Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի շուկան կկանոնակարգվի, անապահով քաղաքացին դեղ կստանա

Դեկտեմբեր 07,2012 13:28

«Նախագահի կողմից խնդիր էր դրվել դեղերի, բժշկական օգնության ծառայությունների որակի, դեղերի շրջանառության, պետական միջոցների ծախսման ոլորտներում առկա խնդիրների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնել, որպեսզի տրամադրված միջոցներն արդյունավետորեն ծախսվեն, որպեսզի համապատասխանաբար՝ դեղերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովվեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, վկայակոչելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայտնի խորհրդակցության ժամանակ տված հանձնարարականները, ներկայացրեց դրանց կատարման ընթացքը:

Այսպես. առողջապահության ոլորտում համալիր պետական վերահսկողություն իրականացնելու համար նախարարությունը կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ՝ գործող պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը առողջապահական տեսչություն վերանվանելու առաջարկով: Պարոն Քրմոյանի մեկնաբանմամբ՝ դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվի. «Նախ՝ առողջապահական ոլորտում կլինի մեկ մարմին: Կարեւորագույն խնդիր ենք լուծում, որ մշտապես կհսկվի դեղերի շուկան, ինչը մինչ այս էպիզոդիկ ձեւով էր իրականացվում, այսինքն՝ կլինի մարդկանց մի խումբ, որը մշտապես հանրապետությունում կհսկի դեղերի որակը, անվտանգությունը եւ արդյունավետությունը: Տնտեսվարողները կիմանան, որ ցանկացած պահի կարող են վերահսկողության առարկա դառնալ եւ կխուսափեն ոչ բարեխիղճ վարքագծից»:

Աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝ տեսչական մարմին ունենալու դեպքում բուժօգնության որակից դժգոհող քաղաքացիների ահազանգերին էլ արհեստավարժ մոտեցում կցուցաբերեն եւ պատշաճ վերահսկողություն կիրականացնեն. «Դա չի նշանակում, որ որեւէ ձեւով մենք շատացնելու ենք վերահսկողությունը եւ գլոբալ խնդիրներ ենք առաջացնելու տնտեսվարողների համար, ուղղակի ոչ բարեխիղճների դեպքում մենք կունենանք գործիք, որով կներազդենք»:

Ս. Քրմոյանը վստահեցրեց, որ տեսչական բարեփոխումների շրջանակներում վերահսկողությունը քաղաքակիրթ իրականացնելու համար ստուգաթերթեր են մշակելու. «Որպեսզի ոչ թե ստուգողը մտնի տնտեսվարող սուբյեկտ եւ ինչ ուզենա՝ ստուգի, այլ յուրաքանչյուր դեղատան համար կլինի ստուգաթերթ, որտեղ բոլոր հարցերն արծարծված կլինեն, եւ տեսուչը կաշկանդված կլինի այդ ստուգաթերթով: Դրանով մենք պաշտպանում ենք տնտեսվարողին եւ ստուգաթերթով երաշխավորում ենք, որ մեր տեսուչը ամբողջությամբ կստուգի այն, ինչ որ կստուգի, ոչ թե կստուգի մասնակի»:

Նշենք, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ՀՀ նախագահի տված հանձնարարականներից մեկն էլ դեղերի գնումների ոլորտի կարգավորումն էր:

«Մենք առաջին հերթին ներդրել ենք դեղերի մշտադիտարկման ինստիտուտ: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն այժմ իրականացնում է դեղերի գների ամենամսյա մշտադիտարկում: Իրենք բազա են ստեղծելու եւ ամեն ամիս դեղերի գների մասին տեղեկատվությունը մուտքագրելու են այնտեղ:

Սրա նպատակն այն է, որպեսզի դեղերը գնելու համար նախահաշիվ կազմելիս տեսնենք, թե այս կամ այն դեղը մեկ ամիս առաջ շուկայականով ինչ գին է ունեցել, ու կհասկանանք, թե շուկայական ցածր գնո՞վ ենք ձեռք բերում, թե՞ ինչ-որ արհեստականորեն բարձրացված»,- պարզաբանեց Ս. Քրմոյանը: Նրա խոսքերով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ տեղեկատվության փոխանակում են իրականացնելու եւ խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկելու:

Նախագահը նաեւ հանձնարարել էր գտնել մեխանիզմներ, որով դեղերն ավելի էժան եւ մատչելի կարելի է ներկրել, այսինքն՝ ավելի քիչ միջոցներով ավելի շատ դեղեր գնել: Այս առնչությամբ պարոն Քրմոյանն ասաց, որ նամակով դիմել են բոլոր արտադրող խոշոր ընկերություններին՝ առաջարկելով պետական գնումների մրցույթներին անմիջականորեն մասնակցել. «Եթե արտադրողը խոշոր պետության հետ է աշխատում, դեղերն ավելի մատչելի կվաճառի»: Նախարարության պատասխանատուն մի տարբերակ էլ նշեց՝ դեղերի գնումների ժամանակ խնայողություն անելու: Նրա խոսքով՝ ըստ պիտանելիության ժամկետի, դեղի գինը կարող է նվազել. «Դեղի տեխնիկական բնութագրում մենք մինիմալ պահանջներ պետք է դնենք, եթե դեղը սպառելու ենք մեկ տարում, անիմաստ է երեք տարի ժամկետով դեղ ձեռք բերել: Եվ այդպիսի մի շարք հարցեր կան, որոնք հաշվի առնելով՝ պետք է գնումները ճիշտ կատարել, որպեսզի մրցակցությունը լինի ճիշտ ձեւով»: Ըստ Ս. Քրմոյանի՝ այսօր կարեւոր խնդիր է նաեւ դեղ ստացող արտոնյալ խմբերի ցանկը վերանայելու հարցը. «Դեղ ստացողների մեջ առաջնահերթությունը պետք է տրվի սոցիալապես անապահով խավերին: Երկիրը առաջին հերթին պետք է հոգա իր անապահով քաղաքացու հարցը»:

Դեղերի մասին նոր օրենքի նախագիծն էլ, պարոն Քրմոյանի խոսքերով, կբացառի պետական գնումներով դեղերի գնման չարաշահումները, կկանոնակարգի դեղերի շուկան եւ կպարզեցնի դեղերի գրանցման եւ ներկրման մեխանիզմները, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, ծախսն ու կխնայեն տնտեսվարողի ժամանակը. «Նախագահի հանձնարարականից հետո անցել ենք հայտերի ընդունման էլեկտրոնային տարբերակին: Դեղ ներկրողն այլեւս ստիպված չի լինի մաքսայինում նախնական ձեւակերպում կատարելուց հետո գնալ նախարարություն՝ հայտը մուտքագրելու, ապա գնալ փորձագիտական կենտրոն՝ հայտն այնտեղ մուտքագրելու: Այսուհետ մարդը կարող է ընդհանրապես չգնալ նախարարություն, մաքսային ձեւակերպումը սկսելիս հայտն ավտոմատ գնում է նախարարություն, ինքը միայն պետք է ներկա գտնվի մաքսայինում նմուշառումը կատարելիս, բայց եթե չի ուզում, կարող է նմուշառմանն էլ ներկա չգտնվել»:

Ինչ վերաբերում է դեղերի ներմուծման ժամկետները նվազեցնելուն, պարոն Քրմոյանն ասաց, որ գրանցման 180 օր ժամկետը զգալի կրճատվել է, բացի այդ՝ դեղը 5 տարին մեկ գրանցելու կարգը նույնպես փոխվել է. «Շատ տնտեսվարողներ չէին ուզում ժամկետը երկարացնել, քանի որ շուկան փոքր էր, եւ լրացուցիչ գումարներ պետք է վճարեին դրա համար: Այժմ մեխանիզմ է ներդրվել՝ եթե արտադրողը գալիս գրում է, որ արտադրության տեխնոլոգիաների մեջ որեւէ բան չի փոխվել, դիմում է գրում, պետտուրքերը վճարում է, 15 օրվա ընթացքում կրկին լիցենզավորվում է»:

Դեղերի շուկայի կանոնակարգման հիմնական նպատակներից մեկն էլ, ինչպես վստահեցրեց Ս. Քրմոյանը, արտադրողից մինչեւ սպառող դեղը որակյալ եւ անվտանգ հասցնելն է. «Մարդը դեղի համար վճարելով եւ այն դեղատնից ձեռք բերելով՝ պետք է վստահ լինի, որ այն հարյուր տոկոսով այդ դեղն է, որ արտադրությունից ներմուծվում է երկիր: Նախագահի հանձնարարականով դեղերի համար մասնագիտացված մաքսային պահեստ է կառուցվել: Այսինքն՝ մենք ուզում ենք այդ գործընթացով երաշխավորել, որ արտադրողից մինչեւ սպառող երաշխավորված է դեղի որակը եւ որեւէ փոփոխության չի ենթարկվում»:

Պարոն Քրմոյանի համոզմամբ՝ կարեւոր խնդիրներից է նաեւ օրենսդրական դաշտի պատշաճ կիրառումը. «Մենք խնդիր ունենք ժամկետանց չգրանցված, ոչ որակյալ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն եւ պատասխանատվություն կիրառելու: Ոչ բարեխիղճ տնտեսվարողները պատասխանատվություն չեն կրում կամ շատ քիչ են պատասխանատվություն կրում, օրինակ՝ եթե տնտեսվարողի մոտ հայտնաբերվել է 50 անվանում չգրանցված դեղ, նրան տուգանում են 150 հազար դրամ, 50 անվանման դեղի դեպքում դա շատ քիչ է: Առաջարկել ենք Վարչական իրավախախտումների օրենսգրքով փոփոխություններ մտցնել, որպեսզի յուրաքանչյուր չգրանցված անվանման դեղի համար սահմանեն 200 հազար դրամ տուգանք: Քրեական օրենսգրքում փոփոխություն ենք առաջարկում՝ եթե ժամկետանց դեղի կիրառումն առաջացնում է մարդու կյանքի, առողջության համար որեւէ բացասական հետեւանք, հետեւանքի բնույթից ելնելով՝ հնարավոր է իրավասու մարմինները քրեական պատասխանատվություն սահմանեն»:

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31