Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւան-Երասխավան գնացքի տոմսը մոտ կրկնակի թանկացել է

Դեկտեմբեր 08,2012 13:51

«Ես՝ որպես ուսանող, չեմ կարող օրական 1200 դրամ վճարել գնացքով գնալ-գալու համար, իսկ իմ նմանները այս գնացքում շատ-շատ են: Մարզի ուսանող եմ, օրական ինչքան գումար էլ անհրաժեշտ է այլ ծախսեր հոգալու համար: Նախկինում ուսանողական զեղչեր կային գնացքից օգտվելու համար, դա վերացրին հերիք չի, հիմա ուղեվարձը կրկնապատկել են»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դժգոհություն հայտնեց 22-ամյա Արթուր Օրդոյանը: Բանն այն է, որ 350-ից գնացքի տոմսը դարձել է 600 դրամ: Սա արդեն երկմտանքի առջեւ է կանգնեցրել Արթուրին, որն ամեն օր օգտվում էր Հարավկովկասյան երկաթուղուն (ՀԿԵ) պատկանող գնացքի Երեւան-Երասխավան երթուղուց: Նա ուղեվարձի թանկացման մասին լսել է եւ լուրերը հաստատվել են, երբ այցելել է ընկերության պաշտոնական կայքէջը.

«Չեմ հասկանում՝ ինչի՞ հիման վրա են նման որոշում կայացրել: Այդպիսի որոշում ընդունողները շատ լավ հասկացել են, որ շատերի համար ամենահարմար տրանսպորտը այդ գծով աշխատող գնացքն է եւ ինչ էլ լինի, մարդիկ ճարահատյալ դրանից կօգտվեն»:

Երեւան- Երասխավան երթուղու մշտական ուղեւորներից է նաեւ Անի Ղանդիլյանը, որն ապրում է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում. «Մինչեւ հիմա 350 դրամ եմ վճարել, հունվարի 1-ից արդեն երկաթգծից օգտվելու համար պետք է 600 դրամ վճարեմ: Իհարկե, ամենահարմար տրանսպորտը, ինձ նման Երեւանում աշխատողի համար, միգուցե այս գնացքը լինի, բայց նույնիսկ այդ պարագայում, ես չեմ պատրաստվում այդքան գումար վճարել, ի վերջո ավտոբոսներ եւ երթուղային տաքսիներ կան, որոնց գինը 400 դրամից ավելի չէ: Եթե այդ որոշումն ընդունվի, բանավանի ու դրան հաջորդող այլ բնակավայրերի ուղեւորները ուղղակի չեն օգտվի»:

Իսկ 25-ամյա Արմեն Բաբակեխյանի համար միակ փոխադրամիջոցը աշխատանքից հետո՝ գնացքն է. այդ ժամին Երեւանից Արարատի մարզի Սուրենավան գյուղ գնացող այլ տրանսպորտ չկա, եւ Արմենը ստիպված պետք է 450 դրամի փոխարեն 600 վճարել. «Ինչով կարում են՝ ժողովրդին քամում են, երկիրը իրա երկաթգիծը ծախել ա ռուսներին, հիմա էլ տիրություն չի անում, ինչ ուզեն, մեր գլխին կանեն, մի օր էլ կգան, մի ուրիշ գին կասեն, մեկ ա, ձեն հանող չկա, իրանք իրանց որոշում են, ժողովուրդն էլ գլուխը կախ լսում ա»:

Խնդրի մասին զրուցեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղեորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանի հետ: Նա ուղեւորների դժգոհության մասին չի լսել, ավելին՝ ասում է, որ. «Մենք պարբերաբար հարցումներ ենք անում ուղեւորների շրջանում, զրուցում ենք նրանց հետ, նրանց կարծիքները հաշվի ենք առնում: Որեւէ դժգոհություն այդ առիթով չենք լսել»: Նա հաստատում է ընկերության կողմից սակագնային քաղաքականության փոփոխության մասին լուրը եւ ասում՝ այն բացասական չի ազդելու ուղեւորների վրա. «Մենք հիմնականում աշխատում ենք մեր հիմնական ուղեւորների հետ: Ըստ մեր ծրագրի՝ տոմսը նույնիսկ էժանանալու է, որովհետեւ մենք նորություն ենք մտցրել՝ ամսական աբոնեմենտավճարներ. եթե ուղեւորը մշտապես է օգտվելու, նրա համար ավելի էժան կլինի, որովհետեւ ինքը վճարելու է ընդամենը ամսական 48 ուղեւորության համար եւ ամբողջ ամսվա ընթացքում կարող է ինչքան ուզել երթեւեկել»: Փոփոխությունների անհրաժեշտությունը տիկին Գեւորգյանը պատճառաբանեց այսպես. «Մենք չենք կարող ցանկացած երթին առանձին գին դնել: Մինչեւ հիմա գործել է 18 գոտի, որը շատ անհարմար է աշխատելու համար, եւ մենք չենք կարողանում սահմանափակել հսկողությունը 18 գոտիներով երթեւեկող ուղեւորների համար, եւ բավականին լուրջ կորուստներ ենք ունենում»:

Նա մատնանշեց «անբարեխիղճ ուղեւորներին», որոնք վճարում են, օրինակ՝ 50 կմ-ից քիչ երթուղու դիմաց, բայց, իրականում, 50 կմ-ից ավելի ճանապարհ են անցնում: Իսկ մինչ ՀԿԵ-ի տնօրինությունը նշում է փոփոխության «դրական» կողմերի մասին, Երեւան-Երասխավան երկաթգծի ուղեւորները որոշել են պայքարել իրենց «իրավունքները ոտնահարելու» դեմ:

Գնացքի ուղեւորավարձի թանկացման մասին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31