Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանի օպերացիան Գետահովիտում էլ կանեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2012 16:03

Երեկ Գետահովիտ համայնքում տեղի ունեցած ՓՀԷԿ 2-ի նոր նախագծի լսումների ժամանակ բնակիչները ոտքի են կանգնել եւ միաբերան պնդել, որ կտրականապես դեմ են իրենց համայնքում հերթական ՀԷԿ-ի շահագործմանը: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում պատմեցին Գետահովիտ համայնքի բնակիչ Ղազար Ենգիբարյանը, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը եւ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Խաչաղբյուր ՀԷԿ-ը, բնակիչների համոզմամբ, կտրելու է գյուղացու ջուրը, մեծ վնաս է հասցնելու համայնքի էկոհամակարգին եւ անգամ գյուղի ձորակում նոր զարգացող տուրիզմի «գործին է խփելու»:

Գետահովիտցի Ղազար Ենգիբարյանի խոսքերով գյուղում արդեն գործող մեկ այլ ՀԷԿ-ի առկայությունը բնակիչներին «դաս» է եղել, թե ինչպիսի գյուղատնտեսական ու բնապահպանական վնասներ են լինում հիդրոէլեկտրակայանի գործունեությունից: Ըստ նրա, նոր ՀԷԿ-ը կառուցվելու պարագայում նույնիսկ 2 ՀԷԿ-երի մեջ է կռիվն ընկնելու, քանի որ գետի ջուրը ոչ միայն գյուղացիներին չի հասնելու, այլեւ 2 ՀԷԿ-երին էլ չի բավականացնելու: Բնակչի այլ մտահոգությունները` տեսանյութում.

Լեւոն Գալստյանի խոսքերով, իրենց բազմաթիվ բողոքներից հետո բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել նախնական եզրակացությունը, քանի որ ընկերությունը կեղծ փաստեր է ներկայացրել նախարարությանը: Փոքր ՀԷԿ-ի կառուցապատողը նոր եզրակացություն է ներկայացրել, սակայն, ինչպես պարոն Գալստյանն է նշում, բնապահպանության փորձաքննության օրենքի համաձայն չի պատժվել` կեղծ փաստեր ներկայացնելու համար: Պարոն Գալստյանի այլ մեկնաբանությունները` տեսանյութում.

Մարիամ Սուխուդյանն էլ նկատեց, որ, եթե նախարարությունը հետ չկանգնի իր որոշումից եւ ՀԷԿ-ը կառուցի, ապա «Թռչկան 2 օպերացիան» են իրականացնելու նաեւ Գետահովիտում եւ խաղաղ ցույցերի միջոցով գյուղի բնակիչների հետ միահամուռ ուժերով հասնելու են նրան, որ ՀԷԿ-ի կառուցման մտահղացումից բնապահպանության նախարարությունը հետ կանգնի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31