«Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում ականատես կլինենք մրցակցային որոշակի բարձր նշաձողի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը` հիշեցնելով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնցով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բավականին բարձր է: «Նա բարձր վարկանիշ ունի, սա գաղտնիք չէ ոչ մեկիս համար»,- հավելեց պարոն Դավթյանը:
Պարոն Դավթյանն ընդդիմադիր ուժերի հանդիպումներն ու նախաձեռնած տարբեր կոնսուլտացիաները պայմանավորեց նրանց շանսերի գնահատմամբ. «Գիտակցում են, որ հազիվ թե առանձին լուրջ մրցակից լինեն առաջիկա նախագահական ընտրություններում: Ձգտում են հնարավորինս աջակիցների լայն թիվ ապահովեն, ինչը իրենց շանսերը մրցակցության առումով կավելացնի»:
Բրյուսելյան հանդիպումից ԲՀԿ-ի հաղորդագրությանն ու դրա հետ կապված ՀՀԿ-ԲՀԿ «փոխհրաձգությունն» էլ պարոն Դավթյանը մեկնաբանեց որպես ժամանակ առ ժամանակ այս կամ այն քաղաքական հայտարարությունից հետո փոխադարձ հակադարձումներ:
ԲՀԿ առաջնորդի առաջադրվել-չառաջադրվելու կամ այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուին սատարելու հավանականությունն էլ իրատեսական է համարում. «ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած սցենարով մասնակցել ընտրություններին, կարեւորը ընտրություններն անցնեն արդարության ամենաբարձր նշաձողի պահանջներով եւ իրական մրցակցության պայմաններն առկա լինեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ