Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ՝ ՀՀԿ-ից ԲՀԿ-ին

Դեկտեմբեր 08,2012 13:11

«Միգուցե պաշտոնական ներկայացնե՞ն, թե էնտեղ ինչ է եղել»

«Եթե դա խուճապ ենք համարում, կարելի է ասել՝ խուճապի մեջ է, որովհետեւ հայ իրականության մեջ նոր դրսեւորումներ են նկատվում: Ինչ-որ հայտարարություններ են արվում նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու մասին ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս: Տեսակը կորցնելու առումով, իհարկե, խուճապի մեջ ենք: Մենք, որպես ազգային պահպանողական, խուճապի մեջ ենք՝ նոր տեսակի ձեւավորումից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն խուճապի մե՞ջ է ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցից, հանդիպումներից եւ դրանց ընթացքում արված հայտարարություններից: Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի եւ այնտեղ հնչեցրած հայտարարությունների առիթով ՀՀԿ-ականների գնահատականներին՝ ասել էր. «Խորհուրդ կտայի մարդկանց, որոնք անասելի խուճապի մեջ են, խուճապը թող չմթագնի բարեկրթությունը եւ քաղաքական կոռեկտությունը: Խուճապի պատճառի մասին երեւի թե իրենց պետք է հարցնեք, երեւի ինչ-որ բան գիտեն, ինչ-որ բան կանխազգում են»: Իսկ առհասարակ, որ կարող են «ինչ-որ ենթադրյալ առաջադրումներ լինել, որոնցից ՀՀԿ-ն խուճապի մեջ ընկնի», Հովհաննես Սահակյանը չի տեսնում. «Երբ ոչ պաշտոնապես, բայց արդեն հստակեցում է նկատվում, թե ովքեր պետք է առաջադրվեն, դրանով մեր շանսերն ավելի են բարձրանում: Միայն այն փաստը, որը վերաբերում է երկրի անվտանգությանը եւ ԼՂՀ հակամարտությանը, Սերժ Սարգսյանը, գոնե այսօր, ուրվագծվող թեկնածուների մեջ մրցակից չունի: Ես շոշափում եմ ավելի լուրջ, ավելի կարեւորագույն խնդիր: Քաղաքական բառապաշարի ժամանակն արդեն անցել է, պետք է կոնկրետ փաստերով խոսել: Իրենք էլ լավ գիտեն, որ ՀՀԿ-ն վաղուց արդեն խուճապի մեջ չի ընկնում»:

Հովհաննես Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել, թե իր տպավորությամբ՝ ԲՀԿ առաջնորդի բրյուսելյան այցելությունները, ԲՀԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրություններից դուրս, ի՞նչ նպատակ էին հետապնդում, եւ ինչո՞ւ Բրյուսելից արվեցին նման հայտարարություններ՝ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը», «Գագիկ Ծառուկյանը նախագահի լավ թեկնածու է»: «ԲՀԿ-ականներին խորհուրդ տամ՝ միգուցե պաշտոնական ներկայացնե՞ն, թե էնտեղ ինչ է եղել: Ի՞նչ հայտարարություն է եղել, խոսե՞լ է կոռուպցիոն թեմաների եւ մամուլում տեղ գտած տարբեր սենսացիոն երեւույթների մասին, թե՞ ոչ: Եթե եղել է՝ ի՞նչ ձեւ է եղել, որպեսզի մենք էլ կարողանանք մեր մեկնաբանությունները կամ պարզաբանումները հստակեցնել»: Անցնելով Նաիրա Զոհրաբյանի «լեզվին եւ ոճաբանությանը»՝ Սահակյանն ասաց. «Միգուցե իրենք են խուճապի մեջ այն փաստից, որ Եվրապառլամենտի առաջատար դերակատարում ունեցող մարդիկ լինելով Հայաստանում, հանդիպելով նախագահի հետ՝ միայն դրական գնահատեցին այս տարիների գործունեությունը, միայն դրականով խոսեցին Հայաստանում տիրող իրավիճակի մասին, իրենց հարցադրումներում պահանջեցին, որպեսզի ապագա նախագահական ընտրություններն էլ միայն դրական ֆոնի մեջ անցնեն: Եվ դրա բոլոր նախադրյալներն արդեն կան: Ինքս մեկ շաբաթ առաջ լինելով Բրյուսելում, տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալով՝ տեսանք, թե ինչքան դրական են գնահատում ՀՀ-ի այսօրվա իշխանությունների գործունեությունը եւ մեծ ակնկալիքներ ունեն ապագա նախագահական ընտրությունների հետ: Միգուցե այդ փաստերից ելնելո՞վ ԲՀԿ-ն խուճապահար՝ ճամպրուկները հավաքեց ու գնաց Բրյուսել, որպեսզի նաեւ հայտնեն իրենց գոյության, նպատակների ու մտադրությունների մասին»:

Իսկ առհասարակ՝ Բրյուսելում ինչ-որ մարդկանց, «14 փոխնախագահներից մեկի՝ իսպանացի ինչ-որ փոխնախագահի» հետ հանդիպումներում մեր զրուցակիցը լավ, վատ կամ սենսացիոն ոչինչ չի տեսնում: Ասում է, որ հայ խորհրդարանականները եվրապառլամենտյան իրենց այցելությունների ժամանակ օրական 7-8 տարբեր պաշտոնյաների հետ են հանդիպում, եթե, իհարկե, կոնկրետ հարցով, հարցադրումով, ծրագրով կամ նպատակով չի այցը: «Այդ ծրագիրը եւ նպատակը, երբ ԲՀԿ-ականները փորձեն վերծանել, ասեն՝ ինչի՞ համար էր այցը, ուղղակի կուսակցական հանդիպո՞ւմ էր, թե՞ նախագահական ընտրությունների հետ կապված ինչ-որ խնդիրներ էին»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31