Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

Դեկտեմբեր 09,2012 19:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Մեր տեղեկություններով, նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։

Այն, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ըստ էության, չհերքեց նաեւ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան  նա ասաց, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ փոխանցեց, թե պաշտոնական որեւէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։

Նկատենք, որ շաբաթ օրը երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպումը ուշագրավ է հատկապես այն առումով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին պետք է հայտարարի՝ ի վերջո, առաջադրո՞ւմ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։

Կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում չի շրջանցվել նաեւ ԲՀԿ բրյուսելյան հաղորդագրության մեջ տեղ գտած Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Ըստ այդ հաղորդագրության, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»:

Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն իր ամփոփիչ հաղորդագրության մեջ այլ ձեւակերպում է տվել Հայաստանում կոռուպցիայի խնդրին։ – «Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների եւ արդյունավետության վերաբերյալ», – ասված է ԲՀԿ հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանից բացի նախագահ Սերժ Սարգսյանին են հանդիպել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը, «կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ»:

«Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները», – ասված է ՀՅԴ պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31