Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի ընդունվող երիտասարդների մեծ մասի մոտ բացակայում է իրենց ունեցած գիտելիքները գործատուին ճիշտ ներկայացնելու հմտությունը

Դեկտեմբեր 07,2012 23:05

Վանաձորցի 26-ամյա Աշխեն Սիմոնյանը վերջերս է տեղավորվել աշխատանքի:Ուսումն ավարտելուց  շուրջ երեք տարի աշխատանքի փնտրտուքներից հետո նրան հաջողվեց աշխատանք գտնել Վանաձորում գործող  խանութներից մեկում:

Մասնագիտությամբ մանկավարժը այժմ վաճառողուհի է: Թեեւ չի դժգոհում, այնուամենայնիվ, հիասթափված է: «Ուսման վարձ եմ տվել, սովորել, սակայն,  այնպիսի իրավիճակ էր, որ աշխատանք չունեի, ու որտեղ հնարավոր էր, այնտեղ էլ տեղավորվեցի աշխատանքի»,-ասում է նա:

Ինչպես Aravot.am –ի հետ զրույցում նշում  է «Երտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագրերի եւ դիմումների բաժնի գլխավոր մասնագետ Արեւիկ Հեբոյանը, երիտասարդության շրջանում գործազրկության հիմնական պատճառը աշխատաշուկայի պահանջների եւ թողարկված մասնագետների անհամապատասխանությունն է:

«Թափուր աշխատատեղեր կան, բայց այստեղ երկու հարց է առաջանում` ինչ է անհրաժեշտ շուկային ու ինչ ունենք: Շուկային պետք են, ասենք, քիմիկներ, սակայն, դրան հակառակ, մենք ունենք մեծ թվով տնտեսագետներ, որոնց կարիքը այժմ չունի շուկան,  արդյունքում գործազրկություն է առաջանում»:  Ըստ Արեւիկ Հեբոյանի` թեեւ ներկայումս շատ երիտասարդներ կան, որ ունեն գործատուի պահանջներին համապատասխան գիտելիքներ, այնուամենայնիվ, ոչ բոլորն են ունակ իրենց գիտելիքները մատուցելու այնպես, որ գործատուն  շահագրգռված լինի աշխատանքի ընդունելու հենց իրենց:

Հենց այս մտահոգություններն էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը կից գործող «Երտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին բերել է Վանաձոր, որպեսզի տեղի երիտասարդության եւ ուսանողության շրջանում երկօրյա դասընթացով տեղեկատվություն տրամադրվի աշխատանքի տեղավորվելու եւ տեղավորվելուց հետո առաջացող հնարավոր խնդիրների ու  դրանց հաղթահարման ուղիների մասին. «Սովորեցնում ենք ռեզյումե գրել, նաեւ թե ինչպես պատրաստվել հարցազրույցի, ինչպես իրեն  պահել հարցազրույցի ժամանակ, եւ հետագայում արդեն աշխատանքի անցնելուց հետո ինչպես հաղթահարել առաջացած խնդիրները, նաեւ տեղեկատվություն ենք տալիս թե գործատուի, եւ թե աշխատանք փնտրողի իրավունքների ու պարտականությունների մասին»:

Վանաձորից հետո  ծրագրի հաջորդ կանգառը Իջեւանն է: «Ծրագիրը նախատեսված է իրականացնել ՀՀ բոլոր մարզերում, եւ այս տարի կհասցնենք անցկացնել Վանաձորում եւ Վանաձորից հետո նաեւ Իջեւանում: Սակայն մինչ այդ, արդեն վաղը,  նախատեսվում է կազմակերպել աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում տեղի գործատուները, ովքեր կցանկանան մասնակցել, կգան, կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Աշխատանք փնտրող յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել տոնավաճառին, իսկ ահա մեր դասընթացի մասնակիցներին էլ հնարավորություն կունենան նաեւ  իրենց ստացած  գիտելիքները գործնականում  կիրառելու»,-եզրափակում է  Արեւիկ Հեբոյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31