Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ ՀԱԿ-ին. «Անփոփոխելի ինչ-որ մի առաջարկ բերել եւ ասել՝ սրան կամ միանում եք, կամ չեք միանում՝ սա ոճ չի»

Դեկտեմբեր 07,2012 13:56

Այսօր ԱԺ քառօրյա նիստն ամփոփելիս լրագրողները Արմեն Ռուստամյանին փոխանցեցին  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտնած այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համայն հայության, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Ջավախքի, Արցախի հավաքական թեկնածուն է: Հարցին՝ դուք տեղյա՞կ եք միացյալ Հայաստանի տրամադրություններին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդպիսի հարց դեռեւս չի քննարվել՝ միացյալ Հայաստանի սահմաններում»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ, այսպես ասած, ներքին պայմանավորվածություն կա, որ գոնե այս փուլում ընդդիմությունը համախմբված լինի, ամբիցիաները մի կողմ թողնեն ու եթե անգամ որեւէ հարցում տարաձայնություն ունեն, իրար օգնեն, սակայն ՀՅԴ-ն այլ կերպ վարվեց՝ չմիանալով Սահմանադրական դատարան դիմելու իրենց ստորագրահավաքին: Aravot.am-ի հարցին՝ դուք խախտե՞լ եք ընդդիմության միջեւ ներքին պայմանավորվածությունը դրանով՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ներքին այսպիսի պայմանավորվածություն չկա: Կա այսպիսի տրամաբանական մոտեցում, որ ընդդիմությունը պետք է միավորի իր ջանքերը, որ կարողանա ինչ-որ հարցեր լուծել: Բայց կոնկրետ տվյալ պարագան բացարձակապես այլ էր: Եթե այսպիսի մտադրություն ունենայինք մենք՝ խափանել այդ համագործակցության հնարավորությունը, մենք մնացած բոլոր հարցերում չէինք համագործակցի: Բազմաթիվ են  դեպքերը, երբ մենք միասնական մոտեցում ենք ունեցել, որտեղ գտել ենք, որ  տրամաբանված է, ճիշտ է: Բայց գիտեք, ինքնանպատակ, մենակ ինչ է թե ցույց տանք, որ մենք միավորվում ենք, իրար հետ համախմբված գնում ենք առաջ, դա երկար ճանապարհ չի կարող անցնել, եթե հիմքում ամբողջական համոզում բոլորի մոտ չկա, որ տվյալ քայլը ճիշտ է: Աստված տա, որ Սահմանադրական դատարանում մեր գործընկերների գործը հաջողվի, բայց գիտեք, երբ իրար հետ միասնական գործ ենք ուզում անել, սա ենթադրում է, որ լսեն գործընկերների կարծիքները, առաջարկներն ու դիտողությունները: Անփոփոխելի, անվերանայելի ինչ-որ մի առաջարկ հրապարակ բերել եւ ասել՝ սրան կամ միանում եք կամ չեք  միանում՝սա ոճ չի: Այսպիսի ոճով մենք որեւէ մեկի հետ չենք աշխատել, եւ չենք էլ պատրաստվում աշխատել: Մենք ասում ենք՝ այո, հակասահմանադրականության հարց կա, բայց այն ձեւով, ինչ ձեւակերպված է՝ կիսատ է: Քվորում հասկացությունը քվեարկության հետ է կապված: Քվորումը նիստի հետ կապված, երբ որ սահմանում են ու դրանով խոչընդոտում են որեւէ նիստի գումարում, դա չի կարող արգելափակվել այդ ձեւակերպումով: Խոսքը պետք է վերաբերվեր ոչ միայն արտահերթ կամ հերթական նիստի հետ կապված, այլ պետք է ասվեր, որ քվորում հասկացությունը կիրառել հակասահմանադրական է: Այն, ինչ արել է մեծամասնությունը, դա իրենց իրավունքը չէ, պարտականությունն էր մասնակցել նիստին: Այս հարցը, միեւնույն է, օրակարգ է բերվել: Սահմանադրական առումով անգործության ԱԺ-ի հետ կապված սահմանում կա: Եթե ԱԺ-ն իր կողմից քննարկվող հարցի վերաբերյալ 3 ամիս անընդմեջ որոշում չի կայացրել, կարող է ցրվել»:

Ըստ Արմեն Ռուստամյանի,ԱԺ Էթիկայի հանձնաժողովը շատ ավելի հավասարակշռված կազմ ունի, եւ սա հիմք կտա, որ հաջորդ իրենց հայցում ունենային նաեւ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31