Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավիճակից զրկել են՝ տեղյակ չի եղել

Դեկտեմբեր 08,2012 13:49

Հերթական հուսախաբությունը տեղի ունեցավ նաեւ Արտակ Մարդյանի հետ՝ մերժվեց նրա հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ):

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ դռնբաց դատական նիստում քննվեց վարչական գործն ըստ հայցի Արտակ Իգորի Մարդյանի՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 20.01.

2012թ. թիվ Մ-149/12-Փ որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք վերջինիս պարտավորեցնելու ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնել Արտակ Մարդյանի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը: Դատարանն Արտակի գործով հրավիրել էր նախնական դատական նիստ, այդուհետեւ գործը նշանակվել էր դատաքննության:

Արտակը դատարան էր ներկայացրել թիվ AA003073 ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի՝ Գագիկ Եգանյանի 24.01.2011թ. թիվ 01/07/120-12 գրության, Ծառայության 2012թ. հունվարի 20-ի թիվ Մ-149/12-փ որոշման պատճենները, փախստականի ընտանիքի թիվ 002416 վկայականը: Ամբողջ դատավարության ժամանակ դատավոր Արթուր Ծատուրյանը հարցերով պարզաբանեց, թե ինչի համար են դադարեցրել Արտակի փախստականի կարգավիճակը:

Նշենք, որ ՄՊԾ-ի ներկայացուցիչն էր Ռուզաննա Պետրոսյանը, սակայն միեւնույն ժամանակ նա ներկայացավ նաեւ որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ:

Հայցվորի ներկայացուցիչն էր Աշխեն Եսայանը, որը դատարանին ներկայացրեց Արտակի փախստական լինելու ամբողջ հանգամանքները, այն, որ նա իր ընտանիքի անդամների հետ 1988 թվականին բռնագաղթվել է Հայաստան, հաշվառվել է որպես փախստական:

Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ Արտակը մինչեւ 2011 թվականն օրենքի սահմաններում ունեցել է փախստականի վավեր վկայական եւ ճամփորդական փաստաթուղթ: ՄՊԾ-ն 20. 01. 2012 թվականի թիվ Մ-149/12-Փ որոշմամբ դադարեցրել է Արտակի փախստականի կարգավիճակը, պատճառաբանելով, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 2011թ. դեկտեմբերի 16-ի թիվ 25/01-88281 գրության համաձայն՝ իր ծնողները 25.04.2002 թվականին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ Ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ իր 18 տարին լրացած չի եղել։

Հետաքրքիր է, թե այդ ինչի հիման վրա է Արտակին տրամադրվել փախստականի անձնագիր, եթե նա 2004 թվականի օրենքի խմբագրումով ունեցել է կարգավիճակ եւ դա շարունակաբար տրամադրվել է երկար տարիներ: Բացի դա, Արտակի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերությունները ծագել են մինչ օրենքի խմբագրումը՝ 2002 թվականին, իսկ այդ ժամանակ գործում էր 1999 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում էր իրավահարաբերությունները:

ՄՊԾ-ի կողմից խախտվել էր նաեւ Արտակի դեմ վարչական վարույթ հարուցելու գործընթացը, որը տեւել է ամսից ավելի, իսկ այդ մասին Արտակը տեղեկացված չի եղել: Նա չի ունեցել իրավունքները պաշտպանելու հնարավորություն եւ առանց նրա միջնորդության կայացվել է վարչական վարույթ, այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հստակ ձեւակերպվում է, թե որ ժամանակ է փախստականը կորցնում կարգավիճակը: Այսինքն՝ Արտակը փաստացի զրկվել է կարգավիճակից առանց տեղեկացված լինելու, պարզապես ներկայացրել են արդեն իսկ կայացած որոշում՝ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասով Արտակն ինքը հնարավորություն ունեցավ դատարանին դիմելու խոսքով. «Հարգելի դատարան, ինձ կարգավիճակից զրկել են եւ այդ մասին տեղեկացված չեմ եղել, իսկ ես կարող էի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին մեջբերումներ կատարել եւ այդպիսով իմ կարգավիճակը չէր դադարեցվի»: Այդ մասով դատարանն Արտակի հայցը մերժելու վճռում նշում է, որ վարչական վարույթի հրավիրելու կարիք չի եղել, քանի որ փաստերը հստակ եղել են ՄՊԾ-ի մոտ, իսկ վարույթը պետք է կայացվեր հնարավորինս սեղմ ժամկետում: Հարց է առաջանում, արդյոք հրատա՞պ է սեղմ ժամկետում վարույթ հարուցել եւ անձին թողնել նման վիճակում: Արտակի ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ նա եղել է 15 տարեկան, իսկ այդ պարագայում անձն ինքն է որոշում իր կարգավիճակը, այսինքն՝ նա կորցնում է կարգավիճակը եւ մնում առանց որեւէ իրավական փաստաթղթի, ինչը բազում խնդիրներ կարող է առաջացնել:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31