերում իր կարդացած հեքիաթների հերոսներին: Տեսնելով, որ արվեստի հանդեպ իր սերն օրեցօր աճում է` ծնողներին խնդրում է իրեն տանել դասընթացների: Վերջիններս սիրով համաձայնվում են, և աղջիկը 3 տարի շարունակ հաճախում է նկարչության: «Ցավոք, ուսումս խանգարում էր դասերիս: Եվ ես ստիպված էի թողնել դասընթացը»,-պատմում է Լիլիթը: Ընդմիջումը տևում է 4 տարի: Այս ընթացքում, սակայն, չի դադարում ստեղծագործել, քանի որ չի ցանկանում խեղդել իր հոգու էմոցիաները: «Տաղանդը մարդուն ի վերուստ տված շնորհ է, որը բխում է հոգուց, չնայած ասում են, որ պապիկիս եմ քաշել, նա ևս նկարիչ է եղել»,-ասում է Լիլիթը:

Այժմ սովորում է Հակոբ Կոջոյանի թիվ 15 դպրոցում: Այստեղ ուսումնասիրում է նկարչություն, լուսանկարչություն, համակարգչային դիզայն, ինչպես նաև` դիցաբանություն: Երազում է դառնալ նաև մուլտիպլիկատոր: «Կփորձեմ մուլտֆիլմերի միջոցով առասպելները ներկայացնել հասարակությանը: Կարելի է բռնություններ, արյուն ցուցադրող տեսարանների փոխարեն մատուցել հետաքրքիր, դաստիարակչական ու արժեքավոր բաներ»:

Իր առաջին խորհրդատուն ու քննադատը և կարելի է ասել նաև ուղեցույցը ուսուցիչն է ՝արվեստագետ, նկարիչ Արա Հովսեփյանը: Լիլիթը խոստովանում է ՝ առաջին հանդիպման ժամանակ վերջինս թողել է շատ խիստ մարդու տպավորություն. «Հիշում եմ՝ առաջին անգամ նա հանձնարարեց արտանկարել որևէ քանդակ, իսկ ես գաղափար չունեի, թե ինչպես է արվում դա: Եթե անկեղծ լինեմ՝ մի քիչ թերագնահատեցի նրան, սակայն հետագայում հասկացա, որ նա շատ ճիշտ էր»: Որևէ նկար կերտելիս Լիլիթը առաջին հերթին մտածում է, թե դա ինչպես կպատկերեր իր ուսուցիչը կամ ինչ կարծիք կկազմեր կտավի շուրջ: Հիասթափությունների հանդիպել է այս ոլորտում, մանավանդ այն ժամանակ, երբ նկատել է, որ սակայն ինչպես ինքն է ասում, իր աշխատասիրության շնորհիվ հաղթահարել է դրանք.«Իմ կարծիքով, եթե մարդը իր առջև նպատակ է դնում, պետք է հասնի դրան և ոչ թե կիսատ թողնի՝անկախ նրանից հիասթափություններ կունենա թե ոչ»:
Իր կերտած կտավներից առանձնացնոմ է մեկը, որտեղ պատկերել է Գատտամելատայի արձանը: Իսկ առհասարակ սիրում է պատկերել բնություն: «Ազատությունը հենց այստեղ է ՝հատկապես կենդանական աշխարհում: Սիրում եմ նաև ծովի խորությունը»,- խոստովանում է նա: Լիլիթի հոգուն հարազատ են Միքելանջոյի, Լեոնարդո դա Վինչիի, Բոտիչելիի և այլոց կտավները:
Աղջիկը մանուկ հասակում պատկերել է Աստծուն: Իսկ դպրոցական հանձնարարությունների շրջանակներում պատկերել է նաև Հիսուս Քրիստոսին ու 12 առաքյալներին: «Մեզ հանձնարաված էր նրանց պատկերել այն միջավայրում, որը չէր համապատասխանի իրենց ապրած ժամանակաշրջանին և որտեղ բացառվում էր, որ նրանք լինեին: Ես նրանց պատկերեցի տրանսպորտում. բոլոր աշակերտները նայում են Հիսուսին, իսկ Հուդան՝ դեպի դուրս»,-պատմում է նկարչուհին: Կերտում է նաև դիմանկարներ: Հիշում է՝ ընկերուհու ծննդյա օրվա կապակցությամբ շուրջ մեկ ամիս պատրաստել է նրա դիմանկարը՝ առանց նրա գիտության. «Ինձ համար գաղտնիք պահելը շատ դժվար ա, բայց ես կարողացա զսպել ինձ ու չասել անակնկալի մասին: Պատրաստեցի դիմանկար՝ արտատպելով նրա լուսանկարը: Հիշում եմ՝ օրն անձրևոտ էր, և ես չկարողացա գնալ ու շրջանակներ գնել, ստիպված ինքս պատրաստեցի: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա հավանեց նվերս: Այժմ նկարը նրանց տանը պատվավոր տեղում է»,-պատմում է Լիլիթը: Դիմանկարներ կերտում է ինչպես արտատպումների, այնպես էլ իրական շփման միջոցով, եթե իհարկե տվյալ անձը համաձայն է որոշ ժամանակ «անշարժանալ»: «Չեմ սիրում մարդկանց ստիպել ժամերով անշարժ ու լուռ մնալ, սակայն եթե նա դեմ չէ, չեմ հրաժարվում նկարել»,-ասում է նա: Անձնական ցուցահանդես դեռևս չի ունեցել. «Նախ ինձ այդքան էլ կայացած չեմ համարում: Կարծում եմ՝ ավելի լավ է շատ աշխատեմ ու մի քիչ շատ սպասեմ, սակայն հետո ունենամ այնպիսի արդյունք, որին սպասում էի»: Այնուամենայնիվ ընտանիքը հպարտանում է Լիլիթով: Քույրը՝Գոհար Ղազարյանն ասում է.«Ես գնահատում ու հպարտանում եմ նրանով, քանի որ այդպիսի աշխատանքներ, ինչպիսին քույրս է անում, ոչ բոլորն են կարողանում»:

Աղջիկը ոսկե ձեռքեր ունի: Պատրաստում է նաև կոմպոզիցիաներ: Հիշում է՝ մի անգամ պատահմամբ կոտրում է իր քույրիկի գրասեղանի դարակները և, որպես փոխհատուցում, եղբոր հետ պատրաստում է գարդոնե դարակներ: «Սկզբում կասկածում էի դրանց ամրությանը, բայց արդեն 3 տարի է, ինչ գործածում ենք»,-ասում է աղջիկը: Իր աշխատանքներն առհասարակ չի վաճառում, սակայն եթե ինչ-որ մեկը ցանկանում է, ապա սիրով նվիրում է: Այ ամենը, ինչ չի կարողանում անել ձեռքի աշխատանքով, իրականացնում է նկարչության միջոցով: «Շատ էի ցանկանում հագուստներ կարել, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում, իսկ ահա պատկերները թույլ են տալիս ազատություն տալ երևակայությանդ: Թեպետ կարծում եմ, որ ամեն ինչ ժամանակի խնդիր է»:

Լիլիթը ցանկանում է կրթությունը շարունակել Ճարտարապետական համալսարանում: Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, կկայանա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Լիլիթի ստեղծագործությունները ևս ներգրաված են ցուցահանդեսում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31