Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ետեւում փողեր չկան»

Դեկտեմբեր 07,2012 13:18

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանում կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է, եւ դրանք այսօր ոչինչ չեն ներկայացնում իրենցից: Իսկ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը գտնում է, որ, այնուամենայնիվ, այսօր մեկ կամ մի քանի կուսակցություն է որոշում երկրի քաղաքական ուղեգիծը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու ակտիվիստների «Դեմ առ դեմ» զրույցից:

Եղիա Ներսիսյան- Երբ ժողովուրդը կամ մի խումբ քաղաքացիներ պահանջ են առաջադրում եւ հետամուտ են իրենց պահանջին, նրանք հասնում են իրենց նպատակին: Կոնկրետ Խոսրովի արգելոցի հետ կապված՝ ակնհայտ էր, որ տնօրենի ընտրությունը շոու է: Մենք, որպես քաղաքացիական ակտիվիստներ, մեր ճնշումը գործադրեցինք, նաեւ միջազգային հիմնադրամները ճնշեցին, եւ հասանք նրան, որ այդ մարդը չանցավ: Բայց դա հաղթանակ չէ: Նոնոյի լինել-չլինելն ընդհանրապես էական չէ: Առավել էական է մինչեւ վերջ հետամուտ լինելը, եւ այն, որ WWF-ն ու CNF-ը (միջազգային բնապահպանական հիմնադրամները) ասացին, որ դրանից հետո իրենք կշարունակեն ֆինանսավորել արգելոցը, ինձ թվում է՝ շատ սխալ էր: Իրենք պետք է վերականգնեին ֆինանսավորումն այն ժամանակ, երբ արգելոցում լիներ արժանի մարդ: Միգուցե հիմա երկրորդ Նոնո լինի, ի վերջո՝ նոնոները շատ են, չէ՞, Հայաստանում: Այսինքն՝ իրենք կարող են հիմա մի երկրորդ մարդ բերել, եւ ին՞չ. այդ հիմնադրամները պիտի նորի՞ց հանդես գան ֆինանսավորումը դադարեցնելու մասին հայտարարություններով: Հետեւաբար, պետք էր մինչեւ վերջ հետամուտ լինել նպատակին, հասնել հաղթանակին, ապա նոր այդ քայլն անել:

«Առավոտ»- Դուք նշել էիք, որ ունեք նաեւ սեփական թեկնածուներ: Նոր մրցույթում պատրաստվո՞ւմ եք առաջադրել ձեր թեկնածուին:

Լեւոն Գալստյան- Թեկնածու առաջադրելը գործի ընդամենը տասը տոկոսը կլինի: Որովհետեւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ թեկնածուն գնաց Խոսրովի անտառ եւ դարձավ ՊՈԱԿ-ի տնօրեն, այս համակարգի դեպքում ինքը, ինչքան էլ լավ մասնագետ լինի, լուրջ արգելքների ու խոչընդոտների առջեւ է կանգնելու: Դրա համար պետք է ունենանք այն հանրային եւ մնացած ազդակները, որպեսզի այդ մարդը կարողանա տիրապետել իրավիճակին եւ իրագործել իր ծրագրերը: Դրա համար էլ շատ մարդիկ ունենալով ցանկություն եւ կարողություն՝ չէին դրել իրենց թեկնածությունը նախորդ մրցույթում:

Ե. Ն.- Ուզում եմ լրացնել, որ շատ փորձառու մասնագետներ, որոնց դիմեցինք, մեզ ասացին, որ իրենք չեն կարող ճակատ առ ճակատ գնալ օլիգարխների հետ, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այդ պաշտոնում իրենք ստիպված են լինելու դուրս գալ ընդդեմ որսագողերի եւ նրանց հզոր մեջքերի: Բայց մենք հիմա ունենք երկու թեկնածու, որոնց անունները հիմա նշելը ոչ մի բան չի տա: Եվ մենք խոստացել ենք որպես ակտիվիստներ, որպես հասարակություն՝ լինել նրանց մեջքին: Մենք հաստատ հետամուտ ենք լինելու, որ թափանցիկ մրցույթով ընտրվի արժանի մարդ:

«Առավոտ»- Հաշվի առնելով վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիական- բնապահպանական ակտիվիստների ձեռքբերումները՝ սկսած Թռչկանի ջրվեժից, ավարտած Խաչաղբյուր 2 ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը չեղյալ հայտարարելով, կարելի՞ է ասել, որ, այնուամենայնիվ, իշխանությունների մտածողության մեջ էլ է ինչ-որ բան փոխվել:

Լ. Գ.- Երեւի փոխվել է իրականում, բայց դա տեղի է ունեցել մեր քայլերի արդյունքում: Այդ փոփոխություններին իշխանությունները գնացել են ոչ թե իրենց կամքով, այլ երեւի ինչ-որ տեղ ստիպված: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ շատ հաճախ ավելի մեծ կորուստներ չունենալու համար նրանք ստիպված զիջել են ավելի փոքր հարցերում: Բայց անգամ այդ զիջումները ակտիվիստների պայքարի շնորհիվ են եղել:

«Առավոտ»- Դուք վերջերս Մոսկվայում հայտարարել էիք, որ ձեր ուժը նրանում է, որ ձեր ետեւում փողեր չկան: Իրո՞ք չկան:

Ե. Ն.- Այո, ցանկացած հարց իրենք կարող են անվանել գրանտակերություն եւ այլն: Երբ որ փաստերով չեն խոսում, ինչ ասես՝ կարող են ասել: Բայց մեր ետեւում մի բան կա, որը իշխանությունների համար անտեսանելի է. դա կամքն է, դա սերն է մեր երկրի, բնության հանդեպ: Իրենց օրակարգում չկա նման բան, թե ո՞նց մարդ առանց փողի կարող է ինչ-որ բան անել: Այո, կարող է անել, եւ դա մշակույթ է, որը մենք փորձում ենք հասարակությանը հասցնել. որ պետք չէ ամեն ինչի դիմաց դու վարձատրվես: Ի վերջո, եթե դու հանուն քո երկրի սիրո ես մի բան անում, դա ամենամեծ ուժն է:

«Առավոտ»- Չե՞ք մտածել Ձեր գործունեությունը քաղաքական դաշտ տեղափոխելու, օրինակ՝ նոր կուսակցություն բացելու կամ որեւէ կուսակցության հետ համագործակցության միջոցով ձեր պայքարում նաեւ քաղաքական լծակները օգտագործելու մասին:

Ե. Ն.- Կուսակցություններ հասկացողության ժամանակաշրջանը, առավել եւս՝ Հայաստանում, մահացել է: Այսօր կուսակցություններն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, այսօր քաղաքացիական շարժումը շատ ավելի լուրջ ուժ է, մանավանդ, եթե համախմբվի: Այսօր քաղաքացիական ակտիվիստները ավելի շատ են թեժ հարցեր մտցնում օրակարգ եւ լուծում, քան ցանկացած կուսակցություն: Թող ինձ գոնե մեկ կուսակցություն ցույց տան, որը իր պատմության ընթացքում լուծել է այնպիսի հարց, ինչպես օրինակ՝ Թռչկանն էր կամ Մաշտոցի պուրակը:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու ակտիվիստների «Դեմ առ դեմ» զրույցն ամբողջությամբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31