Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի 24-ամյակ` առանց երկրի նախագահի, վարչապետի, պատգամավորների ու քաղաքական գործիչների (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2012 17:08

 

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից բացի, կառավարության որևէ այլ անդամ այսօր Գյումրի չէր ժամանել`հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ինչպես նեղվեցին Ֆրիդ Սողոյանի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հավաքված գյումրեցիները՝ «Դե էսօր աշխատանքային օր է, շատ զբաղված կլինեն: Մենք ո՞վ ենք, որ հանկարծ գան հարգեն: Ինչքան անկապ օր կա, ոչ աշխատանքային են հռչակում: Կառավարությունը բան-գործ թողած տոներ ու սգի օրեր է սահմանում, էդ ինչպե՞ս եղավ, որ դեկտեմբերի 7-ը հանկարծ աշխատանքային օր դարձավ` գիտենալով հանդերձ, որ այս քաղաքում դա հնարավոր չէ, մարդիկ գերեզմաններից տուն չեն գալիս»:

Ի դեպ, գյումրեցի օգտատերերը ևս այս հարցի շուրջ իրենց վրդովմունքն էին արտահայտել Facebook սոցիալական ցանցում, նրանցից մեկը գրել էր. «Դեկտեմբերի 7-ն է` սովորական աշխատանքային օր: Հետո ի՞նչ որ 25 -30 հազար մարդ զոհվեց: Երեւի արժեր, որ այն հիշատակի օր սահմանվեր: Ու ձևական չգային աղետի գոտի` զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնեին մտահոգ դեմքերի արտահայտությամբ: Զարգացման գոտի հռչակելու ժամանակն է երևի եկել, ինչպես հիշում եք, 10 տարի առաջ հռչակեցին ու մինչև հիմա , ինչպես ասում են` տակից դուրս չենք գալիս»:

Իսկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ իր էջում այսպես էր արտահայտել իր վրդովմունքը. «Դեկտեմբերի 7-ը իմ համար ծանր ու դաժան հիշողությունների օր է, որովհետև այս օրը կորցրեցի իմ կյանքում ամենաթանկագին էակին` մայրիկիս, ու իմ կյանքում այս օրը երբեք չի մոռացվելու: Ցավն այն է, որ այս իշխանությունները այս օրը դարձրեցին աշխատանքային օր, իսկ յուրաքանչյուր գյումրեցու համար այն չի կարող լինել աշխատանքային, քանի որ այցելում են իրենց հարազատների շիրիմներին»:

Երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ էին ուղարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ի դեպ, եթե անգամ չի կարողանում անձամբ գալ, ապա ամեն տարի չի մոռանում իր կողմից ծաղկեպսակ ուղարկել:

Քանի որ աղետից հետո Գյումրիում դեռ հազարավոր չլուծված հարցեր կան, տեղի բնակչությունը, բնականաբար, հավաքված սպասում էր կառավարական շատ և շատ հյուրերի, սակայն նրանց փոխարեն եկավ միայն Սեյրան Օհանյանը, որը Մսի կոմբինատ կոչվող թաղամասում զինվորականների համար նոր կառուցված շենքի բնակարանների բանալիները հանձնեց:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ դեկտեմբերի 7-ին Գյումրի էին շտապում նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այս անգամ ոչ մեկին տեսնել չհաջողվեց, գուցե և այն պատճառով, որ ԱԺ ընտրություններն արդեն անցել են:

Իսկ նախագահի հավանական թեկնածուներից Գյումրիում էր միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր բնավորությանը հավատարիմ , զոհերի հիշատակը հարգելուց հետո քայլում էր փողոցով ու անցորդների առողջությունը հարցնում:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31