«Պետությունը չի գնահատում մեր որակյալ կադրերին, որոնց պատրաստման համար մեծ ջանքեր են ներդրվում ծնողների եւ հենց պետության կողմից: Տարիներ են ծախսվում որակյալ կադրեր պատրաստելու համար, բայց հետո այդ ամենը կարծես փուչիկ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղագետ Արեգ Միքայելյանը:
Նա նշեց, որ ուղեղների արտահոսքի հետ մեկտեղ` խնդիր է նաեւ որակյալ կադրերի ոչ նպատակային օգտագործումը. «Այն հանգամանքը, որ որակյալ կադրերն աշխատում են ցածր որակ ապահովող ոլորտներում, կորուստ է առաջացնում: Երեւանում տաքսիստ կա, ով Քեմբրիջի համալսարանն է ավարտել. արտասահմանցի հյուրերը ապշած էին նրա անգլերենի իմացությամբ: Այդպիսի օրինակներ էլի կան: Հաճախ մեր բուհերի շրջանավարտները համապատասխան աշխատանք չեն գտնում եւ տեսնում են, որ գիտությամբ հնարավոր չէ ընտանիք պահել: Առհասարակ, մարդկային ռեսուրսներն ամենակարեւորն են եւ ապահովում են երկրի բարեկեցությունը»:
Աստղագետի խոսքով. «Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց նորմալ աշխատատեղեր ապահովելու խնդիր կա: Մասնագետներ պատրաստելու կոորդինացված քաղաքականություն չկա: Հաշվի չեն առնում, թե որքան մասնագետներ են յուրաքանչյուր տարի տալիս բուհերը եւ ինչ ավելցուկ է առաջանում»:
Արեգ Միքայելյանը փաստեց, որ հայերն իրենց պատմության ընթացքում միշտ էլ գործել են արտերկրում, հատկապես` Եվրոպայում. «Դա պետականություն չունենալու հետեւանք է եղել: Մենք քոչվոր չենք եղել, պարզապես պետականության բացակայությունն է հանգեցրել ուղեղների արտահոսքին: Առհասարակ, արտասահմանում աշխատողը իր ազգի կերպարն է ներկայացնում. հաճախ հայերը, օրինակ, դրսում զուգարան են մաքրում կամ գողություն անում եւ խայտառակում հայ ազգի պատիվը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ