Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վաղարշ եւ որդիները», «Արայը» եւ «Սթարը» տուգանվել են

Դեկտեմբեր 08,2012 13:21

Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը Հայաստանով մեկ շարունակ ստուգումներ է սկսել, նաեւ՝ «Երեւան սիթիում»:

Ապրանքներն առանց մակնշման են:

Այսօր շատ քիչ առեւտրի կետերում հայ սպառողը կարող է ապրանք ձեռք բերել եւ վստահ լինել, որ ձեռք բերած ապրանքը համապատասխանում է որակի չափանիշներին, իսկ անսարքության դեպքում հանգիստ ու առանց խոչընդոտների կարող է վերադարձնել այն: Իրականում 100 հազարավոր ապրանքներ կան, որոնք ձեռք են բերվում, սակայն ո՛չ հայերեն մակնշում է լինում, ո՛չ էլ երաշխիքային կտրոն: «Թվինինգ» ծրագրի ստուգումների ղեկավար Վիլյամ Հարիսը էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության աշխատակիցների հետ շրջում է մայրաքաղաքի մի շարք առեւտրի խոշոր կետերում: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե հատկապես ինչ ուշագրավ խախտումների է հանդիպել, պարոն Հարիսն ասաց. «Նախ՝ ամենամեծ իմ նկատած խախտումը՝ բազմաթիվ ապրանքներ վաճառվում են առանց երաշխիքի, առանց մակնշման կամ էլ ոչ լիարժեք մակնշման: Մեզ մոտ՝ Անգլիայում, բոլոր ապրանքներն ունեն երաշխիքային ժամկետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստացվում է, որ հայ սպառողը կարող է մեծ գումար վճարել եւ չունենալ երաշխիք»:

Ներկայումս տեսչությունը ստուգումներ է իրականացնում նաեւ «Երեւան-սիթի» առեւտրի կետերում: Մենք եւս ներկա գտնվեցինք տեսչության աշխատանքներին եւ հենց տեղում ծանոթացանք, թե կոնկրետ որ ապրանքներն են վաճառվում օրենքի խախտումներով: Տեսչության աշխատակիցների խոսքերով՝ օրինակ՝ էլեկտրական թեյնիկները, վարսահարդարման սարքերը, մանկական խաղալիքներն ու լվացքի որոշ պարագաներ կամ ընդհանրապես մակնշում չունեն, կամ էլ սերտիֆիկատի ժամկետն է լրացել, կամ սերտիֆիկատ ընդհանրապես չկա: Մեր հարցին, թե ո՞վ է նման դեպքում պատասխանատվություն կրում՝ իրացմա՞ն կետը, թե՞ ներմուծող կազմակերպությունը, տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանն ասաց, որ նախ՝ ապրանքը ներմուծողը պետք է իրացնելուց առաջ սերտիֆիկատ ձեռք բերի, իսկ իրացման ընթացքում էլ պարտավոր է հետեւել ժամկետին, սակայն պատասխանատվությունը կրում է հենց տվյալ առեւտրի կետը, եւ հենց ինքն էլ տուգանվում է: «Երեւան սիթիում» դեռեւս ստուգումներն ավարտված չեն, եւ հնարավոր չէ խախտումների ու տուգանքի ծավալն ասել, սակայն, ըստ պարոն Խալիկյանի, «Արայ» ՍՊԸ-ին ստուգումների արդյունքում տուգանել են 1.5 միլիոն դրամով, իսկ «Սթար Դիվայդ»-ին՝ 500 հազար: Խախտումներն էլ, տեսչության պետի խոսքերով, նույնն են՝ թերի մակնշում, հայերեն մակնշման բացակայություն եւ առանց սերտիֆիկատի ապրանքների վաճառք:

Ներկայումս տեսչությունը ստուգումներ է իրականացնում նաեւ «Մեծ անիվում», «Վաս գրուպում» եւ «Ալեքս-գրիգում»:

Հայաստանում, կարելի է ասել, ամեն քայլափոխի սպառողը խաբվում է, եւ պակաս դժգոհություններ էլ չունեն նաեւ ոսկյա զարդեր գնած սպառողները: «Առավոտին» դիմած մի քաղաքացի էլ դժգոհեց, որ մոտ 1 տարի առաջ ոսկյա մատանի է գնել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայից, եւ վերջերս, երբ փորձել է այն վաճառել, պարզվել է, որ զարդը չի համապատասխանում նշված որակին, իսկ թե ով է բարձր որակ դրոշմել տվյալ զարդի վրա՝ անհայտ է:

Այս առնչությամբ էլ շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ ոսկու շուկայի ստուգման իրենց բաժինը նոր է ստեղծվել, եւ 1 ամիս առաջ են «Վաղարշ եւ որդիներում» ստուգումներ իրականացրել եւ հայտնաբերված մի շարք խախտումների համար 8 միլիոն դրամ տուգանել են: Ըստ պարոն Խալիկյանի՝ նշված առեւտրի կետում կան նաեւ բազմաթիվ անհատ ձեռներեցներ, որոնք ոսկյա իրերի առեւտրով են զբաղվում, եւ առաջիկայում անպայման ստուգվելու են: Իսկ մինչ այդ ստուգել են հենց «Վաղարշ եւ որդիներին» պատկանող տաղավարները: Մեր հարցին, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են եղել այդ շուկայում, պարոն Խալիկյանն ասաց, որ ոսկու որակի հետ խնդիր չի եղել. այն հարգորոշումը, որ դաջված է եղել ոսկու զարդի վրա, համապատասխանել է, սակայն 146 կտոր զարդի վրա դաջված չի եղել հարգորոշողի, այսպես ասած՝ կնիքը, ինչը օրենքի պահանջ է:

«Այսինքն՝ եթե ժողովրդի լեզվով ասենք, ապա ոսկու պրոբը դաջել են, դրա կողքին պետք է լինի հարգադրոշմումը, որպեսզի պարզ լինի, թե որ լիցենզավորված կազմակերպությունն է տվյալ աշխատանքն արել, իսկ այդ 146 զարդի վրա դա նշված չի եղել»,- ասաց պարոն Խալիկյանը: Ինչ վերաբերում է նրան, որ սպառողները շուկայից հարգորոշմանն անհամապատասխան որակի ոսկի են ձեռք բերում, պարոն Խալիկյանն ասաց, որ ոսկու առեւտրի կետերում կան լիցենզավորված անձինք, որոնք հարգորոշումը ստուգում են, իսկ այդ ստուգումն ընդամենը 1000 դրամ արժե, ուստի ցանկացած թանկարժեք զարդ ձեռք բերելիս անմիջապես այն պետք է ստուգել տալ որեւէ 2-րդ, նույնիսկ 3-րդ տեղում, որպեսզի սպառողը չխաբվի: «Վաղարշ եւ որդի» ընկերությունում էլեկտրոնային 4 կշեռքներ էլ ստուգաչափված չէին. «Այս խախտումները հայտնաբերելիս մենք կասեցնում ենք կշեռքների օգտագործումը, եւ միայն խախտումները վերացնելուց հետո մեկ անգամ եւս ստուգում ենք, որից հետո թույլատրում աշխատել, իսկ նշված խախտումներն արդեն շտկվել են»: Մեր հարցին՝ առանց ստուգաչափման կշեռքները ոսկու 1 գրամի մեջ որքա՞ն խախտումով են աշխատել, պարոն Խալիկյանը դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, դա որոշում է չափագիտության ինստիտուտը, որն էլ արդեն այդ 4 կշեռքների ստուգաչափումն արել է եւ համապատասխան փաստաթուղթ տրամադրել:

«Հայաստանում ոսկու առեւտրով զբաղվող շուրջ 2000 ընկերություն կա. բոլոր կետերն անխտիր ստուգելու ենք»,- վստահեցրեց տեսչության պետը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31