Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ծառուկյանն առաջադրվի, ՀՅԴ-ն կպաշտպանի՞

Դեկտեմբեր 07,2012 13:25

ՆԺԿ նախագահի կարծիքով՝ «միասնական պլատֆորմը» անհեռանկար է

Երեկ Դաշնակցությունը հասարակական քննարկում էր հրավիրել՝ «Միասնական օրակարգ. նախագահական ընտրություններ» թեմայով, որի ժամանակ առաջարկվեց դեռ մեկ ամիս առաջ ՀՅԴ-ի հրապարակած յոթ կետից բաղկացած ծրագիրն ընդունել իբրեւ միասնական պլատֆորմ՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Քննարկմանը ներկա էին ընդդիմադիր խորհրդարանական ուժերը՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նաեւ՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Համաժողովում, իրենց ելույթներում, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հավանության արժանացրին ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմը: Ելույթ չունեցավ միայն ԲՀԿ-ն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը: Նա իր դրական կարծիքը լրագրողների հետ զրույցում ասաց: Համաժողովի մանրամասները կարդացեք www.

aravot.am կայքում: Այսպիսով, քաղաքական կոնսուլտացիաները կարելի է համարել, որ արդյունք տվեցին: «Առավոտի» հարցին՝ քաղաքական կոնսուլտացիաներն ընդհանուր առմամբ դրական գնահատվեցին, բայց կա՞ն որոշակի հստակ պայմանավորվածություններ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այս պահին դժվար է ավելին ասել, որովհետեւ քննարկումները շարունակվում են: Ուժեր կան, որոնք ամբողջությամբ 7 կետերն էլ ընդունում են, ուժեր կան, որոնք վերապահումներ ունեն: Հիմա չենք ուզում այդ ուղղությամբ շատ ծավալվել, որպեսզի միասնականացման գործընթացին չխանգարենք: Ի վերջո, մենք չունենք մեր երկրում թշնամիներ: Մենք առաջարկում ենք համագործակցություն բոլորին եւ ամբողջական ըմբռնումով: Ձեւական չլինի: Այսինքն՝ երբ խոսում ենք 7 կետերի մասին, դրանցից յուրաքանչյուրը էություն ունի, բովանդակություն ունի, ծավալ ունի իր մեջ, եւ յուրաքանչյուր ուժ պետք է համոզումով կամ ընդունի, կամ չընդունի այդ կետը, վերապահում ունենան: Ուստի հաշվի առնելով, որ նշմարվում է համագործակցության հնարավորությունը, մենք չենք ուզում խաթարել այդ հնարավորությունը եւ ուզում ենք հավատալ, որ մի օր էլ երեւի իշխանություններն էլ կգան այս օրակարգի հարցերի շուրջ քննարկումների»:

ԲՀԿ առաջնորդը որ ընդունի, կպաշտպանե՞ք՝ «Առավոտի» հարցին Մինասյանն ասաց. «Ցանկացած անձ, ով կարողունակ է, ի վիճակի է եւ ընդունում է ծրագրային դրույթները եւ երաշխիքները հստակ են, քաղաքացիները, հասարակությունը կհամախմբվեն այդ գաղափարի շուրջ՝ իհարկե»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով միասնական, գաղափարական պլատֆորմին՝ նույնպես ողջունեց եւ կարեւորեց ՀՅԴ-ի ձեռնարկը: Բայց մի հարց հնչեցրեց. «Ընդհանրապես, հիմա Հայաստանում կա՞ ընտրություն գաղափարը, որ այն լինի գաղափարական կամ քաղաքական»: Խորհրդարանական ընտրություններից սկսված եւ շարունակվող հայաստանյան իրավիճակը ՆԺԿ նախագահը «պարադոքսալ» է որակում. «Բոլոր ուժերը, որոնք հիմա խորհրդարանում են, իմ տպավորությամբ՝ ծրագրավորված, պլանավորված են հայտնվել այնտեղ, որովհետեւ բավարարել են կուսակցական էլիտաների նպատակը: Դժվար հիշեք մի 2-3 կետ այդ ուժերի պլատֆորմներից, գաղափարներից, ծրագրերից, որոնք պիտի իրագործվեին: Լոզունգները միգուցե հիշենք՝ բարգավաճենք, հավատանք՝ փոխվենք, կազմաքանդենք, սարեր շարժենք, սոցիալական խնդիրները լուծենք… Լոզունգները հիշում ենք, պլատֆորմները՝ ոչ: Հայաստանում պլատֆորմները որեւէ մեկի ուշադրության կենտրոնում չեն, որովհետեւ հետագայում ոչ մի պլատֆորմ չի իրականացվում»: Որ ՀՅԴ-ի պլատֆորմը կարող է միասնական թեկնածուի մեջ արտացոլվել՝ ՆԺԿ նախագահը չի կասկածում, բայց խնդիր է տեսնում. «Որպես միասնական թեկնածու յուրաքանչյուրը պատկերացնում է իր կուսակցության նախագահին: Ու քանի որ ՀՅԴ-ն թեկնածու չունի, դեռ նման միտք չի արտահայտել, կարծում եմ, որ բոլորը գովերգում են ՀՅԴ-ի տեսակետները, որպեսզի վերջինս, որպես ուժ, կանգնի իրենց կողքին»: Արամ Կարապետյանը միասնական պլատֆորմի հետագա ընթացքը այսպես է պատկերացնում. «Կա պլատֆորմ, գաղափարական հենք, ծրագիր, եւ թեկնածուն էլ պիտի քաղաքական, քաղաքագիտական պատրաստվածություն ունենա: Ո՞վ է այդ մարդը: Եթե Գագիկ Ծառուկյանն է, ես այդ մարդու հետ չեմ շփվել, ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, բայց կյանքում ինչքան նկատել եմ՝ առօրեական, կյանքի հարցերին լուծում տալու խնդիր է: Ոչ մի քաղաքական, քաղաքագիտական, առաջընթացային ինչ-որ տեսակետներ մինչեւ այսօր չեմ լսել»: Ուստիեւ, նրա կարծիքով, գաղափարական, քաղաքական եւ քաղաքագիտական առումներով թեկնածուի անձի խնդիրը դառնում է օրհասական. «Եթե դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ մի հարց է, եթե նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ այլ հարց է: Նրանք միշտ ներկայացել են որպես քաղաքական գործիչներ՝ սխալ, թե ճիշտ: Բայց Ծառուկյանի պարագայում, բոլորին էլ պարզ է, որ ավելի շատ գործարար մարդու, սովետական ժամանակաշրջանի պատկերացումներով, ինչը միգուցե այդքան էլ վատ չէ, բայց գործարար մարդու տեսակ է: ԲՀԿ-ն երբեւէ չի եղել հզոր աշխարհաքաղաքական կամ ներքին քաղաքական, գաղափարական հենքի վրա նվիրված շարժում: Խնդիրն այն է, որ ներկայացվածի PR-ը եւ իրականացնողն իրար չեն համընկնում»:

Ինչ մնում է իշխանություններին, մեր զրուցակիցը նկատում է, որ այդ դաշտում էլ «պարադոքսալ եւ անհասկանալի» հայտարարություններ են հնչում: «ՀՀԿ-ն ասում է՝ մենք օրակարգ ենք թելադրում: Կարո՞ղ են դրա մի քանի կետերը ասել: Այսօր Հայաստանում բարոյահոգեբանականից մինչեւ տնտեսական համակարգեր քաոս է: Այսինքն՝ ՀՀԿ-ի քաղաքական օրակարգի թելադրանքը քաո՞սն է»,- ասում է մեր զրուցակիցը՝ վկայակոչելով եւ աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանի անհասկանալի տեղն ու դերը, եւ վարչապետ Սարգսյանի տնտեսական, իր կարծիքով, ոչինչ չասող հայտարարությունները, որոնք զարգացման նշույլ անգամ չեն տալիս եւ այլն: Արամ Կարապետյանը «պարադոքս» է որակում ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ մյուս թեկնածուները երկրորդ տեղի պայքար են տանելու. «Նախագահական ընտրություններում կամ հաղթում են, կամ պարտվում: Սա խորհրդարանական ընտրություն չէ, որ 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղեր լինեն: Կամ՝ չորս տարվա կառավարումից հետո նախագահն ու վարչապետը վեր են կենում եւ ասում՝ էս ի՞նչ է կատարվում երկրում: Ձեռքները խփում են սեղանին՝ Տիկո, Դերո, Գագո… ու դրանով ամեն ինչ վերջանում է: Իսկ ՀՀԿ-ի քաղաքական թելադրանքի օրակարգի մեջ մտնո՞ւմ է, որ եթե վաղը ԲՀԿ-ն էլի կոալիցիայի անդամ դառնա, նրանց նկատմամբ բոլոր նկրտումները, այդ թվում նաեւ՝ քրեական, փակվելու են»: Ի մի բերելով՝ մեր զրուցակիցը ցավով արձանագրում է, որ Հայաստանում ինչ հենք էլ ուզում է դնեն, առայժմ դեր են կատարում քավոր-սանիկական եւ այդ հիմքով կլանային հարաբերությունները, ինչպես նաեւ հարուստների եւ աղքատների խիստ անջրպետը. «Հարուստները չեն ցանկանում այլոց հետ շփվել, լսել, հասկանալ նրանց: Հայաստանում որոշումները քյոխվայական սկզբունքի վրա են: Ի՞նչ գաղափարական պայքար: Մարդը կարող է պլակատով դառնալ խորհրդարանի անդամ. էլ ինչի՞ են նեղանում, որ ասում են՝ Կալիգուլան իր ձիուն էր բերել»:

ՆԺԿ նախագահին խնդրեցինք կարծիք հայտնել նաեւ ԲՀԿ առաջնորդի բրյուսելյան շրջագայությունների եւ հանդիպումների մասին: «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»,- նման դիտարկում կա ԲՀԿ պաշտոնական հաղորդագրության մեջ: «Եթե դա այդպես է, եթե վաղը դրանից չեն հրաժարվելու՝ դրական եմ գնահատում այդ հայտարարությունը: Բայց մենք հաճախ ենք ականատեսը եղել, որ մամուլի քարտուղարները սխալվել են, դա Գագիկ Ծառուկյանի խոսքը չի եղել եւ այլն: Եթե այդպես է արտահայտվել՝ հարգանք կա նման կարծիքի վերաբերյալ, առաջին անգամն է նման կարծիք հնչում»: «Առավոտի» դիտարկմանը, որ Ծառուկյանը մեր իրականության մեջ ընկալվում է մարդ, ով համակարգի մաս էր դեռ ոչ վաղ անցյալում եւ այդ ամենի մասնակիցը, Կարապետյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ՝ այդպիսի մարդու կողմից նման կարծիքի հնչեցումը շատ ավելի կարեւոր է: Նա մարդ է, ով երեւի գործ ունեցել է այնպիսի մարդկանց հետ, որոնց մասին խոսում է: Ծառուկյանը Հայաստանի ամենամեծ բիզնեսմենն է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում բիզնեսները անպայմանորեն եւ մեծամասամբ կապվում են չինովնիկների եւ կոռուպցիոն ռիսկերի հետ, ուրեմն պիտի հասկանալ, որ Ծառուկյանն իմացած տեղից է այդ մասին խոսում: Ընդունենք, որ մարդը գիտի, թե ինչ է ասում: Ինքն այդ ամենի մեջ է եղել: Տեսնենք՝ ի՞նչ կպատասխանի Սերժ Սարգսյանը: Դա լուրջ մեղադրանք է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31