Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով տուժողը ԵԿՄ անդամ է ներկայացել

Դեկտեմբեր 07,2012 17:42

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով այսօր  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը:

Նշենք, որ նա թվով 4-րդ տուժողն է՝ Արտակ Բայադյանից, Գարիկ Սողոմոնյանից, Էդգար Նիկոյանից հետո, որը ցուցմունք է տվել:

Մինչ նրա հարցաքննության սկսվելը, այսօր ամբաստանյալ Արման Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, հայտնելով, որ լրատվամիջոցներում տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը իր անունից հայտարարություն է արել: Նրան միացավ նաեւ նրա պաշտպանը՝ փաստաբան Ավագ Լալայանը, որը հայտնեց, որ «Ա1+»-ին Տ. Եգորյանը իր պաշտպանյալին ոչ միայն «Կյաժ» մականունով եւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ է ներկայացրել, այլեւ հրապարակել է նախաքննության ցուցմունքներից, ուստի դիմելով դատարանին, փաստաբանը միջնորդեց, որպեսզի սանկցիա կիրառվի տուժողի ներկայացուցչի դեմ:

Թե մեղադրողը, թե Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը առարկեցին այդ միջնորդության դեմ, մասնավորապես շեշտելով այն, որ այդ միջնորդությունը կապ չունի տվյալ դատավարության հետ եւ արվել է ոչ դատական նիստի ժամանակ, ավելին՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ եթե կա զրպարտություն կամ վիրավորանք, կողմը կարող է դիմել այլ  դատարան:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց այդ միջնորդությունը եւ նաեւ հայտարարեց, որ դատարանը չի կարող սանկցիա կիրառել, առավել եւս՝ իրավասու չէ դատավարական  կողմի գործողություններին միջամտել դատաքննությունից դուրս:

Այսօր տուժող Արկադի Աղաջանյանին հարցաքննեցին մեղադրող Արթուր Դավթյանը, տուժողի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, ինչպես նաեւ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Բնականաբար, հնչում են այն նույն հարցերը, ինչ տրվել են նախորդ տուժողներին. «Կարո՞ղ եք նկարագրել յուրաքանչյուրին՝ խմիչք օգտագործած ժամանակ», «Դուք նախկինում եղե՞լ եք «Հարսնաքարում», «Ճանաչե՞լ եք Դիանա Նավոյանին», «Ի՞նչ սկզբնական խոսակցություն է եղել Վահե Ավետյանի եւ Դիանա Նավոյանի միջեւ», «Երբ Արզնու ձոր էիք գնում, ինչո՞ւ Վահեն իր մեքենան չվարեց, այլ վարեցիք դուք, Արկադի Աղաջանյան», «Ի՞նչ խոսակցություն եղավ մատուցող Դավիթ Ադամյանի եւ Վահե Ավետյանի միջեւ», «Քանի՞ հոգի էին «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում»….

Տուժող Արկադի Աղաջանյանն ասաց, որ 10-15 հոգի է ինքը տեսել ավտոկայանատեղիում, որ իրեն հարվածողներից չի տեսել Գարիկ Մարգարյանին: Նա նաեւ հայտնեց, որ մինչ իր եղբորը զանգելը, երբ անհանգստություն է զգացել, այդ ժամանակ ինչ-որ մեկն ասել է անջատիր հեռախոսը եւ չի լսել իրեն, քանի որ հարցնում էր ով է հայհոյել: Պաշտպանի այն հարցին, թե որեւէ մեկը այլ միջոցի դիմե՞լ է կանխելու խոսակցությունը, նա ասաց, որ ԵԿՄ անդամ չլինելով՝ ասել է, թե երկրապահ է:

Հարցաքննության ողջ ընթացքում Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը դիմում էր անուն-ազգանունով, դրանով իսկ խուսափելով շեշտել տուժողի դատավարական  կարգավիճակը: Ընդ որում, մի դեպքում էլ հարց տալիս նա ասաց, թե իր պաշտպանյալին ճանաչման ներկայացնելու ժամանակ տուժողն ի՞նչ է ասել, ինչին առարկեց ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ասելով, թե պաշտպանը փորձում է նախաքննական ցուցմունք հրապարակել:  Չնայած Մարինե Թովմասյանն առարկեց, թե ինքը հարցեր տալու իրավունք ունի գործի հանգամանքների եւ քննչական գործողությունների վերաբերյալ, սակայն ակնհայտ էր, որ դա քողարկված հարց էր՝ նախաքննական ցուցմունք իմանալու ցանկությամբ:

Տուժողի հարցաքննությունը չի ավարտվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31