«Հետաքրքիր մի բան կա: Երբ դա տեղայնական է, միգուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց երբ որ նայում ենք անցյալին, նրանք էլ իրենց դերն են կատարել: Եկեք ըտենց չասենք, ամեն ինչ իր ժամանակին եւ իր տեղում է ճիշտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը այսպես հակադարձեց ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնած այն մտքին, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմին եւ մեծամասնական պատգամավորները, փաստորեն, ֆեոդալներ են: Նրա խոսքերով՝ «Եթե վերցնենք, թե տարիներ առաջ ինչ է եղել, հիմա ինչ է, գուցե ընդունելի չլինի, բայց դա ժամանակի պահանջ է: Ես չգիտեմ, պարոն Քոչարյանին հարցրեք դրա մասին, ես իր ասածները չեմ մեկնաբանում: Դա իմ կարծիքն է»:
Արագած Ախոյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն ոչ մի կապ, ոչ մի աղերս չունի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ իր ասածները հաստատելու համար տեղեկացրեց. «Ես չեմ տեսել եւ չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանն այս բանն է ասել, ուրեմն սա պետք է էս ձեւ արվի, երբեւիցե նման բան չի եղել»: Մեր դիտարկմանը՝ միգուցե ձեզ չի ասել, բայց ում որ պետք է եղել՝ դա ասվել է ոչ այդպես բացահայտ՝ Արագած Ախոյանը պատասխանեց, որ ինքը Քոչարյանի ազդեցությունը ԲՀԿ-ի վրա համենայնդեպս չի զգացել. «Մենք գտնում ենք, որ մեր կուսակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է եւ դրանով սահմանափակվում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ