Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի խարդախության հերթական գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 08,2012 10:43

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված առանձնապես խոշոր չափերի խարդախության քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «Գապբնակշին», Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանին ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է ավելի քան 400 անձ, նրանցից 258-ը ճանաչվել են գործով տուժողներ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր և հիշյալ ընկերությունների տնօրեն Գագիկ Գեորգիի Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարաններ վաճառելու պատրվակով հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը, որից 1.253.891.550 դրամը հափշտակել է գործընկերոջ` Սիմոն Աղազարյանի հետ նախնական համաձայնությամբ: (Ի դեպ, «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Ս.Աղազարյանն «աչքի է ընկել» համանման մեկ այլ՝ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից):

Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների ողջ գույքի վրա:

Մասնավորապես, կալանք է դրվել Գագիկ Պապոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նալբանդյան փողոցի 51 շենքի 29-րդ բնակարանի և նույն շենքի 29/1 ձեղնահարկի, «Մ և Պ» ՓԲԸ-ի թողարկած հինգ հասարակ անվանական բաժնետոմսերի, «Հովեր» մակնիշի ավտոմեքենայի, Աննա Պապոյանի անվամբ գրանցված` Երևանի Ա.Ավետիսյան փողոցի 112-րդ շենքի 31-րդ բնակարանի, ինչպես նաև «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Երևանի Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի վրա, որի շուկայական արժեքն, ըստ շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության, կազմում է 13.155.190.000 ՀՀ դրամ:

Քրեական գործի նախաքննությամբ մեղադրյալներ Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտվել են նաև այլ անձանց կատարած հանցագործության դեպքեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, ինչպես նաև` Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու վերաբերյալ: Դրա հիման վրա գործի նյութերով հարուցվել են նոր քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31