Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց «Ուազ» մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Լևոն Յազիչյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանը: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Պետրոսյանն ու ավագ քննիչ Հայկ Դելեյանը քննչական գործողություններ են կատարում փորձագետ-քրեագետների հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուազ» ավտոմեքենայի մեջ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հաշվառված 40-ամյա Վարդան Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դիակի կողքը հայտնաբերվել է «Տոզ» տեսակի ակոսափող հրացան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքր չկան և հավանական է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, որ տեղում են նաև զինվորական ծառայության աշխատակիցներ, քանի որ Վ. Խաչատրյանը աշխատում էր Նուբարաշենում տեղակայանված ՀՀ ՊՆ X զորամասում որպես թիկունքի պետի վարորդ:
Հաշվի առնելով դեպքի լրջությունը՝ ժամանել է նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հովհաննես Սուքիասյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը կուղարկվեն ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: