«Մենք որեւէ պարտավորություն չունենք ինչ-որ լիկբեզներ անցկացնելու այցի նպատակների վերաբերյալ, բայց քանի որ այսքան աժիոտաժ եւ անառողջ հետաքրքրություն առաջացավ այցի շուրջ, ասեմ, որ այցի նպատակը կուսակցության կապերի ակտիվացումն էր Եվրոպական տարբեր քաղաքական կուսակցությունների հետ»,- Aravot.am-ի հարցին՝ խնդրում ենք ՀՀԿ-ականների համար հստակեցրեք այցի նպատակը, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի պատվիրակության բրյուսելյան այցին՝ հորդորեց ԲՀԿ-ականներին հստակեցնել եւ պաշտոնապես հայտարարել, թե, ի վերջո, ո՞րն է այցի նպատակը, որպեսզի ՀՀԿ-ականներն էլ իրենց դիրքորոշումներում կարողանան հստակ լինել:
Ի դեպ, տիկին Զոհրաբյանի դիտարկմամբ, այցը շատ հրաշալիորեն գովազդվեց. «Մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ նման աննախադեպ գովազդ կարող են ապահովել մեր կուսակցական, աշխատանքային այցին»:
Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատում այցը, մանավանդ որ, եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարեւոր օրակարգ է համարում: Ասում է, որ որոշ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ արդեն հունվար ամսին ԲՀԿ մի քանի պատգամավորներ կրկին կմեկնեն Բրյուսել:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էլ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ ընկալելի թեկնածու է եվրոպական կառույցների համար: Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Զոհրաբյանը պատասխանել է, թե այդ մասին կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ:
Բրյուսելյան այցի եւ տպավորությունների մասին էլ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ իր «ֆեյսբուքյան» գրառման մեջ նկատում է. «Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր: Նախ՝ անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ:
Երկրորդ՝ կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր: Երրորդ՝ անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները: Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ