Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի նախաշեմին գնաճը չի բացառվում

Դեկտեմբեր 07,2012 15:30

Սպառողների իրավունքները,Ամանորի նախաշեմին սպասվող գնաճն այս օրերին արդիական հարցեր են դառնում: Խանութներում հայտնվում է ժամկետանց, թերքաշ սննդամթերք: Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Լուսինե Յաղուբյանն ասաց.

«Վերջին մեկ-երկու ամսվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում շոշափելի գնաճ չկա, սակայն չի բացառվում, որ Ամանորի նախաշեմին որոշ ապրանքատեսակներ գնաճ կունենան»:

Տիկին Յաղուբյանին մտահոգում է այն փաստը, որ զարգացած երկրներում ամանորյա տոներից առաջ սովորաբար զեղչեր են լինում, որոնք դրդում են մարդկանց ավելի շատ առեւտուր անել, սակայն մեր երկրում միանգամայն հակառակն է: Թե անցած եւ թե նախորդ տարիներին Ամանորից առաջ մի շարք ապրանքատեսակների գնաճ է նկատվել, որը պայմանավորված է եղել թե սուբյեկտիվ եւ թե օբյեկտիվ պատճառներով:

«Համեմատելով հոկտեմբեր ամսվա հետ՝ նոյեմբեր ամսին որոշակի գնաճ եղել է, որը կազմել է մոտավորապես 2.6%: Թանկացումներ նկատվել են բանջարեղենի եւ մրգի գնի մեջ»,- ասաց նույն կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ մսամթերքի շուկայում նույնպես Նոր տարվա տոներից առաջ սովորաբար թանկացումներ լինում են ու հնարավոր է՝ այս տարի էլ լինեն:

Բանախոսների կարծիքով՝ խանութներում ու սուպերմարկետներում գնաճ չի լինի, գնաճ ավելի շատ կնկատվի շուկաներում:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի կողմից իրականացված ստուգումների ժամանակ, կազմակերպության նախագահ Լուսինե Յաղուբյանը պատասխանեց. «Մեր կազմակերպությունը իրավասու չէ որեւէ ստուգում անցկացնել, մենք ստուգումներ չենք անցկացնում, այլ՝ միայն մոնիթորինգ: Ստուգումներն անցկացնում է գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչությունը»- ասաց հ/կ-ի նախագահը՝ պարզաբանելով, որ իրենք միայն դիտորդի դեր են ստանձնել:

Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպության նախագահի հավաստմամբ՝ իրենց «թեժ գծին» օրական 20-30 զանգ է գրանցվում, իրենք քննում են բոլոր դեպքերը ու ներկայացնում նախարարության համապատասխան բաժիններին:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31