Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնահարցերը

Դեկտեմբեր 08,2012 13:04

Մեկը մյուսին են հաջորդում ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում կազմակերպվում է հնարավորինս դյուրին ընթացակարգերով: Շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ մասի մասնագիտական ու ըստ նախասիրությունների աշխատանքով ապահովելու, ինչպես նաև բնակարանային վարձի հիմնախնդիրը:

Հայաստան ժամանած սիրիահայերի մի մասն ունի ազատ կապիտալ, մի մասն էլ՝ Հայաստանում գործ հիմնելու, ներդրումներ կատարելու ցանկություն:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի կենտրոնի աջակցությամբ շարունակաբար հանդիպում-խորհրդակցություններ են հրավիրվում, որոնց նպատակը ներդրումների պատրաստակամություն ունեցող սիրիահայերին հայաստանյան բիզնես միջավայրի և իրավատնտեսական օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ  իրազեկումն է:

Սիրիայում կայացած գործարարները ՀՀ սփյուռքի նախարարության  առաջարկով այցելեցին Նոր Եդեսիայում գտնվող «ԱրմԱս» ՍՊԸ-ի կոնյակի և գինու գործարան: «ԱրմԱսի» տնօրեն Արմեն Ասլանյանը սիրիահայ գործարարներին պատմեց, որ  Հայաստանից 20 տարվա բացակայությունից հետո վերջին 6 տարիներին  վերադարձել է հայրենիք՝ ձեռք բերելով 180 հեկտար հողատարածք և իտալացի մասնագետների ներգրավմամբ  կառուցել է  4000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող  կոնյակի ու գինու գործարան, հիմնել՝  խաղողի և պտղատու ծառերի այգի:

Սիրիահայերը շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրության ողջ գործընթացին, տեխնոլոգիաներին, ստորագրեցին Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ «Խաղաղություն հալեպահայերին» մակագրությամբ  գինու տակառի  վրա, շրջեցին այգիներում:

Այնուհետև  մտքեր փոխանակեցին  Հայաստանի տնտեսության ոլորտի օրենսդրության, հարկային  ու մաքսային քաղաքականության մասին: Գործարարները տեղեկացան, որ  սարքավորումների ներմուծման ընթացքում  կազմակերպությանը հնարավորություն է  ընձեռնված սահմանված կարգով  հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ներկաները խորհրդակցեցին  գյուղատնտեսության  ոլորտի  ռիսկերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին: «ԱրմԱսի» տնօրենն իր օրինակով փաստեց, որ պետությունը  խրախուսում է  ներդրումները կառավարության  ծրագրերում  գերակա ուղղություն  հանդիսացող գյուղատնտեսության, գինեգործության ու կոնյակագործության բնագավառներում, նպաստում է նշված ոլորտների զարգացմանը: Ու թեև գործարանի առաջին  արտադրանքը  պատրաստ կլինի եկող տարվա մայիսին, վստահ է, որ արդյունավետ կընթանան նաև արդյունահանման գործընթացները:

Հանդիպման ավարտին գործարար սիրիահայերը կիսեցին իրենց կարծիքները, նշելով որ հանդիպումը կողմնորոշման առումով օգտակար էր իրենց առաջիկա ներդրումային ծրագրերը իրականացնելու գործում:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց վստահելի գործընկերներ ձեռք բերելու և որակյալ խորհրդատվության կարևորության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրության, բիզնեսի հիմնման վերաբերյալ խորհրդատվությունը անհրաժեշտ է ստանալ պետական կառույցների միջոցով:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31