Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի ցուցմունքները չէին կարող հետազոտվել

Դեկտեմբեր 07,2012 13:32

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Էդգար Կարաքեշիշյանի կողմից «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենից խոշոր չափի՝ 900 000 դրամ, կնիքների եւ փաստաթղթերի հափշտակության գործով դատական քննությունը: Իմ պաշտպանյալ Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու համար:

Դատավոր Արշակ Վարդանյանը կամայականորեն փոփոխելով դատավարության կարգը, որոշում է կայացրել հրապարակել ցուցմունքներ, որոնք Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ենթակա չէին հրապարակման:

Սույն քրեական գործով նախաքննական մարմինը մեղադրական եզրակացության մեջ, որպես Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորող ապացույց է վկայակոչել՝ որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ՝ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Գտնում եմ, որ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ, որպես մեղադրյալ տրված ցուցմունքները, հրապարակման միջոցով չեն կարող հետազոտվել հետեւյալ հիմնավորումներով:

Ինչպես երեւում է սույն գործի փաստական տվյալներից, ապա նախաքննության ժամանակ Արտաշես Գալուստյանը հարցաքննվել է գտնվելով կամ կասկածյալի, կամ մեղադրյալի կարգավիճակում:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարաններն արդարադատություն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին համապատասխան:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության եւ դատախազության մարմինների, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատարանի իրավասությունը, նրա կողմից քրեական դատավարության իրականացման կարգը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին գործերի կամ անձանց կամ որոշակի իրավիճակի համար կամ որեւէ ժամանակահատվածով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի ցուցմունքի հրապարակումը նախատեսված է 337-րդ հոդվածով, որտեղ սահմանված է, որպես մեղադրյալի ցուցմունքի հրապարակման սպառիչ ցանկը՝

Նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է, եթե՝

1) Ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին.

2) Էական հակասություններ կան դատական քննության ընթացքում տված ցուցմունքների եւ նախորդ ցուցմունքների միջեւ: Այս դեպքում ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց եւ առաջադրված հարցերին պատասխանելուց հետո:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, իսկ իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոխվի դրա իմաստը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները եւ դրանց կիրառման կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների վճարման կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածով՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի ցուցմունքների հրապարակման դեպքերը թվարկված են սպառիչ, իսկ   ինչպես երեւում է վկայակոչված նորմերի վերլուծությունից, ապա դատարանը նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակում լիազորված չէ հրապարակելու, որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ՝ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Այլապես, դատարանը կամայականորեն կփոփոխի քրեական դատավարության իրականացման կարգը, ինչպես նաեւ դատավորի գործողությունները չեն համապատասխանի «անկախ եւ անկողմնակալ» բնորոշմանը:

ԼԻՊԱՐԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31