Գյումրու 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների փոխանցմամբ, նախկին քաղաքագլուխը մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ ճանապարհորդել Կանադա: Թե ինչո՞ւ է քաղաքապետը շուրջերկրյա ճամփորդություն ձեռնարկել, նրա շրջապատի մարդիկ զերծ են մնում մանրուքներ ասելուց` նշելով միայն, որ վերջինս այլևս ազատ մարդ է, ինչ ուզի կանի, ուր ուզի կգնա:
Սակայն ակնհայտ է, որ ՀՀ նախագահից վիրավորված` պարոն Ղուկասյանը իր բիզնեսը արտասահման տեղափոխելու համար հաջողակ երկրներ, գայթակղիչ միջավայր է փնտրում:Նա բնականաբար այլևս չի կարող Գյումրիում ունենալ այն նույն արտոնությունները, ինչ քաղաքապետ եղած տարիներին, արդեն իսկ Սամվել Բալասանյանը կասեցրել է նրա երկու օբյեկտների կառուցումը, դրանցից մեկը `Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի կողքի 5 հարկանի շենքն է, մյուսը` մարզպետարանի դիմացի գազալցակայանը: Ի դեպ, նույն մարդկանց ասելով, քաղաքապետի որդի Սպարտակն էլ բենզալցակայան է կառուցել Բաթումիում: Գյումրիում հնչեցրած կրակոցներից հետո, հետախուզման մեջ գտնվելով, Ղուկասյանի որդին անիմաստ չի անցկացրել իր ժամանակը: Հանգրվանելով Բաթումիի թանկարժեք «Շերատոն» հյուրանոցում` միաժամանակ հարևան երկրում բիզնես ծավալելու գործերով է զբաղվել:
Ղուկասյաններին ամենայն հավանականությամբ մտահոգում է այն, որ Հայաստանում հանկարծ կորոշեն իրենց կուլակաթափ անել, ու ապահովության համար նրանք իրենց կապիտալը կամաց-կամաց արտասահման են տեղափոխում: Նշենք, որ պարոն Ղուկասյանը այսօր արդեն իսկ պատրաստվում է վերադառնալ հայրենի քաղաք: Ի դեպ, երեկ` դեկտեմբերի 7-ին, մինչև նորընտիր քաղաքապետ Բալասանյանը իր շքախմբով ծաղկեպսակ կդներ զոհերի հիշատակին, Ղուկասյանի պատվիրակությունը` նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի եղբոր` Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ արդեն իսկ հարգել էր անմեղ նահատակներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ