Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակ սեռանկարագրությունն ընդդեմ կեղծ ամոթխածության

Դեկտեմբեր 08,2012 13:59

Կամ՝ «Արգելված գրքեր» մատենաշարի շնորհանդեսը

Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում տեղի ունեցավ «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» եւ այդ մատենաշարով լուս տեսած առաջին գրքի՝ ամերիկացի մեծանուն գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը» սկանդալային վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

«Առավոտի» խնդրանքին՝ սեղմ ներկայացնել գիրքը, թարգմանության հեղինակ Զավեն Բոյաջյանը հայտնեց. «Ժամանակակից գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս ինքնակենսագրական վեպը, որ պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով, 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում: Միայն դատարանի պատմական վճիռը, որ փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝ ազատության նոր դարագլուխ բացելով գրականության մեջ, թույլ տվեց հրապարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը՝ երբեւէ գրված թերեւս ամենաանկեղծ գիրքը»:

Շնորհանդեսին «Արգելված գրքեր» մատենաշարից ներկայացված էին նաեւ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը:

Հարցին, թե ինչո՞ւ այս երկու գրքերի նորամուտն էլ չի նշվում, մանավանդ դրանք արդեն վաճառքում են, «Անտարես մեդիա» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միլերի «Խեցգետնի արեւադարձն» արդեն ծանոթ է մեր ընթերցողին, իսկ Շաֆաքի եւ Օրուելի գրքերը նոր-նոր են ծնվել: Սա պարզապես աչքալուսանք է: Ինչպես երեխայի 40 օրը դեռ չի լրացել, այս գրքերի պարագայում էլ այդպես է: Էլ չեմ ասում, որ գուցե սպասենք մինչեւ ատամհատիկ: Կարճ ասած՝ այսկերպ որոշում ենք գրքի պահանջարկը, հետո միայն շնորհանդեսի հրավիրում»:

Ժամանակակից հայ գրականության մեջ վերջին շրջանում Էրոսը ներկայանում է իր ողջ էությամբ ու ազատությամբ, այսպես տարիներ շարունակ ձեւավորված բարդույթներին յուրովի պատասխան տալով:

Օրինակ, Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք», Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ», Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունների վերջին ժողովածուում եւ այլ գրքերում կեղծ ամոթխածությունն ու գավառականությունն իր տեղը զիջել է համարձակ սեռանկարագրությանը, անգամ առաջ անցնելով շատերի համար չափազանց «բաց» համարվող Վիոլետ Գեւորգյանի պոեզիայից:

Օրերս էլ ընթերցողին հրամցվեց Մերուժանի բանաստեղծությունների հերթական ժողովածուն՝ «Անփույթ տողեր» վերնագրով, որի երկրորդ մասը «Կնամեծար երգեր» էրոտիկ կոչված բանաստեղծությունների բույլն է: Այն պատկերավոր ներկայացնում է կնոջ ոգեղեն ու ֆիզիկական ներգոյությունը՝ վերջինիս բարեմասնությունների ազատ ու անկաշկանդ նկարագրությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31