«Ընդդիմությունը դեռ վերջնականապես չի պարզաբանել՝ իր համար ո՞ր ձեւաչափն է նախընտրելի. միասնական թեկնածուով հանդես գալո՞ւ, թե՞ այն ձեւաչափը, որը ենթադրում է, որ թեկնածուներն առանձին-առանձին մասնակցեն ընտրությունների՝ երկրորդ փուլի հնարավորություն ստեղծելով՝ երկրորդ փուլում պաշտպանեն ընդդիմադիր այն թեկնածուին, որը կկարողանա հասնել երկրորդ փուլ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ընտրությունների նախաշեմին ընդդիմության չկողմնորոշվածությունն այսպես բացատրեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, միասնական թեկնածու առաջադրելու պարագայում, ընդդիմությունը ձգտելու է «սեւ ու սպիտակի» իրավիճակ ստեղծել եւ ընտրությունների մասնակցել «կոնսենսուս- Սերժ Սարգսյան» ձեւաչափով: Քաղաքագետը հակված է կարծելու, որ միասնական թեկնածու այդպես էլ չի առաջադրվի, քանի որ ընդդիմադիր ուժերը հակասություններ ունեն՝ երկրի առջեւ ծառացած հիմնահարցերը լուծելու առումով, իսկ ծրագրային բնույթի հարցերում կողմնորոշումների եւ մոտեցումների տարբերություններ կան: Հետեւաբար, եթե միասնական թեկնածու են առաջադրում, ուրեմն, կլինեն «էլեկտորալ կորուստներ». «Եթե ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, որպես միասնական թեկնածուի, ՀԱԿ-ի կողմնակիցների մի զգալի մասը կամ չի գնա ընտրությունների, կամ կմտնի գործարքի, իշխանությունների հետ, որովհետեւ սկզբունքային դիրքերից ընտրությունների մասնակցելու մոտիվացիա չի ունենա: Եվ երկրորդ փուլի հնարավորությունն էապես կնվազի»:
Բացի այդ, Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ, ընդդիմությունը չի գնա միասնական թեկնածու առաջադրելու նաեւ այն պատճառով, որ քաղաքական ուժերը պատասխանատվություն պետք է վերցնեն իրենց վրա: Իսկ ինչ-որ մի թեկնածուին սատարելով՝ այդ պատասխանատվությունից զերծ են մնում: Վերհիշելով 2003-ի ընտրությունները եւ զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրականության հետ, Հովհաննիսյանն ասաց. «Երբ Գեղամյանը 2003-ին մասնակցում էր նախագահական ընտրություններին, որեւէ մեկը չէր կարող առաջին փուլից առաջ ասել, որ նա իմիտացիոն կամ կոմպրոմիսային տարբերակներ աչքի առաջ ունենալով է մասնակցում ընտրություններին: Հընթացս այդ կոմպրոմիսային դեգերումներն ի հայտ են գալիս»:
ՀՀկ-ական Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես համամիտ էր, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես չի գա: Համենայնդեպս, իրերի ներկայիս դասավորությամբ, բանախոսն այդպիսի հեռանկար չի տեսնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ