2013 թվականի նախագահական ընտրությունները փետրվարի 18-ին են տեղի ունենալու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակեց փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, նախագահի թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը, իսկ գրանցման գործընթացը իրականացվելու է հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը:
Իսկ թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը մինչեւ փետրվարի 8-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն էլ կսկսվի փետրվարի 9-ից ու կտեւի մինչեւ փետրվարի 13-ը:
Կարդացեք նաև
Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ից ու կավարտվի փետրվարի 16-ին:
Պարոն Մուկուչյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հայտարարեն մինչեւ դեկտեմբերի 18-ը:
Իսկ արտաքին գովազդային վահանակներ տնօրինող կառույցները թեկնածուներին գովազդային վահանակի գտնվելու վայրի, մակերեսի, քանակի եւ վարձավճարների մասին տեղեկատվություն պետք է տրամադրեն մինչեւ դեկտեմբերի 29-ը:
Էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակն էլ արտաքին գործերի նախարարությունն ու իրավաբանական անձանց ղեկավարները ԿԸՀ-ին պետք է տրամադրեն մինչեւ դեկտեմբերի 30-ը:
Տեղամասային հանձնաժողովների նիստերը կհրավիրվեն հունվարի 27-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ