«Առավոտը» հրապարակել է երկու արվեստագետների տեսակետ քաղաքում վերջին շրջանում տեղադրվող արձանների մասին:
Արվեստագետ Ստեփան Վերանյանն այդ արձանները «խայտառակ երեւույթ», անճաշակություն է անվանել: Իսկ արվեստագետ Սահակ Պողոսյանն էլ նշել է. «Արդեն զզվել եմ այդ արձաններից: Ուրախալի է, որ ժողովրդի զզվածության աստիճանը այնքան է բարձրացել, որ իր վերաբերմունքն է ցույց տալիս: Խոսքը ոչ միայն վերջին, այլեւ նախորդ ժամանակների դրված եւ այսօրվա այն արձանների մասին է, որոնք ոչ պրոֆեսիոնալ են, սարսափելի անճաշակ: Դրանք չեն ծառայում ոչ էսթետիկայի, ոչ էլ նույնիսկ էթիկայի կանոններին, ու ազդում են մի քիչ ճաշակ ունեցող քաղաքացու բարոյական նկարագրի վրա»: Քանդակագործը, իր իսկ բնութագրմամբ, բարբարոս բան է ասել. «Ես կողմ եմ, որ մարդիկ ջարդեն այդ արձանները, ու կուզենայի, որ ջարդելը լիներ վանդալիստական ակտ: Մարդը դեմ է ու ջարդում է»:
Մենք իհարկե սովոր ենք, որ մեր արձանները պետք է անպայման պատվանդանի վրա լինեն եւ ահարկու չափերի՝ Զուրաբ Ծերեթելիի սահմանած չափորոշիչների հանգույն:
Սովոր ենք արդեն, որ այդ հսկաներն անպայման պետք է ձիու վրա նստած լինեն, ոմանք նույնիսկ միաժամանակ երկու ձիերի: Պատկերացնո՞ւմ եք, Մհեր Մկրտչյանին կամ Տիգրան Պետրոսյանին էլ այդպես պատկերեին:
Կարդացեք նաև
Բայց թույլ տվեք իմ համեստ կարծիքն արտահայտել՝ ինձ դուր են գալիս այդ արձանները: Ինձ դուր է գալիս, որ նրանք մարդաբոյ են, ու այնպիսին, ինչպիսին եղել են կյանքում:
Ինձ դուր է գալիս, որ «Տղամարդիկ» ֆիլմի արձանախմբի հետ բոլորը գրկախառնված լուսանկարվում են, իսկ նարդի խաղացողի արձանի հետ՝ նարդի խաղում:
Այ, ինչն ինձ դուր չի գալիս՝ այդ նյութն է, որից վերջին շրջանում պատրաստվում, ծեփվում են այդ արձանները: Եվ այդ նյութի հետեւանքով է, որ ոչ այնքան թեթեւ հպումներից՝ դրանք անընդհատ կոտրվում են՝ առիթ տալով, որ մեր համաքաղաքացիների մասին տպավորություն ստեղծվի, թե նրանք արձաններ ջարդող վանդալներ, բարբարոսներ են:
Լուսանկարը՝ https://haygedzor.blogspot.com-ից