Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետը կրկնեց մարզպետի մտքերը, իսկ նախարարն ընկավ նեղ վիճակի մեջ

Դեկտեմբեր 07,2012 19:43

Այսօրվա դեկտեմբերի  7-ը մյուսներից  տարբերվեց նրանով, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռքով 33 նորակառույց բնակարանների բանալիներ  հանձնվեցին զինծառայողների ընտանիքներին: Բնականաբար, կառավարությունը սրանով ցույց տվեց, որ աղետ տեսած, դեռ սգի մեջ գտնվող Գյումրիում կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է: Բնակարանամուտը հենց այդպես էլ մեկնաբանեցին մարզի բարձրաստիճան պաշտոնյաները:

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ասաց. «Մենք պետք է հիշենք մեր անմեղ նահատակներին, բայց դրանով պետք չէ ապրել, այլ պետք Է միայն հիշել, և ցանկանանք, որ աշխարհի ոչ մի ծայրում  նմանատիպ աղետներ չլինեն: Եվ մենք պետք է կարողանանք աղետի հետևանքը վերացնել, միայն ու միայն կառուցել բնակարաններ, որպեսզի կարողանանք անօթևանների բնակեցման հարցը կարգավորել: Ես ողջունում եմ, որ Պաշտպանության նախարարը դեկտեմբերի  7-ին այցելել  է Շիրակի մարզ, քաղաք Գյումրի` ոչ միայն ծաղկեպսակ դնելու համար, այլեւ բնակարանամուտ տոնելու համար»:

Աշոտ Գիզիրյանի կարծիքով,  երկրաշարժից 24 տարի անց  ահագին գործ Է կատարվել  աղետի գոտում, և այն շարունակական բնույթ է  կրում ու հասցվելու է իր ավարտին:  Գյումրիում աշխատատեղերի ստեղծման հետ կապված  էլ գեներալ մարզպետն  ասաց. « Պետական ծրագրերից զատ, նոր քաղաքապետի հետ միասին պետք  է  կարողանանք  շահագրգռել  մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի ներդրումներ կատարեն, և այս ձևով լուծենք աշխատեղերի հարցը» :

Աշոտ Գիզիրյանի ասելով, թեև Գյումրիում ևս   400 բնակարաններ  են կառուցվելու անօթևանների համար , բայց սրանով նրանց  հարցը լիովին փակված համարել չի կարելի , քանի որ ընտանիքներն  այս տարիների ընթացքում աճել են. «Հետագայում, երբ որ  մենք վերջացնենք բոլոր անօթևանների բնակեցման հարցը,   ևս մոնիթորինգ կանցկացնենք, եթե  կլինի նման հարց, այն կբարձրացնենք»,- ասաց մարզպետը:

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ գրեթե նույնը կրկնեց,   ինչ մարզպետը: « Էսօրվա օրվա մեջ խորհուրդ կա, էսօր բնակարան տրվեց 33 ընտանքիների` զինծառայողների, ես ուղղակի սա համարում եմ ոնց որ թե նոր բան, որ Գյումրին առաջ է գնում, պետք է հասկանանք, որ այո, մենք  տարելիցները պետք է տոնենք, պետք է կարողանանք նշել, և նշելուց զատ պետք է առաջ շարժվենք, որպեսզի գյումրեցին հասկանա, որ կյանքը առաջ է գնում` չմոռանալով մեր անմեղ նահատակներին: Խոնարհվում եմ մեր կորցրած բոլոր անմեղ  զոհերի հիշատակի առջև, և էսօր ճիշտն ասած, գիտեք, որ այս տարվա մեջ ` 2013 թվականին բնակարաններ են հանձնվելու `420 բնակարան, հիմքերը արդեն պատրաստ են, արվելու է, որպեսզի կարողանանք բանկարանային խնդիրը լուծել, որովհետև բացի դրանից ևս ունենք 1481 անօթևան»,-տեղեկացրեց քաղաքապետը: Ըստ Սամվել Բալասանյանի,   քաղաքապետարանի հաշվարկներով 3900 տնակ կա Գյումրիում, թեև դրանք սկսել են պակասել, քանի որ մարդիկ տեղափոխվում են նորակառույց բնակարաններ:

Ամենալավատեսը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանայանն էր, ով ասաց, որ   կառավարությունը իր  հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է Գյումրին վերականգնելու համար: «Ես մարզպետի հետ զրույցից եկա այն եզրակացության, որ Գյումրին աղետի գոտուց վերածվում է շինարարության գոտու, որովհետև շինարարության թափը  այնպիսին է,  որ կարծում եմ, որ մոտակա ապագայում  Գյումրին կվերականգնվի  իր կոլորիտով` որպես հանրապետության երկրորդ քաղաք, ոչ միայն շինարարությամբ, ոչ  միայն այսօրվա ճարտարապետական  լուծումներով,  այլեւ Գյումրվա ժողովրդի ուրախ կենցաղով, առանձնահատկություններով»:

Նախարարը դեռ չէր ավարտել իր  լավատեսական մտքերը, երբ բողոքները ձեռքերին`նրան շրջափակեցին  զոհված ազատամարտիկների կանայք ու մայրեր, ովքեր տարիներ շարունակ սպասում են իրենց բնակարանների բարելավման  ծրագրին, սակայն տարիներն անցնում են, ու այդպես էլ նրանց հերթը չի հասնում:Գյումրեցիներին ուրախ տրամադրություն մաղթող նախարարը, ցավոք,  ոչինչ չկարողացավ խոստանալ  նրանց` նշելով,   2013 թ. լուծվելու  է միայն անօթևան զինծառայող ընտանքների  հարցերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31