Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործազուրկները ցածր աշխատավարձի՞ պատճառով չեն ուզում աշխատել

Դեկտեմբեր 07,2012 16:16

Այսօր Aravot.am-ը «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանից «Հայելի» ակումբում հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ աշխատատեղեր կան եւ ի՞նչ աշխատանքներ են առաջարկում գործազուրկներին, որոնք, ինչպես ՀՀ վարչապետն էր ասել` հրաժարվում են, գերադասելով նպաստ ստանալ: Տիկին Հարությունյանի խոսքերով`«Հարմար աշխատանքը, որն առաջարկվում է, ըստ օրենքի, այն աշխատանքն է, որը համապատասխանում է տվյալ գործազուրկի հմտություններին կամ կրթությանը, տրանսպորտային մատչելիությանը եւ առաջարկվում է տվյալ գործազրկության նպաստից կրկնակի ավել աշխատավարձ: Երբ մենք գործազրկության նպաստ ստացողներին առաջարկում ենք հարմար աշխատանք, իսկ նրանք հրաժարվում են, մենք նպաստը կասեցնում ենք, 340 նման դեպք է եղել»:

Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում նպաստը եւ առաջարկվող աշխատանքների վարձը, որ մարդիկ հրաժարվում են, գործակալության պետն ասաց` «Ընտանեկան նպաստը բազմանդամ ընտանիքի համար 80 հազար է, իսկ միջինը`30 հազարից ավելի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ երիտասարդները հրաժարվում են աշխատանքից, քանի որ նրանց աշխատանքը դիտվում է, որպես եկամուտ եւ ընտանիքը զրկվում է նպաստից, նրանք գերադասում են նպաստը, քան ձեւակերպված աշխատանքը: Այսինքն, կամ նրանք թաքնված զբաղված են, կամ պարզապես գործազուրկի կարգավիճակը ստանում են, որ ընտանիքի միավորը բարձր լինի նպաստի համար»:

Սոցիալական տեսանկյունից, ըստ տիկին Հարությունյանի, շատ կարեւոր է օրենսդրության փոխազդեցության գնահատումը, որպեսզի այնպիսի մոտիվացիա լինի, որ նա գնա աշխատանքի, ոչ թե հրաժարվի առաջարկվող աշխատանքից:

Aravot.am-ը նորից փորձեց ճշտել, թե ի՞նչ աշխատանքներ են առաջարկել, որ հրաժարվել են մարդիկ, քանի որ առողջապահության նախարարությունը մարզերի կլինիկաների համար բժիշկների կարիք ունի, Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսի վարորդների կարիք ունի, եւ գուցե ցածր աշխատավարձի՞ պատճառով են հրաժարվում, տիկին Հարությունյանն ասաց, որ կան աշխատանքներ իսկապես ցածր են վարձատրում, ուստի մարդիկ հրաժարվում են: Օրինակ`առաջարկվող կարողների աշխատավարձը 50 հազար դրամ է եղել, նաեւ վարորդների աշխատանք է առաջարկվում, բայց շատերը հրաժարվում են աշխատավարձի ցածր լինելու պատճառով կամ էլ այլ պատճառներով: Տիկին Հարությունյանի խոսքերով, նաեւ իրենց մոտ գրանցված 4 բժշկի համար ծրագիր են մշակել, սակայն վերջիններս հրաժարվել են գնալ մարզում աշխատել:

Ըստ գործակալության տվյալների` այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում կա 62.7 հազար գործազուրկ, իսկ աշխատանք փնտրողների թիվը 73 հազար է: Ընդ որում, գործազուրկների 73%-ը կանայք են, 21%-ը` երիտասարդներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31