Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիք համայնքի երեխաները սովորում են քանդված եւ անմխիթար վիճակում գտնվող դպրոցում

Դեկտեմբեր 07,2012 21:18


Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղի դպրոցի շենքը 1967թ.-ին կառուցվելուց ի վեր երբեւէ չի հիմնանորոգվել: Այս տարիների ընթացքում որոշ  մասնակի նորոգման աշխատանքներ են տարվել միայն` տանիքն է փոխվել, համայնքային բյուջեի հաշվին մեկ դասարան է նորգվել ու գույքով ապահովվել, սակայն դպրոցի շենքը, ընդհանուր առմամբ, խիստ անմխիթար վիճակում է գտնվում: «Աղջիկս գյուղի դպրոցում  է սովորում, աննկարագրելի է դպրոցի վիճակը: Աստիճանները, պարկետը քանդված, հատակը բետոնապատ, նույնիսկ այս տարի սեպտեմբերի մեկին մի թեթեւ սվաղել էին աստիճանները, բայց էլի ահավոր էր վիճակը` փոշի, կեղտ, օրեր են լինում երեխաս տուն է գալիս ամբողջովին փոշու մեջ կորած, ստիպված է լինում ոտքից գլուխ հագուստը փոխել:   Մոտ երկու տարի է զուգարանների վիճակը նորմալացրել են արդեն, մինչեւ այդ երեխաներն ամեն անգամ վազելով տուն էին գալիս», – ասաց Սյունիք գյուղի բնակիչ Լիդա Թամրազյանը:

Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով` դպրոցի հիմնանորգման համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը հնարավոր չէ տեղական բյուջեով անել: Մոտավոր հաշվարկներով` 250-300 մլն դրամ գումար է պահանջվում, որը համայնքի բյուջեն չունի եւ պետական աջակցության շնորհիվ միայն հնարավոր կլինի լուծել համայնքի համար մեծ կարեւորություն ունեցող այս հարցը:  «Դպրոց մտնում ես, ոնց որ գոմ լինես ոտք դնում, խայտառակ վիճակում է գտնվում: Երեխաները բետոնի վրա են քայլում, ձմռանը նորմալ չի ջեռուցվում, գազաֆիկացված է, բայց ոչ նորմալ վիճակում գտնվող լուսամուտների պատճառով հնարավոր չի լինում  նորմալ ջեռուցում ապահովել:  Խնդիր ենք դրել մեր առջեւ դիմել նախագահին, որպեսզի պետական միջոցների հաշվին դպրոցը նորոգենք: 2013թ.-ին նախատեսել ենք տեղական բյուջով գոնե ուսուցչանոցը  նորոգենք եւ գույքով ապահովենք», -նշեց Սամվել Սարգսյանը եւ տեղեկացրեց, որ դպրոցի անմխիթար վիճակի, ինչպես նաեւ ուսման ցածր մակարդակի, խստության եւ պահանջկոտության բացակայության պատճառով`  գյուղի դպրոցահասակ մոտ 150 երեխայից ընդամենը 70-ն է  հաճախում գյուղական դպրոց, մյուսները Կապանի դպրոցներ են հաճախում, որտեղ ցուցաբերած բարձր առաջադիմության շնորհիվ էլ հետագայում ընդունվում են  հանրապետության տարբեր բուհեր: Համայնքի ղեկավարը դպրոցի հիմնանորոգման հարցը օրերս բարձրացրեց նաեւ Սյունիքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31