Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15.00-ին գումարվելիք արտահերթ նիստում կհաստատի Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ժամանակացույցը կազմվում է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հիման վրա: Ըստ այդմ, մասնավորապես, Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ը: Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:
Սա նշանակում է, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը: Գրանցումը կկատարվի հունվարի 4-ից մինչև հունվարի 14-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Հանրապետության նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով: Ընտրական գրավի չափը 8 մլն. դրամ է:
Հանրապետության նախագահի թեկնածուն իրավունք ունի հանելու իր թեկնածությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ը, դիմում ներկայացնելու դեպքում: Ինքնաբացարկի դեպքում ԿԸՀ-ն թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը:
ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփում է համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում դրանք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումներն ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Քվեարկության արդյունքներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այս դեպքում ընտրվում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: