Այսօր առավոտյան՝ ժամը 9.30-ի սահմաններում,«Հակահարված» արտ-խմբի 3 անդամներ՝ Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, հերթական ակցիան անցկացնելու ժամանակ բերման են ենթարկվել Ոստիկանութան բաժնի Մարաշի բաժանմունք:
Խմբի ակտիվիստներն առավոտյան Երևանի պետական համալսարանի մոտ գետնանցումում «Մի ենթարկվիր ռեժիմին» գրությամբ պաստառ են փակցրել, որի վրա պատկերված է բարձրախոսով երիտասարդ: Նույն գրությամբ և պատկերով պաստառ իրենք փակցրել են նաև Ժողինստիտուտի գետնանցումում, սակայն այստեղ իրենց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ և հորդորել չաղտոտել քաղաքը, որից հետո երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության բաժին:
Այս պահին ակտիվիստները շարունակում են գտնվել Մարաշի բաժանմունքում: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, հարցին, թե ինչու են տղաները բերման ենթարկվել, բաժնի հերթապահը պատասխանել է, որ երիտասարդները բերման չեն ենթարկվել, այլ հրավիրվել են բաժին և որ վարչական տույժի ենթարկվելուց հետո իրենց ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:
Իսկ նոյեմբերի 22-ին «Հակահարվածի» անդամները մտել էին ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և բարձրախոսով կոչ էին արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները:
Հիշեցնենք, որ Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: