Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին խոստանում են զրկել ընտրակաշառքից

Դեկտեմբեր 09,2012 17:09

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի  կրթության վարչության պետ   Սահակ Մինասյանին հարցրեց`  անցած կիրակի Գյումրիում ու Ախուրյանի գյուղերում  տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները արդյո՞ք փորձություն չէին  իր համար` որպես Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի կուսակցության նորընտիր ղեկավարի: Մենք պարոն Մինասյանին  հիշեցրեցինք , որ իր նախորդին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատժեցին ու հեռացրեցին  թե՛ քաղաքապետի , և  թե՛ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից այն պատճառով, որ վերջինս նորմալ չսատարեց Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջը` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանին: Վերջինս էլ, ԱԺ հերթական ընտրություններում պարտվելով գյումրեցի ԲՀԿ-ական  պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, նորից իր թեկնածությունը առաջադրեց Աժ լրացուցիչ ընտրություններում  ու  դեկտեմբերի  2-ին հաղթեց Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանին:

«Ասեմ, որ ես քաղաքականության մեջ հնաբնակ չեմ, բայց նոր մարդ էլ չեմ, և կարծում եմ , որ թե իմ կուսակցական ընկերների համար և թե հանրության, հասարակության  համար ես փորձությունները  վաղուց անցել եմ: Բայց որ այս ընտրություններում մոտեցումը յուրովի էր, փորձ արվեց և հաջող փորձ արվեց քաղաքական նոր մշակույթ ձևավորել հատկապես մարզկենտրոնում, սա փաստ է», -ասաց պարոն Մինասյանը ` մեկ անգամ հպարտանալով, որ ԱԺ լրացուցիչ ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվել:

Մեր այն հարցին էլ, թե նոր մշակույթի ձևավորման շրջանակներում  ձեր կուսակցության անունից կխոստանա՞ք, որ առաջիկա  նախագահական ընտրություններում համատարած ընտրակաշառք չի բաժանվի, պարոն Մինասյանն  ասաց. «Եթե մենք կարողացել ենք Գյումրիում չծնված, Գյումրիում լավ համարում ունեցող  ներկայանալի թեկնածուին, որը Գյումրիում աշխատում, ստեղծագործում է  հիմա, առանց նեգատիվ երևույթների մեր քաղաքական ամբողջ էլիտայով սատարել և աջակցել, կարծում եմ հանրապետության նախագահին, շատ ավելի դյուրին կլինի, որովհետև մեր նախորդ զրույցի ժամանակ ես ասել եմ, որ մեր թեկնածուն քաղաքական դաշտում այսօր երևելի է , և մենք հարկ է որ` որպես կազմակերպիչներ, որպես կուսակցության մարզխորհրդի ղեկավար,  ուղղակի կարողանանք ճիշտ մոտենալ, ճիշտ ներկայացնել, ճիշտ մեկնաբանել նախագահի` մեր թեկնածուի անցած ճանապարհը: Ես չեմ կարծում, որ համեմատությունը  լավագույն միջոցն է , բացարձակ արժեքները, բացարձակ  արժեքների հավակնող  ձեռքբերումները կարելի է ներկայացնել առանց համեմատությունների,  և  ճիշտ մատուցենք մեր հանրությանը , մենք ընդհանրապես խնդիր չենք ունենա»,-պատասխանեց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ  2008 թվականի նախագահական ընտրությունները ընտրակաշառք բաժանելու առումով ամենաթափանցիկն էին. Գյումրիում ու առհասարակ ամբողջ Շիրակի մարզում   «գազելներով»  մարդիկ էին  տեղափոխում  ընտրատեղամաս ու վարորդը, ոստիկանների քթի տակ, բացարձակ չազդվելով նաև  լրագրողներից,   յուրաքանչյուր իջնող ուղևորի 5000 դրամանոց  էր տալիս, որպեսզի գնա ու  իր ձայնը տա իշխող կուսակցության թեկնածուին: Նույնիսկ  դեպքեր   արձանագրվեցին, երբ մարդկանց տարել էին «նիսյայով»  քվերակության, վերջիններս քվեարկել  ու հետ գալով միկրոավտուբուս` չէին իջնում, լեզվակռվի մեջ էին մտնում վարորդի հետ ու  պահաջում   իրենց գումարը:  Իսկ 5 տարին, բնականաբար,  քիչ ժամանակ է այս ամենը  ընտրողների հիշողությունից  ջնջելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31