Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագիրքը Հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղված է

Դեկտեմբեր 07,2012 11:55

«Հայոց պատմության» բուհական դասագրքի շուրջ վերջերս բարձրացած աղմուկ-աղաղակը, բեկվելով երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների ոսպնյակի մեջ, աստիճանաբար սկսել է շեղվել իր բուն նպատակից՝ հապշտապ դասագիրք դարձած հատորի մասնագիտական գնահատականից։

Մինչդեռ հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղվող նշված հատորը, որը 2012-ին հրատարակության է ներկայացրել Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը եւ կրթության ու գիտության նախարարի 2011թ. 1307-Ա/Ք հրամանով հաստատվել է իբրեւ դասագիրք բուհերի համար, հենց նման քննարկման կարիք ունի։
Պատմության դասագիրքը պարտավոր է պահպանել բուհական ծրագրով նախատեսվող նյութի ներկայացման համամասնությունները, սեղմ ու ճշգրիտ գնահատականներով մատուցել փաստերը եւ ամենակարեւորը՝ անցյալը ներկայացնել այնպես, «ինչպես եղել է իրականում»։

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ դասագիրքը միմյանց հակասող հայացքների, պատկերացումների ու նախասիրությունների տեր հեղինակների նախկին աշխատություններից կտրտված, տարբեր խտության նյութերի մի ժողովածու է։
Այնտեղ կարելի է հանդիպել միանգամից մի քանի գիտական հայեցակարգեր ու միմյանց հակադիր՝ խորհրդային-ամբողջատիրական, արեւմտյան-լիբերալ ու ազգային-հայրենասիրական պատկերացումներ, դրանց վրա հիմնվող գաղափարախոսական էքսկուրսներ եւ այլ փորձարարություններ, որոնք կարող են էլ ավելի մեծացնել երիտասարդ սերնդի մտքի խառնաշփոթը։
Այսպես՝ խորհրդային, մասամբ նաեւ հետխորհրդային շրջանը գրված է ԽՄԿԿ պատմության տեսական ու մեթոդաբանական սկզբունքների անմիջական ազդեցությամբ։ Այստեղ չի հաղթահարվել անգամ մեր օրերի համար տարօրինակ՝ «խորհրդային ժողովուրդ» արտահայտությունը (էջ 674), չխոսելով արդեն արդի ռուս պատմագրության կողմից դատափետված՝ «Հոկտեմբերյան հեղափոխություն» եզրույթի մասին (գլ.11, 2), բնորոշում, որն, ինչպես հայտնի է, խորհրդային վարչակարգի ամրապնդումից հետո է տրվել Հոկտեմբերյան հեղաշրջմանը։

Հապշտապ դասագրքի վերածված այս հատորում հիմնավորապես խախտված են հայոց պատմության բուհական ծրագրի համամասնությունները։ Այսպես. հայոց պատմության հին ու միջնադարյան շրջանին հատկացվել է 856 էջ ընդհանուր ծավալի չնչին մասը (մոտ 114 էջ), իսկ չորրորդ բաժնի ժամանակագրական շարադրանքից զատված «Հայկական մշակույթը (հնագույն ժամանակներից մինչեւ 17-րդ դարի կեսերը)» գլուխը չգիտես ինչու ներառում է անգամ «Նախնադարյան Հայաստանի մշակույթը» ենթագլուխը, երբ դասագրքում բացակայում է… նախնադարյան Հայաստանի պատմության շարադրանքը։
Ստացվում է, որ Բագրատունիների թագավորության ողջ պատմությանը ավելի փոքր տեղ է հատկացվել (8 էջ), քան Հայաստանի որեւէ գավառում, օրինակ, Զանգեզուրում, 1918-1920թթ. տեղի ունեցած իրադարձություններին, կամ խորհրդային «արդյունաբերական հսկաների» ու «կոլխոզների» ստեղծմանը։

Համամասնությունների է՛լ ավելի աղաղակող խախտում է հայոց պատմության կարեւորագույն ժամանակաշրջաններից մեկի՝ 19-րդ դարի պատմության ուղիղ կեսի բացակայությունը։
Երկրորդ բաժնի չորրորդ գլուխն ավարտվում է 1829 թվականով՝ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով եւ արեւմտահայերի ներգաղթով, որից հետո հինգերորդ գլուխը վերնագրված է «1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը եւ հայկական հարցը»։ Այսինքն՝ հայոց Զարթոնքի ողջ ժամանակաշրջանը՝ մոտ 40-50 տարի, Խ.Աբովյանի, Ստ.Նազարյանցի, Մ.Նալբանդյանի, Մ.Խրիմյանի, Րաֆֆու, Գր.Արծրունու գաղափարական ոգորումների, Արեւմտահայոց Ազգային սահմանադրության, Ղրիմի պատերազմի տարիներին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ողջ պատմությունը ուղղակի գոյություն չունի։
Նման պայմաններում անհայտ է մնում, թե այդ դեպքում որտեղի՞ց ծնունդ առավ հայ ազատամարտը, ձեւավորվեցին ազգային կուսակցությունները, հիմնվեց Առաջին Հանրապետությունը։

Դասագրքի համար կարեւորագույն թեմաներից մեկը՝ Մայիսյան հերոսամարտերի պատմությունը, ըստ էության չի ներկայացվել, բացի Սարդարապատի ճակատամարտի կիսատ-պռատ շարադրանքից, իսկ ընդամենը մեկ պարբերության մեջ խցկված նոր ժամանակների Ավարայրի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմության շարադրանքի ընդամենը 12 տողի մեջ 3 կոպիտ փաստական սխալ է տեղ գտել. աղավաղված են ճակատամարտի վայրը, Ղարաքիլիսայի անկման օրը եւ Ն.Ղորղանյանի գլխավորած ուժերի նահանջի երթուղին (էջ 517)։

Դասագիրքը ըստ էության չի խմբագրված, նույնիսկ սրբագրված, որի հետեւանքով նրա տարբեր էջերում երբեմն նույն քաղաքական գործչին տարբեր անուն-ազգանուն է բաժին ընկել։ Այսպես. ճանաչված հայդուկապետ Քեռին էջ 458-ում Արշակ Գաֆաֆյան է, եւ միայն էջ 465-ում է վերագտել իր Գավաֆյան ազգանունը։
Նույն մետամորֆոզը տեղի է ունեցել մեկ այլ խմբապետի՝ Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) պարագայում, որը Խանասորի արշավանքի եւ հայ-թաթարական կռիվների ժամանակ Վարդան է (էջ 421, 458), կամավորական շարժման շրջանում՝ Վարդան Մեհրաբյան (էջ 465), այսինքն՝ նրա կուսակցական կեղծանունը աճեցնելով՝ վերածել են գոյություն չունեցող անվան։

Բայց երբեմն տեղի են ունեցել նաեւ հակառակ բնույթի մետամորֆոզներ եւ աղավաղումներ՝ Դաշնակցական Խեչոյի, Մարգար վարժապետի եւ բազմաթիվ այլ գործիչների անուն-ազգանունների հետ։ Սա հատորի տարբեր հեղինակների ներկայացրած նյութերը մեկ կաթսայի մեջ տեղավորելու՝ խմբագրական ու սրբագրական աշխատանքների փաստացի բացակայության հետեւանք է։
Հարց է առաջանում. բայց ի՞նչ մեղք ունեն մեր ուսանողները, որոնք պետք է սովորեն նման սխալներով շարադրված դասագրքով։
Եվ որքա՞ն ժամանակ են մեր հարգարժան դասախոսները իրենց վաղուց հնացած ու սխալներով լի կոնսպեկտները հրատարակելով՝ խառնաշփոթ ստեղծելու նոր սերնդի ուղեղներում։
Այս համատեքստում հարց է առաջանում. երբ Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի կողմից հրատարակության ներկայացված եւ կրթության ու գիտության նախարարի հրամանով հաստատված նման դասագիրքը մեր ուսանողության հիշողության ողջ համակարգում մի նոր խառնաշփոթ ստեղծող «պիտանի եւ անպիտան գիտելյաց շտեմարան» է, կարելի՞ է զարմանալ, որ նրա մեջ են ներառվել նաեւ ընդհանրապես պատմական գիտությանը չվերաբերող վերջին տարիների իրադարձությունների, մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դեպքերի հակասական մեկնաբանություններ։
Քանզի ավելի քան ակնհայտ է, որ պարզապես դրսեւորվել է պատմության՝ որպես իր ավարտին հասած գործընթացի ու քաղաքականության եւ այն ուսումնասիրող քաղաքագիտության տարբերությունների մասնագիտական ընկալման անկարողությունը՝ ուրիշ ոչինչ։
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31