Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականը կմեկտեղի աստղագիտության հզորներին

Դեկտեմբեր 08,2012 13:54

Չնայած ենթակառուցվածքների առումով խղճալի վիճակում է

2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում կկայանա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հերթական գիտաժողովը: Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ամեն տարի մի քանի նման գիտաժողով է անցկացվում եւ դրանք ամենահեղինակավոր միջոցառումներն են աստղագիտության աշխարհում: «Միջազգային աստղագիտական միությունն է որոշում, թե գիտաժողովը որ երկրներում լինի: Այս անգամ եւս Հայաստանում հավաքվելու են բնագավառի լավագույն մասնագետները: Սա ակտիվ գալակտիկական միջուկների որոնումներին եւ ուսումնասիրություններին նվիրված գիտաժողով է: Միջազգային ներկայացուցչական կազմկոմիտեն, բաղկացած 18 հոգուց, արդեն ձեւավորվել է: Դրանց թվում են մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իռլանդիայից, Ավստրալիայից, Արգենտինայից եւ Հայաստանից: Ընդ որում՝ 3-ը հայազգի են՝ Ֆելիքս Ահարոնյանը՝ Իռլանդիայից եւ Երվանդ Թերզյանը՝ ԱՄՆ-ից եւ ես՝ ինքս, որ նաեւ կազմկոմիտեի անդամ եմ եւ համանախագահներից մեկը»,- նշեց պարոն Միքայելյանը: Նա տեղեկացրեց, որ զեկուցողներից 38-ը հաստատել է մասնակցությունը, ընդհանուր առմամբ սպասվում է շուրջ 200 մասնակից՝ 25-30 երկրից:

Միջոցառումը նվիրվում է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին, որը Վիկտոր Համբարձումյանից հետո երկրորդ նշանավոր աստղագետն է: Նա ժամանակին իրականացրել է որոնողական աշխատանք՝ շրջահայություն եւ հայտնաբերել 1500 գալակտիկա: Դրանք մինչեւ հիմա էլ կոչվում են Մարգարյանի գալակտիկաներ եւ, Արեգ Միքայելյանի խոսքով, կարեւոր դեր են խաղում արտագալակտիկական ուսումնասիրություններում:

Հետաքրքրվեցինք՝ գիտաժողովն ի՞նչ հնարավորություն կարող է ընձեռել երիտասարդ աստղագետների համար: «Մի շարք մեծ աստղագետների ներկայությունը գիտաժողովին, նման մարդկանց հանդիպելը երիտասարդների համար արդեն բացառիկ շանս է: Ուրիշ ժամանակ պետք է հատուկ հանդիպում նշանակվեր, մեկնեին արտերկիր: Նման մասնագետները հազվագյուտ են գալիս Հայաստան: Բացի այդ, կա job market հասկացություն: Նման գիտաժողովների ժամանակ երիտասարդները հնարավորություն են ունենում իրենց համար գտնել ապագա ղեկավարներին: Մեկ շաբաթը բավական է, որպեսզի թե գիտական հարթության մեջ, թե էքսկուրսիաների, ճաշկերույթների եւ հանդիպումների ժամանակ երիտասարդները կարողանան իրենց դրսեւորել: Մենք միշտ խոսում ենք ուղեղների արտահոսքի մասին, բայց մյուս կողմից էլ՝ այդ շանսը չի կարելի արհեստականորեն սահմանափակել, որեւէ երիտասարդ կարող է իր մասնագիտական աճի նպատակով արտերկիր մեկնել»:

Միքայելյանն ասաց, որ գիտաժողովին անպայման կքննարկվեն նաեւ կազմակերպչական հարցեր՝ Բյուրականի աստղադիտարանի ապագայի եւ համագործակցության վերաբերյալ. «Ի դեպ, իմ բոլոր համագործակցությունները հաստատվել են հենց նման գիտաժողովների շնորհիվ, այդ ընթացքում են ծանոթություններ, կապեր հաստատվում: Նույնը ցանկանում եմ մեր մյուս աստղագետներին»:

Ամփոփելով 2012 թվականը, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավարը հիշեցրեց, որ այս տարի 3 հայ անուն մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ, նշվել է Անանիա Շիրակացու 1400, Մեսրոպ Մաշտոցի 1650 եւ Սայաթ-Նովայի 300-ամյակը. «Հազվագյուտ է լինում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայ գործիչներին այդպես նշանակություն է տալիս, մեզանից էլ է կախված, թե ինչպիսի հայտեր կներկայացնենք ու կհիմնավորենք, որ տվյալ գործիչը կարեւոր դեր է ունեցել մեր մշակույթի ու պատմության մեջ: Փաստեմ, որ Անանիա Շիրակացու 1400-ամյակը հենց մեր հայտի շնորհիվ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ մտել: Մեր այս տարվա միջոցառումներն էլ անցկացվել են Շիրակացու գաղափարական հովանու ներքո, մեր ակտիվությունն էլ եղել է պատմաաստղագիտական թեմաներով. պատրաստել ենք Շիրակացուն նվիրված կայքէջ, Բյուրականում կազմակերպել գիտաժողով, երիտասարդների միջազգային աստղագիտական դպրոց, ԱՊՀ երկրների օլիմպիադա՝ Ֆիզմաթ դպրոցի բազայի»: Մեր զրուցակիցը ափսոսում է, որ չնայած ատղագիտությունը Բյուրականում ակտիվ է, սակայն ենթակառուցվածքային առումով Բյուրականի աստղադիտարանը ցավալի վիճակում է:

Դառնալով 2013-ին կայանալիք գիտաժողովին, Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել է նմանատիպ 5 գիտաժողով, որը բացառիկ է դարձնում մեր աստղադիտարանի դերը աշխարհում. «Ես հատուկ նայեցի, թե Միջազգային աստղագիտական միության գիտաժողովներն ինչ հաճախականությամբ եւ որտեղ են անցկացվել: Պարզվում է՝ ամենախոշոր եւ հայտնի քաղաքներում են կայացել, ինչպես Փարիզը, Հռոմը, Ռիո դե Ժանեյրոն, Պրահան, Պեկինը: Հզոր քաղաքների տասնյակում նաեւ Բյուրականն է, որն ըստ էության գյուղ է: Ի դեպ, բոլոր խոշոր քաղաքները մեծ համագումարների դահլիճներ ունեն, իսկ մեզ մոտ 3 գիտաժողովները Համբարձումյանի շնորհիվ անցկացվել են Բյուրականի աստղադիտարանի խորհրդակցությունների դահլիճում: Նրա մահից հետո եւս 2 նման գիտաժողով է անցկացվել, սա կլինի երրորդը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31