Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարված քոլեջները կպայքարեն

Դեկտեմբեր 07,2012 13:40

ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի N1425-Ն որոշմամբ «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի էստրադային-ջազային արվեստների պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման արդյունքում վերակազմակերպվել են եւ միացվել առաջինը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին, իսկ երկրորդը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:

Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու քոլեջները 2010թ. մշակույթի նախարարի հրամանով միավորվել էին, բայց միացումը այդպես էլ չէր կայացել: Ըստ մեր տեղեկությունների՝ քոլեջներում բարձրացել է դժգոհության ալիք, իսկ դեկտեմբերի 4-ին էլ մշակույթի ու ԿԳ նախարարների հրամաններով ստեղծված հանձնաժողովները քոլեջներում սկսել են լուծարման աշխատանքները, որի վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

«Առավոտն» այցելեց երկու քոլեջներ: Մշակույթի քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանն այս օրերին իր երկու սաների հետ Իտալիայում է՝ միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով, իսկ Էստրադային-ջազայինի տնօրեն Ռուբեն Սարգսյանը, ինչպես տեղեկացրին մեզ, աշխատանքային հանդիպման էր:

Զրուցեցինք Մշակույթի քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանի եւ Էստրադային-ջազայինի փոխտնօրեն Կարինե Թադեւոսյանի հետ: Նկատենք, որ երկու փոխտնօրեններն էլ ընդգրկված են լուծարման հանձնաժողովներում: Պարոն Կիրակոսյանին եւ տիկին Թադեւոսյանին հուզում է իրենց աշխատողների ու սաների հետագա ճակատագիրը (Մշակույթի քոլեջն ունի 51 աշխատող, 300 սան, Էստրադային-ջազայինը՝ համապատասխանաբար՝ 46 եւ 99): Երկուսն էլ փաստեցին, որ կրթական բարձր մակարդակ ունեցող երկրներում տարբեր ոլորտների աշխատողների շուրջ 70 տոկոսը ունի միջին մասնագիտական կրթություն եւ, ի վերջո, ինչ որակավորում պետք է ստանան (բարձրագո՞ւյն, թե՞ միջին մասնագիտական) իրենց այն ուսանողները, ովքեր ուսանում են ավարտական կուրսում: Վ. Կիրակոսյանն էլ մեջբերելով վարչապետի վերջերս հնչեցրած միտքը, թե անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ ինչո՞ւ եղածը չպահպանել:

Մեր զրուցակիցները հաստատեցին այն, որ նման որոշումից դժգոհ են ոչ միայն իրենք, այլեւ սաներն ու ծնողները, հետեւաբար հարցրինք՝ կառավարության որոշումն արդեն կա, ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել: Վ. Կիրակոսյանը հայտնեց, թե իրենք աշխատում են հանգստացնել սաներին ու ծնողներին եւ Նադեժդա Սարգսյանի գալուն պես իրենց հիմնավորված դժգոհություններն առաջարկներով կփոխանցեն ՀՀ նախագահին ու կառավարությանը: Կ. Թադեւոսյանի խոսքերով էլ՝ բավարարված կլինեն, եթե շարունակեն իրենց գործունեությունը Երեւանի կոսերվատորիային կից՝ իբրեւ բազային քոլեջ ու առանձին իրավաբանական միավոր:

Մշակույթի քոլեջի փոխտնօրենը ներկայացրեց, որ իրենց մոտ ուսուցումն ընթանում է 7 մասնագիտությունների գծով, որոնց թվում, օրինակ, արվեստի ստեղծագործությունների վերականգնող մասնագիտությունը միակն է հանրապետությունում: Էստրադային-ջազայինի փոխտնօրենի փոխանցմամբ էլ՝ քոլեջն ունի 5 բաժին ու գիտակցում են, որ կոնսերվատորիան ունի այդ դասարանները՝ բացի ժամանակակից պար բաժնից ու վստահ են, որ իրենց պահանջները ցանկության դեպքում կբավարարեն՝ Էստրադային-ջազային քոլեջին տալով իրենց առաջարկած կարգավիճակը:

Դիտարկմանը, թե երկու փոխտնօրեններն էլ ընդգրկված են լուծարման հանձնաժողովներում ու առանց նրանց ստորագրության, փաստորեն, լուծարումը չի իրականանա, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե տեղյակ չեն եղել, որ հանձնաժողովում են, նաեւ հավելեցին, թե պայքարելու են մինչեւ վերջ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31