Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ

Դեկտեմբեր 07,2012 16:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնչորսերորդ

ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ

Եվ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «ես էդ կիսադատարկ շշի հետ էնքան կապ ունեմ, ինչքան՝ Վահանն ու Արմենը», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «Արմեն ասելով՝ տիար Շեկունցի՞ն նկատի ունեք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին հարցրեց՝ «իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչու եք փռթկացնում», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «որ Արմենին Շեկունց ես ասում, ծիծաղս գալիս ա», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քմծիծաղով ասաց՝ «իմ ծիծաղն էլ ձեր այդ կիսադատարկ շշի կապակցությամբ է գալիս» եւ տհաճությամբ Ֆերեշեթին նայելով ավելացրեց՝ «բայց մի կերպ ինձ զսպում եմ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոմենտներ են ըլնում, որ չես կարում ծիծաղդ զսպես», եւ Ներսիսյանն անսպասելի ժպտալով արտասանեց՝ «Շեկունց ասելիս ծիծաղս գալիս է», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ավելացրեց՝ «Շեկունց ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է», եւ ես ծիծաղելով Ֆերեշեթին  ասացի՝ «դու հիմա ուրիշ բան պիտի արտասանես»,  եւ Ֆերեշեթը ժպտալով ինձ հարցրեց՝ «ի՞նչ պիտի արտասանեմ», եւ ես ծիծաղելով  ասացի՝ «պիտի արտասանես՝ ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց  ու փռթկացնելով ինձ հարցրեց՝ «մեղադրյալի անսթափ վիճա՞կը նկատի ունեք», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «թեկուզ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ծիծաղը զսպելով ինձ հարցրեց՝ «քաղաքացի Շեկունց, մեղադրյալը պնդում է, որ դուք եւս որոշակի առնչություն ունեք այդ չարաբաստիկ  շշի գոյության հետ», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «էդ ո՞նց էղավ, որ ես մեղադրյալ եմ, իսկ Շեկունցը՝ քաղաքացի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «եթե Շեկունցը գյուղացի լիներ, ի՛նքը գրած  կլիներ՝ ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բայց քանի որ տիար Շեկունցը ոչ գյուղացի է եւ ոչ էլ հարբեցող, կարող է հանգիստ վեր կենալ եւ ցանկացած տեղ գնալ» եւ մի  քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «եթե, իհարկե, գրպանում տոմսի փող ունենա», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «Շեկունցի էդ պառոդիան կարդացե՞լ ես», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով ասաց՝ «եթե ձեզ  թվում է թե՝ ձեր խոնարհ ծառան Անակրեոնից բացի այլ  բան չի կարդացել, կարող եմ վստահեցնել, որ չարաչար եք սխալվում» եւ մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ավելացրեց՝ «հատկապես պարոդիաների հիման վրա գրված պարոդիաներն եմ նախընտրում կարդալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հատկապես՝ երբ դրանք տպագրվում են «Առավոտ» թերթի վերջին էջի ստորին մասում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «էդ ոգով որ շարունակես, շատ ուժեղ Շեկոյանագետ կդառնաս», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «ոչ թե Շեկոյանագետ, այլ՝ Շեկունցագետ», եւ Ներսիսյանը թարս նայեց Վարդանին ու Վահանին եւ անսպասելի ժպտալով ասաց՝ «ծաղրե՜ք, ծաղրե՜ք ձեզանից մեծերին», եւ ես ժպտալով Ներսիսյանին ասացի՝ «էդ ի՛նձ են ծաղրում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «հասկանալի է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեծ ասելով՝ ես հենց ձե՛զ նկատի ունեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «երիտասարդները մեզ բարի պահի են բռնացրել», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «Շեկունցը միշտ էլ բարի ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «արդեն այնքան եք աճել, որ սկսել եք տողատակերո՞վ խոսել» եւ մի քիչ էլ մտածեց ու խիստ տոնով Ֆերեշեթին հարցրեց՝ «Շեկունցի բարի լինելը շեշտելով՝ իմ չար լինելու մասի՞ն եք ակնարկում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մի բան էլ չեմ ակնարկում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ընդամենը փաստն եմ նշում», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞ր փաստը», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Շեկունցի բարի լինելու փաստը», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «եթե ես Շեկոյանին երբեմն Շեկունց եմ ասում, դա ձեզ իրավունք չի տալիս նույնն անել» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհանքով ավելացրեց՝ «դա ձեր կողմից առնվազն թութակություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ստույգ՝ հեղինակային իրավունքի ոտնահարում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «ես Արմենին հանաքով եմ Շեկունց ասում, բայց դու լրիվ լուրջ ես ասում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ես տիար Շեկունցին միանգամայն լուրջ եմ վերաբերվում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «որ լուրջ վերաբերվեիր, Շեկունց չէիր ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «էս մարդու ազգանունը ոչ թե Շեկունց ա, այլ՝ Շեկոյան», եւ ես ժպտալով Ֆերեշեթին ասացի՝ «ես որ չեմ նեղանում, դո՞ւ ինչի ես քեզ վատ զգում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Շեկունցը Շեկոյանից լավ ա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Շեկունցը Շեկոյանից լավ ա, բայց Սեւունցից լավ չի», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի, ձեր հումորը փայլատակում է հիմնականում այն ժամանակ, երբ ձեզնից միանգամայն այլ բան է ակնկալվում ու պահանջվում», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ինձնից ի՞նչ ա պահանջվում», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «կիսադատարկ շշի պատմությունը պիտի պատմես», եւ Ֆերեշեթը թարս նայեց Վահանին ու ասաց՝ «էդ պատմությունը դու ինձնից լավ գիտես», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «բայց պարոն Ներսիսյաննն ուզում ա, որ դու պատմես», եւ Ներսիսյաննն անսպասելի գոռաց՝ «ոչ թե ուզում եմ, այլ պահանջում եմ», եւ Ֆերեշեթը քթի տակ փռթկացնելով Վահանի ականջին ասաց՝ «հես ա դաշնակահարները կհայտնվեն», եւ Ներսիսյանը Վահանին հարցրեց՝ «այդ ի՞նչ է մրմնջում ձեր ականջին», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «հեչ», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «հոդաբաշխ եւ լսելի արտահայտվեք, որպեսզի մյուս ներկաներս էլ փառավորվենք ձեր հազվագյուտ մտքերով», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «դե հիմա հոդաբաշխ ու լսելի պատմի», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմեմ», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «կիսադատարկ շշի պատմությունը», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Վահանին ասաց՝ «որ էդքան շատ ես ուզում, դո՛ւ պատմի», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «պարոն Ներսիսյանն ա ուզում», եւ Ներսիսյանը նորից գոռաց՝ «ես ոչ թե ուզում եմ, այլ պահանջում եմ», եւ Ֆերեշեթը Վահանի ականջին փռթկացրեց՝ «դաշնակահարները», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «ուր ա՝ չեն հայտնվում», եւ Ֆերեշեթը Վահանի ականջին փռթկացրեց՝ «կարող ա մեռել են», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին հարցրեց՝ «էրկուսն է՞լ», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «էրկուսը ո՞նց կարան միանգամից ու միասին մեռնեն», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «ամեն ինչ էլ կարա պատահի», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «Լեւոն Հրաչեւիչն էնքան ուժեղ ա գոռում, որ ամեն ինչ էլ կարա պատահի», եւ Ներսիսյանը, որ մի պահ մտքերով ուրիշ տեղ էր, անսպասելի գոռաց՝ «այդ ի՞նչ եք քչփչում, դեղնակտուցներ», եւ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «ոչ մի բան էլ չենք քչփչում», եւ Ներսիսյանը կասկածանքով նայեց Ֆերեշեթին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «անունս ու հայրանունս ականջովս ընկան», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «ուրիշ բան էինք խոսում», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «ինչպե՞ս թե՝ ուրիշ բան էիք խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ձեզ ո՞վ է ուրիշ բան խոսելու իրավունք տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ձեզնից ընդամենը մի բան է պահանջվում», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ ա պահանջվում», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «այդ դավադիր քչփչոցներին վերջ տվեք եւ անմիջապես սկսեք», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սկսեմ», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «այդ չարաբաստիկ շշի հետ կապված ողորմելի պատմությունը», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ոչ մի ողորմելի պատմություն էլ չկա», եւ Ներսիսյանը չափազանց մեղմ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «սկզբից մինչեւ վերջ հանգամանալից ու մանրակրկիտ շարադրեք, որպեսզի ձեր խոնարհ ծառան էլ համոզվի, որ որեւէ ամոթալի բան տեղի չի ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու չափազանց մեղմ տոնով ավելացրեց՝ «փորձեք հանգամանալից ու մանրակրկիտ շարադրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բանավոր, իհարկե», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «կարող ա՞ գրավոր շարադրեի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «եթե առաջիկայում խմելուց ու խմիչքից ազատ ժամանակ գտնեք, անպայման նստեք եւ գրի առեք այդ քստմնելի պատմությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սերունդները պիտի իմանան՝ ինչեր են կատարվել մեր հերոսական ժամանակներում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «եթե խմիչքից ու խմելուց ազատ ժամանակ գտնեք, անպայման նստեք եւ բարեխղճորեն ու մանրակրկիտ շարադրեք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մարդու աչքը դուս գա՝ անունը դուս չգա» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «ուրիշներն առավոտից իրիկուն խմում են, ես եմ խմողի անուն հանել», եւ Ներսիսյանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «հա. մի կարեւորագույն հանգամանք հաշվի չեմ առել», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ կարեւորագույն հանգամանք», եւ Ներսիսյանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «եթե դուք խմելուն զուգահեռ կարողանում եք ընթերցել, միգուցե փորձեիք նաեւ խմելով գրել այդ պատմությունը», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «բայց պիտի որոշի՝ ինչ խմի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց եւ ուրախացած բացականչեց՝ «էվրիկա՜», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «քեզ ի՞նչ պատահեց, Էֆենդի», եւ Ներսիսյանը ծիծաղելով Ֆերեշեթին ասաց՝ «այդ կիսադատարկ շշի մնացյալ պարունակությունը կում առ կում ըմբոշխնելով՝ բարեխղճորեն եւ մանրակրկիտ կշարադրեք նույն այդ շշի հետ կապված ողջ պատմությունը» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «իսկ հիմա կարող եք բանավոր տարբերակն սկսել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «առանց խմելո՞ւ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «իմիջիայլոց, ես այս առիթով միանգամայն համապատասխան կենաց կարող եմ ասել, որպեսզի ձեզ խմելու հնարավորություն ընձեռվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ միանգամայն անանձնական եւ միանգամայն ընդհանրական կենաց», եւ Ֆերեշեթը բաժակները լցնելով՝ Ներսիսյանին ասաց՝ «դե ասա՝ խմենք», եւ Ներսիսյանը բաժակը բարձրացնելով ասաց՝ «թող Տերն այսուհետ մեզ հեռու պահի նմանատիպ շառերից ու փորձանքներից», եւ մենք մեր բաժակներն իրար խփելով խմեցինք, եւ մեր խմելուց հետո Ֆերեշեթը բաժակը բարձրացրած նայեց առաստաղին ու մրմնջաց՝ «ամենակարող Տեր, աղաչում եմ, ինձ հեռու պահիր նմանատիպ շառերից ու փորձանքներից», եւ երբ մի քանի կում արեց, Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «անպայման պիտի անձնավորեի՞ք» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կարծեմ բոլորիս անունից ու բոլորիս համար խնդրեցի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ես էլ իմ անունից ու իմ համար խնդրեցի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «որովհետեւ մեծամիտ եք», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ մեծամիտ», եւ Ներսիսյաննն արհամարհական պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ կարծում եք թե՝ ձեր ձայնը Բարձրյալին ավելի շուտ կհասնի, քան՝ ձեր խոնարհ ծառայինը»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31