Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածու

Դեկտեմբեր 07,2012 14:07

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ նախորդ նախագահական ընտրություններից առաջ դուք բավական երկար պատրաստվեցիք, հիմա հաշված օրեր են մնացել, հայտնի չէ՝ ով է ձեր թեկնածուն, ոնց եք մասնակցելու, ե՞րբ հստակություն կմտցնեք այս հարցում: Նա պատասխանեց. «Դա պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: 2007 -ը բացարձակապես համեմատելի չէ 2012-ի իրավիճակի հետ: Աննախադեպ անվստահության մակարդակ կա այսօր: Այսպիսի իրավիճակ երբեք որեւէ ընտրություններում չի եղել, որ ժողովուրդն այսպիսի դեպրեսիվ վիճակում լինի: Մենք շտապելու խնդիր չենք տեսնում, նաեւ սարերի ետեւում չէ, բայց կարգ կա: Ի՞նչ իմաստ ունի առաջ ընկնել, երբ որ շատ խնդիրներ դեռեւս չեն լուծվել»:

Հարցին՝ եթե հստակեցվի, համաձայնության գաք ձեր առաջարկների շուրջ, որոշվի «ճանապարհային քարտեզը», Գագիկ Ծառուկյանը ՀՅԴ-ի պատկերացրած թեկնածո՞ւն է, դուք կընդունե՞ք Գագիկ Ծառուկյանին՝ որպես Դաշնակցության թեկնածու՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Երբ որ մենք այդ փուլն անցնեք, մենք կունենանք մի պլատֆորմ, որի շուրջ միշտ էլ ժողովրդին համախմբելու հիմք կունենանք: Պատկերացրեք մի վիճակ, երբ 4-5 քաղաքական ուժ որոշում են, որ սա է իրավիճակը, ճանապարհային քարտեզը եւ երաշխիքները, որ այս օրակարգն իրականություն կդառնա: Դրանից հետո որեւէ քաղաքական ուժ, անկախ այն բանից, եթե միայնակ շարունակեց իր ճանապարհը, պարտավոր է այս օրակարգը պահպանել: Պարտավորված է, որովհետեւ կբացահայտվի մարդկանց դեմքը: Այստեղ մենք չենք եկել խաղեր խաղալու, սակարկելու համար: Մենք եկել ենք համոզումով, որ այս օրակարգն այս երկրի համար ամենաճիշտ օրակարգն է»:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածու. «Այսօր բոլորն էլ կարող են լինել: Ես որեւէ մեկին չեմ բացառում»:

Նա հաստատեց նախորդ քառօրյայի ամփոփման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են սատարել Սերժ Սարգսյանին ընտրություններում, եթե իրենց առաջարկած 7 կետերն ընդունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31