Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական «կուսակցությունները»

Դեկտեմբեր 07,2012 13:11

Ընկերներիցս մեկը (որն, ի դեպ, կուսակցական է) վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, եւ անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ լինելու, նույնն եմ զգում. զուտ գաղափարական առումով ՀՀՇ-ն ինձ ավելի մոտ է, քան, ասենք, Դաշնակցությունը կամ Հանրապետականը: Բայց ինձ դուր է գալիս Հովհաննես Իգիթյանի ՀՀՇ-ն, ինձ հարազատ է նրա առողջ, ոչ մոլեռանդ մտածելակերպը, ընդդիմախոսին լսելու ունակությունը, մտքերը ոչ ագրեսիվ եղանակով ձեւակերպելու շնորհքը: Բայց ինձ դուր չեն գալիս այն ՀՀՇ-ականները, որոնք տառապում են անսխալականության բարդույթով եւ ամեն թփի տակ դավաճաններ ու թշնամիներ են փնտրում:

Կամ՝ մենք սովորաբար որպես բացասական կերպարներ ներկայացնում ենք հանրապետականների՝ գեներալներ Մանվել-Սեյրանին, Նավոյին, Շմայսին, Թոխմախի Մհերին: Իսկ ինչո՞վ են նրանցից լավը ԲՀԿ-ականներ Ծաղիկ Ռուբոն, Յուվեցի Կարոն, Բելաջոյի Գրիշը: Նրանք բոլորն ինձ համար միեւնույն «կուսակցությունից» են, դավանում են միեւնույն արժեքները, ապրում են նույն ապրելակերպով, միեւնույն՝ 20 տարի առաջ հիմնավորված արատավոր համակարգի ծնունդ են: Բայց այսօր մրցակցող այս երկու կուսակցությունների մեջ կան, օրինակ, Դավիթ Հարությունյանն ու Վահե Հովհաննիսյանը, որոնց ես ընկալում եմ զոռբաների եւ տգետների «կուսակցությունից» դուրս: Այդպես եմ ես ընկալում նաեւ Վարդան Օսկանյանին, որը, սակայն, մեր քաղաքացիների մեջ այլ «բաժանարար գիծ» է տեսնում՝ նրանք, ովքեր ուզում են, որ ամեն ինչ մնա նույնը, եւ նրանք, ովքեր ցանկանում են, որ երկիրը զարգանա: Տեսականորեն պարոն Օսկանյանն իրավացի է, բայց նման ձեւակերպումը ճշգրտման կարիք ունի: Երբ ասում ենք՝ «փոխվի», պիտի պատասխանենք նաեւ՝ ում համար: Մեծամասնությունն, այո, ուզում է, որ ամեն ինչ փոխվի ի՛ր համար: Ով որ վատ է ապրում՝ լավ ապրի, ով պաշտոն չունի՝ ունենա, ով չի իշխում՝ սկսի իշխել: Բացարձակ փոքրամասնությունը անկեղծորեն (ոչ թե բառային մակարդակով) ցանկանում է, որ փոխվի համակարգը:

Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կյանքի եւ մտածողության ստանդարտները թելադրվեն ոչ թե քաղաքական վերնախավում այսօր իշխող Շմայսերի եւ Յուվեցիների, այլ, իմ տեսանկյունից, նորմալ արժեքներ դավանող մարդկանց կողմից: Թե երբ է դա տեղի ունենալու՝ չեմ կարող ասել: Ինչպես կասեր Թոխմախի Մհերը՝ ես «Վանգանը չեմ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31