Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Դեկտեմբեր 08,2012 14:07

 «Կյանքում շատ էր շտապում»

Արշակը՝ կրտսեր եղբայրների հետ:

 

Արշակի ծնողները:

Արշակ Ներսիսյանը, կես տարի չկար, ինչ ամուսնացել էր: Աղջկան փախցրել էր: Արշակի մայրը՝ Սվետլանան, ասում է, թե տղան վախենում էր, որ սիրած աղջկան իրենից շուտ ուրիշը կտաներ. «2011-ի դեկտեմբերի 8-ին զանգեց հարեւանի տուն, թե գնացեք մամայիս, պապայիս ասեք, որ աղջիկ եմ փախցրել, թող գնան Ներքին Կարմիր: Վեր կացանք, գնացինք, բայց աղջկա հերը տանը չէր: Մերն ասեց, թե ոստիկանություն է դիմել: Հերը հետո եկավ եւ ասեց, որ գտնենք երեխեքին, բայց երեք օր ամբողջ շրջանի ոստիկանությունը չկարողացավ գտնել: Հետո երեխեքը եկան, գնացինք բարիշեցինք, դեկտեմբերի 28-ին էլ հարսանիք արեցինք: Անունն էլ չեմ իմացել այդ աղջկա: Արշակին հարցրեցի, ասեց՝ մամ ջան, Արմինե ա, որ ես իրան սիրել եմ, դու էլ կսիրես, ու տենց մտել ա սիրտս»:

Արշակը ծնվել է 1991թ. հունվարի 9-ին՝ Բերդ քաղաքում, ղարաբաղյան թեժ կռիվների ժամանակ: Նա ընտանիքի ավագ զավակն էր, երեք եղբայր ուներ։ «Արշակն իր երեք եղբայրներից տարբերվում էր դեռ փոքրուց: Ութ ամսականում արդեն խոսում էր, հինգ տարեկանից փոքր եղբոր հետ տանում էին կովերին արածեցնելու։ Առհասարակ, շատ էր շտապում կյանքում, եթե մի գործ պետք է աներ, սիրտը պայթում էր, պիտի արագ աներ վերջացներ. եթե մի հեկտար հող պիտի վարեր, 10 րոպեում կկազմակերպեր, ընկերների հետ կանեին: Կյանքը եռում էր Արշակիս մեջ, ժամերով կպարեր՝ չէր հոգնի»,- արցունքն աչքերին որդու մասին պատմում է Արշակի հայրը՝ 51-ամյա Վոլոդյան:

Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հայրը տղային շատ էր պատմում այդ տարիների մասին, քանի որ Արշակն անընդհատ հարցեր էր տալիս հոր զոհված ընկերների, տարբեր դեպքերի, դրվագների մանրամասների մասին:

Արշակը յոթ տարեկանից հաճախել է Բերդի թիվ 2 դպրոցը, իսկ 10-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է ավտոդպրոցում:

«Դպրոցում իրան դասատուները շատ էին սիրում, մինչեւ հինգերորդ դասարանը 4, 5 էր ստանում, բայց հետո էլ չէր սովորում: Ճիշտ ա, շատ չար էր, շատ աշխույժ, բայց շատ ջիգյարով էր։ Փոքր էր, երեւի առաջին դասարան, դպրոց գնալուց փող էի տալիս, հավաքել էր, մեկ էլ մարտի 8-ին տեսնեմ մեխակներ առած՝ վազելով եկավ: Շատ էր սիրում ծաղիկներ: Գնում էր սարերը, մեկ էլ տեսնում էի՝ փնջեր կապած գալիս ա»,- ասում է Արշակի մայրն ու ցույց տալիս որդու նվիրած վերջին ծաղկեփունջը, որը, թեկուզեւ չորացած վիճակում, բայց դեռեւս պահում է:

2009թ. Արշակը զորակոչվում է զինվորական ծառայության: 2011թ. պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշում է անցնել պայմանագրային ծառայության, որ կարողանա ընտանիքի հոգսը թեթեւացնել: Ծառայությունից ազատ օրերին աշխատում էր նաեւ փայտամշակման գործարանում:

«Բանկի քարտն ինձ էր տալիս, ասում էր. դու ավելի լավ գիտես, թե տան համար ինչ ա պետք: Բայց շրջապատում էլ էր ծախսում, շրջապատում շատ հարգանքով էր, գող, խուլիգան չէր, թասիբով էր, մեծ ընկերություն ուներ… Մեր շրջանի 16 գյուղից եկել էին թաղմանը,- պատմում է մայրը՝ ավելացնելով,- հիմա միայն անունն ա մնացել որպես քաղցր հուշ, նկարը: Նկարն իր սիրելի սրբապատկերի մոտ ենք պահում…»:

Արշակն իր տեղը միայն Հայաստանում էր տեսնում, թեեւ Ռուսաստանում բարեկամներ ունեին եւ առաջարկում էին գնալ այնտեղ աշխատելու, բայց դրա մասին չէր ուզում մտածել եւ ասում էր, որ իր տանն է ուզում ապրել, որ պետք է ինքն ու իր եղբայրները ծառայեն բանակում: Սպասում էր, որ փոքր եղբայրն էլ բանակից գա եւ միասին աշխատեն:

Արշակի երեք եղբայրներից ամենափոքրն ինը տարեկան էր, երբ դպրոցում ասացին, որ եղբորը սպանել են: Նա չէր հավատացել եւ ասել էր, որ Արշակն «ամենաուժեղն ա, նրան սպանել չեն կարող»:

Արշակի մայրը խորը ցավով ասում է, որ ոչ մի մոր չի ցանկանա երեխային գերեզման ճանապարհել. «Նրանք էլ են իրենց երեխաների վրա լաց լինում, ազգությունը կապ չունի, ծնողը մնում ա ծնող»:

Արշակի ծնողները թախիծով, բայց նաեւ հպարտությամբ նշում են, որ այս տարի առաջին անգամ Արշակի՝ տարիներ առաջ տնկած սերկեւիլի ծառը երկար սպասված բերքը տվեց ու հայրենի տան բակը լցրեց սերկեւիլի անուշ բույրով:

Արշակ Ներսիսյանը մեկն է այն երեք երիտասարդներից, ովքեր զոհվեցին 2012թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի սահմանին՝ ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 21 տարեկան էր։

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Լուսանկարները՝

ԿԱՐԻՆԵ ԻՈՆԵՍՅԱՆԻ

Ակնարկը պատրաստվել է

բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31