Մի քանի օր է`Aravot.am-ը բողոքներ է ստանում առ այն, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթով վռնդում է վարդանիկական կադրերին: Որևէ առիթ փնտրելով` Գյումրու նորընտիր քաղաքապետը, ազատվում է այն մասնագետներից, ովքեր չհեռանալով Վարդան Ղուկասյանի հետ, որպես համայնքային ծառայողներ, որոշել էին շարունակել իրենց աշխատանքը նորընտիր ղեկավարության հետ: Բողոքավորների ասելով, մասնագետներին ազատում են օրինակ` հետևյալ պատճառաբանությամբ . «Դու Վարդան Ղուկասյանի դասարանի աղջիկն ես, ուրեմն Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցում տեղ չունես»:
Ու այսպես ազատվել են որոշ բաժինների գլխավոր մասնագետներից, նույնիսկ վարդանիկական պահակներից: Aravot.am-ին հղված բողոքներին ու Սամվել Բալասանյանի կադրային քաղաքականությանը մենք մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկայում` իհարկե պարզաբանում պահանջելով Գյումրու նորընտիր քաղաքագլխից: Սակայն անկարող ենք չարձանագրել, որ Վարդան Ղուկասյանը հերթով աշխատանքի է տեղավորում իր ազատված թիմակիցներին` նրանց սոված չթողնելով: Վերջինս, մեծ բիզնեսներ ունենալով Գյումրիում, փայաբաժին է հանում իրեն ժամանակին հավատարիմ ծառայածներին: Օրինակ ` ըստ նրա թիմակիցների, նախկին քաղաքապետը «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահից փայաբաժին է տալիս իր կին կադրերից մեկին, լավ է նայում նաև կոմունիստ փոխքաղաքապետին, աշխատակազմի նախկին ղեկավարին, իսկ ընդհանուր բաժնի նախկին պետ Արմենուհի Բաղդասարյանին, ով մասնագիտությամբ մանկավարժ է, տեղավորել է Ախուրյանի դպրոցներից մեկում աշխատանքի: Մի խոսքով, Ղուկասյանը, խոստացել է ընդարձակել իր բիզնեսը ու իր թիմին հավաքել իրար գլխի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ