Լրահոս
Օրվա լրահոսը

Անփորձ ձեռքով

Դեկտեմբեր 08,2012 13:07

Շատ վաղուց՝ 92-94 թվականներին ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի եւ մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ընթերցողների եւ իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը: Եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից՝ այդ երկիրը մեծ է, թե փոքր, ազդեցիկ,  թե ոչ մի բանի վրա չազդող: Այդ էթիկետի բաղադրիչ մասերից է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Այդպիսով բացառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, ինչպես որ ԲՀԿ-ն նշում է պրես-ռելիզի իր առաջին՝ դեկտեմբերի 5-ի տարբերակում: Այդ մակարդակի գործիչը նման բան չէր կարող, իրավունք չուներ ասելու որեւէ հայաստանյան քաղաքական գործչի՝ սկսած ՀՀ նախագահից: Եթե, այնուամենայնիվ, պարոն Ռոկան մոռանար դիվանագիտական պարկեշտության բոլոր կանոնները (այդպիսի ֆանտաստիկ դեպք ենթադրենք) եւ նման բան հայտարարեր, ապա վստահ եմ՝ թե Գագիկ Ծառուկյանը եւ թե հայաստանյան որեւէ այլ լուրջ քաղաքական գործիչ դրան կհակադարձեր. «Ներեցեք, հարգարժան Ալեխո, բայց թույլ տվեք, որ Հայաստանի քաղաքացիները որոշեն, թե որքանով եմ ես հիանալի թեկնածու: Չէ՞ որ ես չեմ գնահատում ձեր հեռանկարները, ասենք՝ Իսպանիայի վարչապետի պաշտոնում»:  Նույնքան անհավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը որեւէ արտասահմանցի պաշտոնյայի բողոքեր, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում, ինչպես գրված է նույն հաղորդագրության նույն տարբերակում: Ինքնին այդ միտքն անվիճելի է, եւ ես դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց մի բան է, երբ ես, որպես մասնավոր անձ, գրում եմ դրա մասին հայաստանյան թերթում, բոլորովին այլ է, երբ միջազգային շփումների ժամանակ դա ասում է երկրի երկրորդ խոշոր կուսակցության ղեկավարը: Կոռումպացվա՞ծ են՝ բարձրացրեք պառլամենտում նրանց պաշտոնանկության հարցը, եվրոպական չինովնիկը ինչո՞վ կարող է օգնել: Այնպես որ՝ այստեղ էլ, հավանաբար, պրես-ռելիզ կազմողները, ինչպես հիմա ընդունված է ասել, ինչ-որ բան խառնել են: Եվ դա ես բացատրում եմ ոչ թե չկամությամբ, այլ պարզապես փորձի պակասով:

«Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ՝ բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում ասել են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությունն իրենց հուշում է, որ այս դաշինքն իսկապես անպարտելի է: Ավելին, եվրոպացիները շատ հստակ ակնարկել են, որ այս դեպքում իրենք հնարավորին չափով կաջակցեն ժողովրդի աջակցությունը վայելող դաշինքին»: Սա հայտնվել է հայաստանյան կայքերում: Դա արդեն պրես-ռելիզ չէ, այլ, ըստ երեւույթին, նույն անփորձ ձեռքով իրականացվող PR: Իրականում այդ ապատեղեկատվությունը հավասարապես վարկաբեկիչ է թե՛ Ծառուկյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի եւ թե՛ եվրոպացի պաշտոնյաների համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31