Դուք նկարիչ էիք, որը դարձել է բիզնեսմեն ու պատգամավոր: Երեխաներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ նկարի՞չ դառնան, թե՞ բիզնեսմեն: Այս հարցին ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց. «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Ես իմ օրինակից խոսեմ: Դուք գիտեք, որ արվեստը զոհեր է պահանջում: Արվեստով զբաղվող մարդն ավելի ռիսկով է, քան բիզնեսով զբաղվողը, որովհետեւ կարող է ամբողջ կյանքդ նվիրես արվեստին, վերջում հասկանաս, որ դու ընդամենը շարքային արվեստագետ ես:
Երբ հետ ես նայում, տեսնում ես՝ կյանքդ անցավ: Երբ ես նոր էի ավարտել Թերլեմեզյանը, որոշեցի, որ ավելի լավ է շարքային չլինել, լինել հաջողված շինարար կամ բիզնեսմեն: Իսկ իմացեք՝ արցունքը մաքրում է մարդու աչքերը, իսկ արվեստը՝ հոգին: Մեզ հայտնի բոլոր արվեստներից բացի գոյություն ունի նաեւ ապրելու արվեստը, դրա մասին էլ չպետք է մոռանալ: Հոգեբանորեն ես ինքս ստեղծող եմ, ես 9-րդ դասարանից աշխատել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ