Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Պետությունը երբևէ ղեկավարած բոլոր նախագահների գործոններն էլ մնում են չսպառված»

Դեկտեմբեր 07,2012 11:37

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:

 

– Հետընտրական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում։

– Ես Վանգան չեմ, որ կանխատեսեմ, ես ընդամենը իմ ցանկությունը կարող եմ հայտնել՝ հանդարտ, նորմալ, առանց արյունահեղության, առանց բռնության, առանց առճակատման, առանց «իրար միս ուտելու»։

– Տրակտորախա՞ռը։

– Ենթադրում եմ, թե ինչ եք ակնարկում, բայց երեկ կարդացի, որ տվել են նկարվելու համար և հիմա հետ են վերցնում… Համոզված եմ, ընտրողն իր ընտրությունը կկատարի խղճի մտոք, կարծում եմ, ճիշտ ընտրություն կլինի, որովհետև նորից փորձությունների գնալու իրավունք չունենք, և մեզ այսօր, առավել քան երբևէ, հարկավոր է սառնասիրտ, հավասարակշիռ և կշռադատված ընտրություն։

– Ձեր կարծիքով՝ հաղթանա՞կ է ՀԱԿի համար, որ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծվելիք նոր հանձնաժողովի հարցը անորոշ ժամանակով հետաձգվում է:

– Իրենք կարող են ավելի ճիշտ գնահատական տալ իրենց հաղթանակներին, ընդհանրապես՝ հաղթանակն ու պարտությունը հոգեբանական շատ բարդ վիճակներ են ենթադրում, և շատերի համար դժվար է տանել այդ բեռը։ Այս դեպքում ՀԱԿ-ը ճիշտ կողմնորոշվեց, անսալով ՀՀԿ-ի ձայնին։ Կարծում եմ, այդ կառույցում գտնվող որոշ քաղաքական ուժերի փորձառությունը հուշեց, որ այդպես վարվելն է ճիշտ։ Եթե հարցը քննարկելու կարիք կա, իսկ ես կարծում եմ, որ կա, չպետք է քաղաքականացվի և նախագահական ընտրություններից հետո կարող է ավելի հանգիստ պայմաններում կրկին զբաղվել դրանով։

– Դուք երկրորդ նախագահի գործոնը մեծ քաղաքականության մեջ սպառվա՞ծ եք համարում։

– Մեծ քաղաքականության մեջ պետությունը երբևէ ղեկավարած բոլոր նախագահների գործոններն էլ մնում են չսպառված՝ և առաջին նախագահը, և երկրորդ նախագահը, և՛ այսօր գործող նախագահն իրենց անփոխարինելի տեղն ու դերն ունեն պետության կենսագրության մեջ, և բնական է, որ ուղղակի, թե անուղղակի նրանք ներգործում են քաղաքականության վրա։ Հատկապես այդ գործոններն ակտիվանում են համապետական ընտրությունների ժամանակ։ Տարօրինակ կլիներ, եթե այսպես չլիներ, որովհետև նրանք եղել են երկրի ստեղծման ու կայացման ակունքներում, ներքին ու արտաքին քաղաքականության պատասխանատուն, նրանք բոլորը միասին գիտեն ամեն ինչ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31