Լրահոս
Օրվա լրահոսը

Անխիղճները

Դեկտեմբեր 07,2012 13:45

Այս նիւթը վերնագրելու տարբերակների համար երկար մտածեցինք: Ի՞նչ վերնագիր դնել, որ բնորոշի յօդուածի հաւաքական գաղափարը: Փորձեցինք գրել. «Գողը տնից լինի, եզը երդիկից կը հանեն», կամ՝ «Հայեցի մտածող սերունդ կ’ունենա՞նք», եւ կամ՝ «Մեր ունեցածը ումի՞ց պաշտպանենք, թշնամո՞ւց, թէ՞…»: Խորհրդային փարլամենթի պաշտօնաթերթի՝ [«Իզվեստիա» (լրաբեր)] մէջ ռուս յայտնի լրագրող Տատեանա Տեսսը իր մի յօդուածում բոլոր տեսակի չարիքների հիմքը, ընդհուպ մարդասպանութիւնը, համարում էր անխղճութիւնը: Եւ մենք էլ յօդուածը վերնագրեցինք՝ ԱՆԽԻՂՃՆԵՐԸ:

Ամէն անգամ, հիւրաբար հայրենիք այցելած եւ հայրենաբնակ ընկերներով միասին Երեւանում զբոսնելիս, ի տես ամենուրէք «հայեցի» այլանդակութեան փաստերի, ստիպուած ենք լինում մտորել մեզանում արդէն համաճարակ դարձած չարամտութեան, կեղծիքի, վնասարարութեան, անդաստիարակութեան բազում դրսեւորումների, նաեւ դրանց հետեւանքների համար մեր անպատժելիութեան համախտանիշով (սինդրոմ) վարակուածութեան շուրջ: Այս համատեքստում իրենց «պատուաւոր» տեղն ունեն նաեւ մեր պատասխանատու շատ իշխանաւորների անտարբերութիւնը, հանցաւոր անհոգութիւնը, օլիգարխական տգէտ մտածելակերպով սեփական ես-ի «բարձրութեանը» գերի լկտի գործելակերպը: Տարիներ առաջ Ն. Որբերեանի ստորագրած՝ «Տեր կանգնենք մեզ եւ մեր ունեցածին» խորագրի ներքոյ յօդուածների («Արմինըն Ռիփորթեր», «Նոր Կեանք» շաբաթաթերթերում) նպատակը միտուած էր մեր ազգային ինքնութեան գիտակցմանը նպաստելու նպատակով ժողովրդին իր ազգային արժէքները ծանօթացնելուն, դրանք թշնամիների կողմից սեփականելու եւ իւրացնելու նկրտումները բացայայտելուն: Սակայն այսօր առաւել հրատապ է դարձել այդ արժէքների ոչ միայն գործնականօրէն կարեւորումը, ուրիշներին պատշաճ կերպով դրանք ներկայացնելը, այլ նաեւ մերոնցի՛ց փրկելու անհրաժեշտութիւնը:

Տարիներ շարունակ Հայաստան այցելող զբօսաշրջիկը՝ օտար թէ սփիւռքահայ, շաբաթ եւ կիրակի օրերին անպայման այցելում է վերնիսաժ կոչուած շուկան՝ գնելու եւ հետը տանելու համար մեր բազմաշնորհ ժողովրդի՝ ազգային-աւանդական ոճով, ճաշակով պատրաստուած իսկապէս ընտիր յուշանուէրներ: Իսկ ի՞նչ յուշեր է իր հետ տանելու այդ զբոսաշրջիկը, երբ Հանրապետութեան (գլխաւոր) հրապարակից սկսուող այդ շուկան անցնում է Կառավարական թիւ 1 եւ թիւ 3 շէնքերի միջեւ գտնուող ճեմուղի-զբօսայգիով (նախկինում կոչւում էր նաեւ գլխաւոր պողոտայ), ուր քաղաքապետարանի անտարբերութեան հետեւանքով ծառերը չորացել են, վերացել են կանաչապատ սիզամարգերը, չեն գործում շատրուանները, իսկ ցամաքած ջրաւազանները դարձել են ամենաիսկական աղբանոցներ: Միմեանց յաջորդող քաղաքապետերի աշխատանքային գործունէութեան բնորոշիչ պատկերն է սա: Ժամանակին համարակալուեցին հին Երեւանի 19-րդ դարի պատմական դէմք համարուող ինքնատիպ շենքերի քարերը, իբր դրանք հաւաքելու, առանձին, յատուկ միջավայր ստեղծելու նպատակով յատկացուած տեղում վերականգնելու համար, սակայն դրանք կա՛մ «ճարպիկները» սեփականացրեցին, կամ էլ քանդուեցին էքսկաւատորի կնճիթի մետաղեայ անտարբերութեամբ՝ ցայսօր չբնակեցուած «էլիտար» շէնքեր կառուցելու համար: Շինարարական աղբը դատարկում են՝ ուր որ պատահի, նոյնիսկ Էրեբունի կամ Կարմիր բլուրի եւ այլ պատմամշակոյթային տարածքներում: Եթէ քաղաքի մեծերը հնարաւոր համարեն, կարելի է այդ շինարարական աղբը դատարկել Երեւանեան լճի պատնեշի (Դամբի) միւս կողմի շարունակման տեղում, ստեղծելով լրացուցիչ օգտակար տարածք՝ թեկուզ ծառապատելու համար: Իսկ կենցաղային աղբը, կարծում ենք, դեռ երկար ժամանակ աղբահանութեան վարձը մուծող (կամ չմուծող) երեւանցին կը թափի քաղաքի փողոցներում ու ոռոգման ջրատարների մէջ՝ քանի դեռ ղեկավար այրերը (երեւանցու համոզումով), կը շարունակեն ամէնքիս յայտնի նպատակներով «բազար» անել աղբահանութեան եւ աղբամշակման համար ներդրում անել ցանկացողների հետ: Երեւանցին ժամանակին ունեցել է Հասրաթեանի պէս քաղաքապետ, ում ներդրած շատ նորութիւնների շնորհիւ քաղաքը քաղաք դարձաւ: Այդ նորութիւններին ծանօթացող նախկին Խորհրդային միւս հանրապետութիւնների պատուիրակները Երեւանից աւելի քան 16 միջոցառումներ ընդօրինակեցին՝ իրենց մայրաքաղաքներում ներդնելու համար: Այսօր մենք անկարող ենք (կամ չենք ձգտում) վերցնել աշխարհում եղած՝ ուրիշների լաւ օրինակներից գոնէ մէկը՝ կանաչ տարածքներն ու ծառերը պահպանելու հարցում (մի՞թէ մեր իշխանաւորները չեն դիտում «Օտար ամայի ճամփեքի վրայ» հաղորդաշարի ցուցադրած՝ այլ երկրների օրինակները): 60-ական թուականներին, Երեւանում նորաբաց Սայաթ-Նովա փողոցի ամբողջ մայթերի երկայնքով տնկուեցին մեծ աշուղի խորհրդանշանը դարձած, սիրած վարդենիների հարիւրաւոր թփեր: Ի հեճուկս որոշ յոռետես քննադատների, հաճելի զարմանքով նկատուեց, որ այդ ժամանակուայ երեւանցիները բացուած վարդերը չէին պոկում, դրանք մնում էին թփերի վրայ, իսկ մայթերին մերձ սիզամարգերը չէին կոխկրտում: Այդ երեւանցիների օրօք 1965-ին եւ 1988-ին փողոցներում եւ հրապարակներում հաւաքուած հարիւր հազարաւորների մասնակցութեամբ առաջին հանրահաւաքների ժամանակ քրէական յանցանքները զրոյանում էին, գողութիւններ չէին լինում, հանրահաւաքի մասնակիցների համար (նաեւ տօն օրերին) դնում էին ուտելիքի ձրի սեղաններ, ամառուայ տապին ծարաւից ուշաթափուողի համար մի բաժակ ջուրը միւս ծարաւեալները ձեռքից ձեռք փոխանցելով հասցնում էին հրապարակի միւս ծայրը՝ առանց մի կում վրայից խմելու: Նոյնիսկ առանց պատկան մարմինների թոյլտւութեան, այդ հաւաքների շուրջը շարուած էին լինում շտապ օգնութեան մեքենաներ եւ քաղաքային փոխադրամիջոցներ՝ կամաւոր կերպով եւ ձրիօրէն սպասարկելու համար «միտինգաւոր» քաղաքացիներին: Նրանք պարզապէս առաջնորդւում էին իրենց խղճի թելադրանքով:

Այսօր շատերը փորձում են գործարարութեամբ զբաղուել՝ անօրէն եւ կասկածելի բաղադրութեամբ ժամկէտանց դեղեր եւ կաթնամթերք, արտօնագրի խախտումով կեղծ ապրանքներ ու սնունդ վաճառելով, հիւանդանոցներում հիւանդի համար ձրի յատկացուած դեղերը հիվանդի տիրոջը ծախելով: Ժամանակին, երեւի թէ մետաղի ջարդոնի յանձնման համար, անհետացրին Բանուորի արձանը (երեւի գիտէին, որ շուտով աշխատատեղեր եւ բանուորներ չեն լինելու): Գողանում են ոչ միայն գերեզմանների, այլ նաեւ նշանաւոր անձանց տան կամ նրանց անունով կոչուած կամ նրանց աշխատած հաստատութիւնների պատերին փակցուած մետաղեայ յուշատախտակները, մեր մեծերի յուշարձանների մետաղեայ մասերը: Սրանք արդէն չես կարող իշխանական հրահանգ համարել: Այստեղ խիղճը կորցրած երեւանցիներն են, ովքեր թերեւս գործում են ամենուրէք իշխող ամենաթողութեան եւ անպատժելիութեան համախտանիշի կանոնները իւրացրած: Այդպիսիները՝ պատասխանատւութիունից ու Խղճից զուրկ մարդիկ, գողանալու մոլուցքով կուրացած՝ յաճախ ցնցումնավտանգ (սեյսմիկ) տարածքում էժան, ցածրորակ շինանիւթով ու անորակ աշխատանքով շէնքեր են կառուցում՝ դեռ չաւարտուած փլուելու համար: Նման անխիղճները սողոսկել են նաեւ պետական մարմիններ, դառնալով վայ – ղեկավարներ: Այդ ղեկավարները իրենց մակերեսային մտածողութեամբ որոշումներ են կայացնում յօգուտ օլիգարխների, նախ՝ մշակութային արժէքների ցուցակից հանելով եւ ապա թոյլատրելով քանդել արուեստի արժէքաւոր կառոյցները: Այդպէս վարուեցին Երեւանի զարդերից մէկի՝ ծածկած շուկայի նկատմամբ, կամ՝ թոյլատրեցին բետոնէ կառոյցներ հիմնել ուսանողական այգում՝ աստղագէտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի արձանի «քթի տակ»: Նոյն կերպ փորձում էին նաեւ բետոնապատումներով վերացնել Մաշտոցի պուրակը, քանդել «Մոսկուա» կինոթատրոնի ամառային բացօդեայ ինքնատիպ կառոյցը, բարեբախտաբար վերջին երկուսը փրկուեցին արթնացած ժողովրդի ջանքերով: Վախ կայ, որ օտարազգի նշանաւոր արուեստագէտների կարծիքով 20-րդ դարի Եւրոպայի լաւագոյն ձիարձանը համարուող Սասունցի Դավիթի արձանը երկար չի դիմանայ՝ ժանգոտուելու եւ լիարժէք խնամք չունենալու պատճառով: Այդօրինակ պաշտօնեաները բնութեան բարիքները կամ պետական արգելոցները պահպանելու հարցում (օրինակ՝ Խոսրովի անտառում) անտեսում են բնապահպանների հնչեցրած ահազանգերը: Երկու տարի է, որ «հայ» կոչուած համբակներ, ջարդելով եւ հսկայ բեռնատարները բարձելով, գողանում են բնութեան եզակի երեւոյթի դրսեւորում համարուող՝ Քարերի Սիմֆոնիա կոչուող բազալտէ սիւնաշարերը Գառնի-Գեղարդի հրաշք ձորում: Ինչո՞ւ նախագահի սպառնալիքից յետո՛յ միայն, ոստիկանապետի հրամանով, լոկ մէկ օրուայ համայցային ստուգումով կարողացան բռնել Տաւուշում ապօրինի ծառահատողների փայտով բարձուած 100-120 բեռնատարները: Ինչպէ՞ս կարող էր եզակի Ազգային գրադարանը պահպանող ոստիկանը առանց վախի համարձակուել եւ եօթը հոգու ներգրաւելով, ոմն վրացու վաճառել դարաւոր հնութիւն ունեցող, մատենագիտական արժէք ներկայացնող 150 կտոր գիրք (7,5 միլիոն դրամի արժողութեան): Ենթադրելի է, որ տնօրէնը տեղեակ էր, այլապէս գործից չէր հեռացնի ահազանգողին: Պետական Պատկերասրահից անհետացել են տասնեակներով նկարներ, կորստեան են մատնուել աշխարհում եզակի վարպետ Էդ. Տեր-Ղազարեանի հազուագիւտ որոշ մանրաքանդակներ՝ դրանք պահպանելու եւ ցուցադրելու համար տեղ չյատկացնելու պատճառով: Նոյնպիսի անխիղճներ իրենց կեղտոտ ու հայրենադաւ գործն են անում արդարադատութեան, կրթութեան ու գիտութեան բնագաւառներում, նոյնիսկ բանակում, ամենուրէք: Պատճառները ակնյայտ են ե՛ւ հայաստանցու, եւ թէ սփիւռքահայի համար:

Պաշտօնեաների մեծ մասը իրենց վստահուած գործին ազնւօրէն եւ ստեղծագործ մօտեցումով վերաբերելու փոխարէն մտածում են սեփական գրպանի, ազգի հաշուին հարստանալու մասին: Կոռուպցիայի դէմ պայքարը վերածուել է սոսկ գովազդի: Գրեթէ երկու միլիոնանոց երկիրը զարմանալիօրէն չի կարողանում բարգաւաճել, երբ դրսից՝ օտար պետութիւններից ու միջազգային կազմակերպութիւններից, սփիւռքից հսկայական բարեգործական օգնութիւններ եւ ներդրումներ են կատարւում: Շարքային հայաստանցին չտեսնելով խնդիրների լուծումների իրական քայլեր, ինքն էլ իր հերթին դառնում է անխիղճ քաղաքացի՝ կոտրելով Շարլ Ազնաուրի եւ Մհեր Մկրտչեանի արձանների կաւէ ձեռքերը: Երկրաշարժից ու շրջափակումից տուժուած ժողովրդին օգնութեան ձեռք մեկնեց ամբողջ աշխարհը՝ աչքի առաջ ունենալով իրենց երկրներում ապրող սփիւռքահայերի ազնիվ կերպարը, նոյնիսկ մտքի ծայրով չանցկացնելով իրենց ուղարկած օգնութիունը վերավաճառելու (սպեկուլյացիայի) առարկայ դառնալը: Օտարների մօտ սփիւռքահայի ազնիւ կերպարը (իմիջը) մասամբ խաթարուեց Հայաստանից արտագաղթածների մի որոշ մասի անխիղճ գործունէութիւնը տեսնելով: Արդիւնքում, սփիւռքահայի մօտ հայրենաբնակի նկատմամբ գնալով աւելի ու աւելի բացասական կերպար է ձեւաւորւում: Սոցիալ-տնտեսական վատագոյն պայմաններում ապրող մեր դժբախտ հայրենակիցներին օգնելու խանդավառութիւնը աստիճանաբար մարում է (ցաւօք սրտի): Հայրենիքի եւ սփիւռքի համար այնքան կարեւոր ու լիարժէք միասնականութեանը խանգարում են հայաստանեան աւելի ու աւելի «ծաղկող» արատաւոր բարքերը: Բնականաբար կարծիք է կազմւում, թէ խարդախել ու կեղծել չիմացողը, ստելուն ու գողանալուն չվարժուածը, կեանքում տիրող անարդարութիւնները չհանդուրժողը, ստորացուած ապրելուն հարմարուել չկարողացողը հայեացքը հառում է արտասահմանին, նոյնիսկ Թուրքիային: Սրանք ծնում եւ սնում են ժամ առ ժամ ուռճացող արտագաղթային քաղցկեղը: Սա մտահոգիչ է, պէտք է կանգնեցնել շարունակուող, անհեռանկար ու ազգակործան այս երեւոյթը: Հարկաւոր է առանց խղճի խայթի վերացնել տարբեր խաւերում գործող անխիղճներին, վերստեղծել խղճով հայի անբասիր կերպարը. որովհետեւ խիղճ ունենալը նշանակում է ոչ թէ խեղճ լինել, այլ ազնիվ ապրելու հաւատամքը ունենալ. որովհետեւ քո ներսի խիղճը քո Աստուածն է:

ՊԵՐՃ ՅԱԽԱՆԷՋԵԱՆ

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

29 նոյեմբերի 2012

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31