Ըստ Մասիս Մայիլյանի՝ ՀՀ-ի մասով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը մեկնաբանելու փոխարեն՝ Ադրբեջանը լավ կլիներ կատարեր այդ բանաձեւերի առջեւ իր ստանձնած պարտավորությունները:
Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշել էին. «Մենք կողմերին կոչ ենք անում առավել կարեւորել խաղաղ բանակցային գործընթացը եւ աշխատել համանախագահների հետ՝ լիովին եւ ուշադրությամբ կշռադատելով նոյեմբերին համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում ներկայացված գաղափարները»:
«Առավոտ»-ը ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին երեկ հարց ուղղեց, թե ի՞նչ նոր գաղափարների մասին է խոսքը, արդյոք Մադրիդյան սկզբունքները վերանայվե՞լ են, եւ բանակցությունների սեղանին այսօր նոր կամ լրացված առաջարկնե՞ր կան: «Մի կողմից՝ հայտարարարության տեքստը վկայում է այն մասին, որ միջնորդները ոչ ամբողջությամբ են հրաժարվել Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից եւ դրանց տարրերից: Մյուս կողմից, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները կողմերին կոչ են արել դիտարկել այն գաղափարները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում»,- նկատեց նա:
Կարդացեք նաև
Այնուհետեւ մեր զրուցակիցը հավելեց. «Հետաքրքիր է իմանալ, թե ինչ նոր առաջարկներ են ներկայացրել համանախագահները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ ուղղությամբ են պատրաստվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակել իրենց առաքելությունը: Ակնհայտ է, որ հնացած մոտեցումների հիմքով անհնար է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Միջնորդները պետք է համարձակություն ունենան եւ նոր մոտեցումներ առաջարկեն՝ հաշվի առնելով ժամանակակից միջազգային իրավական իրողությունները եւ նախադեպային որոշումները, որոնք կխոչընդոտեն խնդրի կարգավորման ռազմական հեռանկարները»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանի նախօրեին հոդված է հրապարակել Wall Street Journal-ում՝ պնդելով, թե Դուբլինի հավաքը ԼՂ կարգավորման հարցում խաղաղության հասնելու հնարավորություն է, որը չպետք է կորցնել։ Նա հիշեցրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունված 4 բանաձեւերը, որոնք կոչ են անում անհապաղ դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից: «Հայկական բանակի դուրսբերումը պետք է լինի համապարփակ եւ պետք է սկսվի հիմա: Այս երկու պայմաններից բացի՝ այլ հարցերում մենք ճկուն ենք եւ պատրաստ ենք աջակցել հաշտեցման ցանկացած գործընթացի, որը խթանելու համար Ադրբեջանը պատրաստ է նաեւ տնտեսական ծրագիր առաջարկել Ղարաբաղի զարգացման համար եւ լուրջ ներդրումներ կատարել»,- գրել էր Մամեդյարովը եւ հավելել. «Մենք կարող ենք լուծել այս խնդիրը միայն այն դեպքում, եթե քաղաքական կամք լինի բոլոր կողմերում, Ադրբեջանում այն կա, եւ ես առաջարկում եմ, որ մենք առաջընթաց արձանագրենք Դուբլինում, մշակենք համապարփակ խաղաղության համաձայնագիր՝ հստակ ժամկետում, որից հետո Մինսկի խումբը պետք է համաձայնեցնի նոր հանդիպում, որին կմասնակցեն հակամարտող բոլոր կողմերը: Դուբլինը խաղաղության հասնելու մեր հնարավորությունն է, եւ ես կոչ եմ անում մեր հայ գործընկերներին օգտագործել այն մեզ հետ միասին»։
Պաշտոնական Բաքուն սեղմ ժամկետներում կարգավորման գնալու պատրաստակամություն ունի՞, թե՞ իր հայտնի նախապայմանները ներկայացնելով՝ հայկական կողմից ցանկալի զիջումներ ակնկալելու տակտիկա է բանեցնում՝ հարցին ի պատասխան՝ «Առավոտ»-ի զրուցակիցը նկատեց, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ Դուբլինում կայացած նիստի նախօրեին հրապարակված հոդվածի նպատակը աշխարհին ադրբեջանական կողմի «կառուցողական» եւ «բարի կամքի» դրսեւորումը ցուցադրելն է: «Իրականում, հոդվածում ներկայացված են հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ, որոնց ընդունումը եւ իրագործումը կհանգեցնի Արցախի կորստին։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերին Ղարաբաղի հարցով, ապա պետք է նկատել, որ դրանք խորհրդատվական բնույթ են կրում։ Հայաստանի մասով բանաձեւերը մեկնաբանելու փոխարեն՝ Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, լավ կլիներ կատարեր իր մասով վերոնշյալ բանաձեւերի առջեւ ստանձնած պարտավորությունները»,- ասաց Մ. Մայիլյանը:
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակներում բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ շարունակելու է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն իր հերթին հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրներում գոյություն ունեցող հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Էշթոնը հավելել է, որ ԵՄ-ն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում այդ խնդիրների լուծմանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը նկատել է. «Ապրիլից հայ-ադրբեջանական սահմանին դիտարկվող դիմակայության ակտիվացումը վկայում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արագ արձագանքելու անհրաժեշտության մասին»։
«Առավոտ»-ը Մասիս Մայիլյանին հարցրեց, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո, ընտրական գործընթացների ավարտից հետո Ղարաբաղյան կարգավորման հարցում ինչ-որ տեղաշարժեր կարելի՞ է ակնկալել, թե՞ սրանք հերթական հերթապահ հայտարարություններ են, որոնց նպատակն է կանխել շփման գծում հնարավոր լարվածությունը եւ ռազմական գործողությունների էսկալացիան: Մեր զրուցակցի կարծիքով՝ ընտրական գործընթացների փուլի ավարտից հետո միջնորդները եւ հակամարտող երեք կողմերը նոր միջոցներ կձեռնարկեն՝ կարգավորելու հակամարտությունը։ «Հաջողություն կարող է արձանագրվել, եթե միջնորդները իրատեսական մոտեցումներով հանդես գան, իսկ կողմերը պատրաստ լինեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միջնորդների համար այս փուլում կարեւոր է պահպանել փխրուն խաղաղությունը եւ աշխատել հակամարտող կողմերի միջեւ լարվածության նվազեցման ուղղությամբ: Բանակցային գործընթացին զուգահեռ՝ Երեւանն ու Ստեփանակերտը սփյուռքի աջակցությամբ պետք է ակտիվորեն աշխատեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Ճանաչումը նոր հնարավորություններ կստեղծի Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման համար, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, ինչը բխում է ոչ միայն հայկական կողմի շահերից, այլեւ տարբեր ուժային կենտրոնների շահերից»,- նշեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ