Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ, երբ այսօր ՀԱԿ-ի նախաձեռնած Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին չմիանալը բացատրեց այսպես. «Ինքնանպատակ, մենակ ինչ է թե ցույց տանք, որ մենք միավորվում ենք, իրար հետ համախմբված գնում ենք առաջ, դա երկար ճանապարհ չի կարող անցնել, եթե հիմքում ամբողջական համոզում բոլորի մոտ չկա, որ տվյալ քայլը ճիշտ է »:
Մեր հարցին՝ այսինքն ՀԱԿ-ի քայլն ինքնանպատա՞կ է, եւ ընդամենը ուզում են ցույց տալ իշխանությանը, որ ընդդիմությունը համախմբվա՞ծ է, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Դա իրենց հարցրեք, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ով ինչ նպատակով է ինչ կատարել: Ես չասացի, որ ՀԱԿ-ն ինքնանպատակ է անում, ես նկատի ունեի, որ մենք չենք գնում ինքնանպատակ քայլերի: Կարող է իրենք համարում են, որ մեր մոտեցումները սխալ են եւ իրենց ընտրած ձեւը ճիշտ է, մենք դա չենք կիսում: Ձեւի, մարտավարության խնդիր է: Ոչ թե հակասահմանադրականության խնդիրն ենք մենք ասում չկա: Կա, բայց դրան հասնելու ձեւերն ու եղանակներն են տարբեր: Սա է խնդիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ