Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելացնել բյուջետային հատկացումները Հայաստանի երեխաների համար

Դեկտեմբեր 07,2012 19:06

Երևան, 7-ը դեկտեմբերի 2012թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր իր մտահոգությունն է արտահայտում 2013թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին տրամադրվող ոչ բավարար բյուջետային հատկացումների վերաբերյալ, որոնք կարող են սահմանափակել երեխաների համար կարևորագույն սոցիալական ծառայությունների հասանելիությունը և ավելի խորացնել մանկական աղքատությունը երկրում:

Չնայած այս բոլոր դժվարություններին, 2013թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում կան զգալի դրական  միտումներ պատվաստումների, նախադպրոցական և ներառական կրթության ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, պետական բյուջեում 18.1% աճ է գրանցվել ազգային պատվաստումների ծրագրի հատկացումներում, 8.3 % աճ տարրական կրթության ոլորտում և կրկնակի աճ՝ նախադպրոցական կրթության հատկացումներում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատկապես ողջունում է 43% աճը ներառական կրթության համար նախատեսված բյուջետային հատկացումներում՝ համեմատ հատուկ կրթության համար նախատեսված հատկացումների 2% աճին: Չնայած հատուկ կրթությանը տրամադրված ֆինանսավորումը շարունակում է ավելի քան երկու անգամ գերազանցել ներառական կրթությանը տրամադրված միջոցներին, այս նշանակալից տարբերության կրճատումը արտացոլում է Կառավարության պատրաստակամությունը՝ ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների  իրավունքը սովորելու հանրակրթական դպրոցներում:

Այնուամենայնիվ, չնայած սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտներում նկատվում է շարունակական աճ նոմինալ բյուջետային հատկացումներում, սակայն, Համախառն Ներքին Արդյունքի /ՀՆԱ/ նկատմամբ այս ոլորտների համար բյուջետային հատկացումների տոկոսը նվազել են կամ մնացել նույնը:

 

Մասնավորապես, համեմատ 2012թ.-ի հետ, 2013թ. պետական բյուջեի մասին օրենքը նախատեսում է  7.8% աճ առողջապահության ոլորտին տրամադրվող նոմինալ հատկացումներում: Այսուամենայնիվ, որպես ՀՆԱ-ի տոկոս՝ պլանավորված ծախսերը կմնան 2%-ից ցածր մակարդակում: Առաջնային բուժխնամքի, մանկական հիվանդանոցային ծառայությունների, ծննդօգնության և սոցիալապես խոցելի բնակչության հիվանդանոցային խնամքի ոլորտում հատկացումների ավելացում չի նախատեսվում: Ավելին, համաձայն 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումները կշարունակեն նվազել 2013թ. 1.5 %-ից մինչև  1.3 % 2015թ.:

2013թ. բյուջեն նաև նախատեսում է ընտանեկան նպաստների համար նախատեսված բյուջետային միջոցների նվազեցում՝ համեմատ 2012թ-ի: Հաշվի առնելով ծայրահեղ աղքատության աճը՝ սա նշանակալից մտահոգություն է ստեղծում, քանի որ ընտանեկան նպաստները շարունակում են կարևորագույն դեր խաղալ ծայրահեղ աղքատ ընտանիքների կյանքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է ՀՀ Կառավարության շարունակական ջանքերը ընտանեկան նպաստների հասանելիության բարելավման գործում, այսուհանդերձ, զգալի մտահոգություն կա ընտանեկան նպաստների իրավունք ունեցող, սակայն ընտանեկան նպաստների համակարգից դուրս մնացած ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հարցում: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2011թ. աղքատ ընտանիքների միայն 21%-ը և ծայրահեղ աղքատ ընտանիքների 54%-ն է ստացել ընտանեկան նպաստներ՝ համեմատ 2010թ.  26%  և 67%-ի:

Նմանապես, չնայած  2013թ. կրթության ոլորտում բյուջետային հատկացումները 2.5%-ով աճել են նոմինալ առումով, 2012թ.-ի համեմատ, որպես ՀՆԱ-ի տոկոս, այս ոլորտի հատկացումները  նվազել են 2.5 %-ից մինչև 2.3%, և ըստ 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ 2014թ կնվազեն  մինչև 2.2%.:

Նոր հաստատված բյուջեն նաև պատշաճ ձևով չի աջակցում Հայաստանում հաստատությունների բեռնաթափման  քաղաքականության իրականացմանը՝ ավելացնելով մանկատներին տրամադրվող բյուջետային հատկացումները 140 միլիոն դրամով՝ միևնույն ժամանակ ոչ բավարար միջոցներ տրամադրելով այլընտրանքային ընտանիքի վրա հիմնված խնամքի ծառայությունների ընդլայնմանը, ինչպես օրինակ խնամատարությանը: Չնայած խոցելի ընտանիքներին ծառայություններ մատուցող և երեխաների տեղավորումը հաստատություններում կանխող ցերեկային խնամքի կենտրոններին տրամադրված ֆինանսական հատկացումները աճել են, դրանք մեծապես կապված են Զատիկ մանկատան վերակազմակերպման հետ և չեն նախատեսում նոր ցերեկային կենտրոնների կամ համայնքահեն ծառայությունների ստեղծումը:

Այլ ոլորտներ, ինչպես օրինակ, տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, աղետների դեմ պատրաստվածությունը և կառավարումը, որոնք կարևորագույն դեր են խաղում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման գործում և երեխաներին արտակարգ իրավիճակներում պաշտպանելու հարցում, շարունակում են ստանալ ոչ պատշաճ ֆինանսավորում:

Երեխաների բարեկեցության պահպանումը այն հարցն է, որը չի կարող սպասել, մինչև ֆիսկալ հանգամանքները դա թույլ կտան: Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՀՀ Կառավարությանը ռեսուրսներ և ուղիներ փնտրել երեխաների կյանքի և բարեկեցության կարևորագույն ոլորտներում բյուջետային հատկացումները ավելացնելու համար: Մանկական աքատության և երեխաների սոցիալական պաշտպանության, երեխաների համար առողջապահության ու կրթության հասանելիության  խնդրին արձագանքելու համար լավ մշակված քաղաքականությունը կամ ռազմավարությունը չի հանգեցնի շոշափելի արդյունքների, եթե կայուն ու աճող ֆինանսական ներդրումներ չիրականացվեն համապատասխան ոլորտներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31