Նոյեմբերի 23-ին Շուշիում, «Դղյակ» պատմական անունը կրող շենքի առաջին հարկում բացվեց Սուքիաս Թորոսյանի (Toto) գեղանկարչական ցուցահանդեսըՙ 40 գործ, որոնցից 36-ը ներկայացնում են հայոց գրերը, իսկ մյուս 4-ըՙ Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին ու Դավիթ Անհաղթը: Այն «Շուշվա» ՍՊ զբոսաշրջության ընկերության հերթական մշակութային միջոցառումն էր:
«Շուշվա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Առնակ Ավետիքյանն ասաց, որ ինչ¬ինչ պատճառներով հեղինակը չի կարողացել ներկայանալ ցուցահանդեսի բացմանը, բայց ցուցադրությունը, անշուշտ, կհետաքրքրի կերպարվեստի երկրպագուներին: Միաժամանակ Ա. Ավետիքյանն իր շնորհակալությունը հայտնեց «Դղյակի» տնօրենությանըՙ ցուցահանդեսին օժանդակելու համար:
Մեր զրուցակցի խոսքովՙ Ս. Թորոսյանը ճանաչված գեղանկարիչ է, նաեւ շատ հայտնի երգիծանկարիչ, եւ այս գեղանկարների շարքը, որի մեջ 40-ից ավելի գործեր են եւ ներկայացնում են մեսրոպյան այբուբենը, նվիրված է եղել Թարգմանչաց տոնին: Թեման արդիական է, քանի որ ներկա ժամանակներում մշտապես ականատես ենք լինում հայոց լեզվի աղավաղմանը,¬ ասաց Ա. Ավետիքյանը: Այս շարքով մենք մեկ անգամ եւս շփվում ենք մեր ակունքների հետ, անդրադառնում մեր պատմությանը, մեր հրաշք գրերի ստեղծման հրաշքին:
«Ես Սուքիաս Թորոսյանի հետ նոր եմ ծանոթացել, նա ձեւավորել է իմ ասմունքի երեկոյի հրավիրատոմսը: Ինչ վերաբերում է այս ցուցադրությանը, բավականին հետաքրքրական է եւ ազգային հեռանկար ունի,¬ ասաց ցուցահանդեսի այցելուներից մեկըՙ մասնագիտությամբ ճարտարապետ, լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումջյանը : Ա. Ավետիքյանի հետ մտածում ենք առաջիկայում այն ցուցադրության տանել Լիբանան, Բեյրութ: Հայկական միջավայրը, հավանաբար, կգնահատի գործերի կատարողականությունը, նաեւ ազգային մտահոգությունը»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը տեւեց եւս 10 օր եւ ապահովեց այցելուների մեծ հոսքՙ գերազանցապես ուսանողներ եւ աշակերտներ:
Հիշեցնենք, որ նույն ցուցահանդեսը ներկայացվել էր շուրջ 1 ամիս առաջՙ Երեւանում, Նկարիչների տան ցուցասրահում:
«ԱԶԳ»